Մատչելիության հղումներ

Եվրախորհրդի գլխավոր քարտուղարը Անդրկովկասում ազատ ու արդար ընտրությունների կոչ է անում


«Ես նույնիսկ չեմ էլ կարող պատկերացնել, թե ինչպիսին կլինեն հետեւանքները նաեւ Եվրոպայի խորհրդում նրանց դիրքերի առումով, եթե Հարավային Կովկասի երկրներում 2003 թվականին կայանալիք ընտրությունները ազատ ու արդար ընթացք չունենան», - Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում չորեքշաբթի օրը հայտարարեց Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերը:

Շվիմերի խոսքերով, ընթացիկ տարվա ընթացքում Հայաստանում կայանալիք նախագահական, խորհրդարանական ընտրությունները, սահմանադրական հանրաքվեն, Ադրբեջանում տեղի ունենալիք նախագահական, իսկ Վրաստանում՝ խորհրդարանական ընտրությունները վճռական են դարձնում 2003-ը Հարավային Կովկասի համար:

Իսկ Եվրոպայի խորհուրդը, նրա փոխանցմամբ, հետեւելու է այդ գործընթացներին՝ համագործակցելով միջազգային այլ կազմակերպությունների հետ: Նա նաեւ հույս հայտնեց, որ հայաստանյան ընտրությունները ազատ ու արդար կանցնեն:

Իր ելույթում Շվիմերը կրկին շեշտեց Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման տարածաշրջանային նշանակությունը: Եվրախորհրդի գլխավոր քարտուղարը կրկին ասաց, որ տարածաշրջանային համագործակցությունը կարող է մեծապես նպաստել փոխընդունելի խաղաղ լուծում գտնելուն:

Հայկական կողմը միշտ պաշտպանել է այս գաղափարը: Ադրբեջանը, մինչդեռ, կտրականապես դեմ է որեւէ համագործակցության՝ մինչեւ հակամարտության կարգավորումը:


Արմեն Զաքարյան, Ստրասբուրգ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG