Մատչելիության հղումներ

Արամ Սարգսյան. «Ձեր ձայնը տվեք նրան, ում վստահում եք»


Նախագահի թեկնածու, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար անդամ Արամ Սարգսյանը Լոռու մարզում անցավ գրեթե նույն ճանապարհն, ինչ թեկնածու Ստեփան Դեմիրճյանը՝ Ստեփանավան, Վանաձոր, Ալավերդի ու մի քանի գյուղ:

Ընդդիմության թեկնածուներից գոնե այս երկուսի ընտրած մարտավարությունը հիմնականում ժողովրդին քարոզելն է, որ խղճի դեմ ընտրություն չկատարեն, տեր կանգնեն իրենց ձայներին, չկաշառվեն ու չհավատան իշխանությունների խոստումներին:

«Ես չեմ ասում՝ ձեր ձայնը տվեք ինձ: Ես ասում եմ՝ ձեր ձայնը տվեք նրան, ում վստահում եք», - Ստեփանավանում ասաց Արամ Սարգսյանը:

Ընտրողներն էլ ուզում են լսել թեկնածուների ծրագրերը, ուզում են, որ ընդդիմությունը վերջապես միավորվի ու հստակ ասի, թե ով է լինելու վերջապես միասնական թեկնածուն:

Այս կապակցությամբ «Ազատություն» ռադիոկայանի հարցին Արամ Սարգսյանը պատասխանեց. - «Ժողովուրդը հիմնականում երկու խնդիր է դնում՝ արդար ընտրություններ... եւ՝ որ թեկնածուն լինի միասնական: Ընդդիմության թեկնածուները, ըստ էության, իրենց ծրագրերով չեն ներկայացել եւ դրա ժամանակն էլ չեն ունեցել, որովհետեւ անընդհատ հարվածի տակ են եղել, անընդհատ օրհասական խնդիրներ են եղել՝ մամուլի հետ կապված, «27»-ի դատավարության հետ կապված»:

«Գիտեք, ես արդեն հոգնել եմ ասելով, որ միասնական թեկնածու լինելու է», - շարունակեց Արամ Սարգսյանը՝ կրկին խուսափելով նշել կոնկրետ անուն: - «Բոլորը միանալու են միասնական թեկնածուին. էդ պահանջը կա ժողովրդի մեջ»:

Վանաձորցի Սիլվա Եթիմյանը, մինչդեռ, «Ազատություն» ռադիոկայանին ասաց, թե Արամ Սարգսյանը «ծրագրի մասին չի խոսում»: «Ես եկել եմ լսեմ, որ կողմնորոշվեմ», - ասաց նա: - «Ես չեմ եկել լսեմ, թե ում ինչպես է վարկաբեկում»:

Իսկ Արամ Սարգսյանը ժողովրդին ասում էր, թե ծրագրեր ունեն, որոնցում կան կոնկրետ իր համար ե'ւ ընդունելի, ե'ւ անընդունելի դրույթներ, բայց եթե 16 կուսակցությունները որոշեն, թե ով է լինելու միասնական թեկնածուն, առաջարկած ծրագիրն էլ հավանաբար կդառնա նաեւ միասնականը:

Իսկ քանի դեռ ընդդիմադիր թեկնածուները չեն կողմնորոշվել, ընտրողներն էլ, բնականաբար, դժվարանում են կողմնորոշվել:

Լոռու մարզի ժողովուրդը հետեւում է քարոզարշավին՝ հանրային հեռուստատեսությամբ լսում թեկնածուներին ու նրանց վստահված անձանց: Ոմանց կարծիքով, Արտաշես Գեղամյանն է հանրապետության նախագահի լավագույն թեկնածուն, մյուսների կարծիքով՝ Ստեփան Դեմիրճյանը՝ «Նա հոր գործը կշարունակի»:

Արամ Սարգսյանի մասին էլ Գյուլագարակում ասում էին, թե «ախպոր խաթեր էլ ա, պետք ա ընտրենք»:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG