Մատչելիության հղումներ

logo-print

Երեք տասնյակ հասարակական կազմակերպություններ պաշտպանելու են գործող նախագահի թեկնածությունը


30-ից ավելի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հավաքը չորեքշաբթի օրը միաձայն որոշեց առաջիկա նախագահական ընտրություններում պաշտպանել գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը:

«Խորապես գիտակցելով այն, որ Հայրենիքի ճակատագրով մտահոգված քաղաքացին այսօր պարտավոր է աջակիցը լինել երկրի բնականոն զարգացման իսկական երաշխավորին, հասարակական կազմակերպությունների ներկայացուցչական ժողովի մասնակիցներս առաջիկա նախագահական ընտրություններում պաշտպանելու ենք Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը», - միաձայն որոշեցին կառավարության նիստերի դահլիճում երեք տասնյակից ավելի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:

Հայտարարությունը, ի թիվ այլոց, ստորագրել են Ազատամարտիկների եւ վետերանների միության նախագահ Միհրան Մովսիսյանը (պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյա Առաքել Մովսիսյանի եղբայրը), «Սասուն - Տարոն» միության նախագահ, տարածքային կառավարման փոխնախարար Կամո Արեյանը, «Նիգ - Ապարան» հայրենակցական միության նախագահ, «Տիգրան Մեծ» տպարանի տնօրեն Վրեժ Մարկոսյանը (միության պատվավոր նախագահը գլխավոր դատախազի տեղակալ Աղվան Հովսեփյանն է», «Արցախ» հայրենակցական միության նախագահ, պատգամավոր Համլետ Հարությունյանը (ի դեպ՝ Արտաշես Գեղամյանի ղեկավարած խորհրդարանական խմբակցության անդամ), «Կյորես» հայրենակցական միության նախագահ, պատգամավոր Սուրեն Խաչատրյանը, Աֆղանական պատերազմի մասնակիցների միության նախագահ, պատգամավոր Արմեն Մխիթարյանը: Նաեւ «Տավուշ», «Գարդմանք», «Ադանա», «Շիրակ», «Սուրմալու - Իգդիր», «Բոլնիս Խաչեն», «Շահումյան - Գետաշեն» հայրենակցական միությունների ղեկավարները, ինչպես նաեւ Կույրերի, Խուլ-համրերի, Պարավեստի գործիչների, Հայաստանի ազնվականների միությունները եւ այլն:

Թեկնածու Քոչարյանին աջակցող ելույթները կարելի է ընդհանրացնել «Կույր պետք է լինել, որպեսզի չնկատել» կամ «Ուրիշ էլ ո՞վ» բնաբանների ներքո:

Հայաստանում, անցած նոյեմբերի տվյալներով, 2800 հասարակական կազմակերպություն է գրանցված, որից գրեթե կեսը չի գործում: Մյուս ակտիվ կեսից մոտ երեք տասնյակը ամիսներ առաջ փորձեց ու չհաջողեց խթանել նախկին նախագահ Լեւոն Տեր֊-Պետրոսյանի առաջադրումը որպես նախագահի թեկնածու:

Գործող նախագահին աջակցող մոտ երեք տասնյակն էլ հանած, մի քանի հարյուր հասարակական կազմակերպություն դեռ կա, որ կարող են աջակցել ընդդիմադիր թեկնածուներին:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ո՞ր հասարակական կազմակերպություններն են աջակցում իրենց թեկնածուին, օրինակ, ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի նախընտրական շտաբից պատասխանեցին, թե պաշտոնապես կամ ցուցադրաբար հայտարարելու խնդիր չունեն: Ստեփան Դեմիրճյանի շտաբից ասացին՝ ամբողջ ժողովուրդը:


Ռուզաննա Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG