Մատչելիության հղումներ

Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարում է նոր քաղաքական ուժի ստեղծման մասին


Նախկին արտգործնախարար, Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը, ում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժեց գրանցել որպես նախագահի թեկնածու, երեքշաբթի օրը հայտարարեց քաղաքական նոր ուժի ստեղծման մասին:

Ստեղծվող կառույցը կրելու է «Ժառանգություն» անվանումը, իսկ թե կազմակերպական ինչպիսի դրսեւորում կունենա այն (կուսակցություն, միություն, միավորում), Հովհաննիսյանը խոստացավ հրապարել մեկ շաբաթից:

Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքերով, նման ուժի ձեւավորումը պայմանավորված է նրանով, որ Հայաստանի քաղաքներում եւ գյուղերում անմիջական հարցումներն ու հանդիպումները հավաստել են, որ ժողովուրդը սպասում է «քաղաքական նոր որակի ուժի»:

«Եվ այդ ուժը մենք ենք», - Հայաստանի գրողների միության լեփ-լեցուն դահլիճում հայտարարեց նա՝ ավելացնելով, թե ի զորու են ժողովրդին վերադարձնել վստահությունը, հավատը վաղվա օրվա նկատմամբ: - «Առաջնորդվելով այս հրամայականով, այսօր ես հայտարարում եմ այդ նոր ուժի սկիզբը, որը կրում է «Ժառանգություն» անվանումը»:

«Ժառանգություն»-ը մասնակցելու Հայաստանի քաղաքական բոլոր գործընթացներին», - շարունակեց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ - «նախագահական ընտրություններից սկսած, խորհրդարանականով շարունակած, առօրյա աշխատանքով հագեցած»:

Հովհաննիսյանը ասաց, նաեւ, թե ի հեճուկս կանխակալ մտայնության, թե իր՝ որպես թեկնածու չգրանցվելուց հետո իր ընտրազանգվածը կբաժանվի տարբեր թեկնածուների միջեւ, իր համախոհները այսօր ավելի քան համախմբված են՝ առավել կուռ եւ հոծ միասնություն դառնալու անմիջական հեռանկարով: Իսկ այսօր արդեն իրենց համակիրների թիվը անցնում է 50 հազարից, եւ, Հովհաննիսյանի համոզմամբ, կբազմապատկվի առաջիկայում՝ ընդգրկելով բնակչության բոլոր խավերի ներկայացուցիչներին:

Րաֆֆի Հովհաննիսյանը խուսափեց այսօր լրագրողներին ասել, թե նախագահական ընտրություններում ում է սատարելու «Ժառանգություն»-ը՝ խորհուրդ տալով մի փոքր համբերել:

«Մշտապես շոշափումների, շփումների մեջ եղել ենք նախագահական ամենատարբեր թեկնածուների հետ, նաեւ՝ քաղաքական այլ ուժերի հետ, որպեսզի կարողանանք դարբնել, մեր կարծիքով, Հայաստանի համար ամենաճիշտ այլընտրանքային լուծումը առաջիկա ամիսների եւ տարիների համար», - ասաց նա:

Ի պատասխան լրագրողներից մեկի հարցին, թե արդյո՞ք ինքը կշնորհավորի Ռոբերտ Քոչարյանին, եթե վերջինս վերընտրվի նախագահի պաշտոնում, Րաֆֆի Հովհաննիսյանը ասաց. - «Ես օրինավոր ցանկացած նախագահին կշնորհավորեմ՝ անկախ նախագահի ինքնությունից»:


Գայանե Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG