Մատչելիության հղումներ

Նշվեց ազգային բանակի ստեղծման տարեդարձը


Թեեւ առաջին անգամ է 11 տարի առաջ ստեղծված բանակի օրը երկրում հայտարարվել ոչ աշխատանքային օր, այն նշվեց բավական համեստ: Օրվա առաջին կեսին Եռաբլուր՝ Վազգեն Սարգսյանի շիրմին այցելության էին եղել նախագահի թեկնածուներ Արամ Սարգսյանը («Հանրապետություն») եւ Արամ Կարապետյանը: Կեսօրից հետո Եռաբլուր այցելեց Հայաստանի զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմը՝ պաշտպանության նախարարի գլխավորությամբ:

Եռաբլուրում նախագահ Քոչարյանի նախընտրական շտաբը գլխավորող եւ այդ կապակցությամբ եռամսյա արձակուրդում գտնվող պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը ազգային բանակի ստեղծման 11-րդ տարեդարձը բավական համեստ նշելը պայմանավորեց նախընտրական գործընթացներով:

«Որպեսզի չփորձեն այս հարցը չարչրկել, չփորձեն ասել, որ բանակը միջամտում է, բանակի ղեկավար կազմին կաշառում են եւ այլն, խնդրել եմ հանրապետության նախագահին, որպեսզի որեւէ պարգեւատրում չկատարի կապված բանակի 11-ամյակի հետ», - ասաց նա:

Նախարարը այնուհետեւ հույս հայտնեց, որ մյուս տարեդարձերը «կատարելու ենք շատ ճոխ»: Նախարարը հավաստիացրեց նաեւ, որ այսօր էլ Հայաստանի բանակը նույնքան մարտունակ է, ինչպես 11 տարի առաջ:

Նախագահ Քոչարյանն էլ, որ այսօր ընտրողների հետ հանդիպման էր մեկնել Արմավիր, այցելեց երկու զորամաս, ուր շնորհավորանքներից զատ ասաց. - «Բանակը այն կառույցը եղավ, որի շնորհիվ պահպանվեց եւ պաշտպանվեց մեր անկախությունը, Ղարաբաղը, մեր արժանապատվությունը եւ որը նաեւ մեր պետականության կառուցման հիմքերից մեկը եղավ»:

Իսկ արդեն Արմավիրի հրապարակում գործող նախագահը մարզին խոստացավ ոռոգման անխափան ջուր, բարձրորակ պարարտանյութեր, գյուղտեխնիկա, վերամշակող արդյունաբերություն, աշխատավարձ֊կենսաթոշակի բարձրացում ու ճանապարհների բարեկարգում: Ավելին՝ ասաց, թե երկու տարի հետո տարածաշրջանում ամենաբարեկարգ ճանապարհների երկիրը մերն է լինելու:

Ռոբերտ Քոչարյանը մի քանի օրով կընդհատի ընտրարշավը՝ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին մեկնելու կապակցությամբ:


Անուշ Դաշտենց, Երեւան եւ Ռուզաննա Խաչատրյան, Արմավիր

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG