Մատչելիության հղումներ

Եվրոպայի խորհրդի զեկույցը քննադատում է «Ա1+»-ի փակումը


Երեքշաբթի օրը Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը քննարկելու է կազմակերպությանն անդամակցող երկրներում խոսքի ազատությանը նվիրված զեկույցը, որում քննադատվում է Հայաստանի «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքը, ինչպես նաեւ «Ա1+» հեռուստաընկերության փակումը:

Խորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովներից մեկի կազմած զեկույցում «Ա1+»-ը որակվում է որպես Հայաստանում «ամենահայտնի» անկախ հեռուստաընկերությունը: Արձանագրվում է նաեւ, որ հեռուստաընկերությունը չի կարողանա լուսաբանել հաջորդ ամիս կայանալիք նախագահական ընտրությունները, քանի որ նոր հաճախությունների համար ծրագրված մրցույթը շարունակաբար հետաձգվում է:

Նախապես անցած նոյեմբերին կայանալիք մրցույթը վիճահարույց պատճառներով հետաձգվեց՝ «Ա1+»-ին զրկելով նախագահական քարոզարշավին մասնակցելու վերջին հնարավորությունից: Հեռուստառադիոյին ազգային հանձնաժողովը, «Նոյյան Տապան» հեռուստաընկերության նախաձեռնած դատական գործընթացներից հետո, մրցույթը նշանակել է հունվարի 31-ին:

Վաղը Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում քննարկվելիք զեկուցումը քննադատության է ենթարկում նաեւ 2001 թվականին ընդունված «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքը: Ըստ զեկույցի նախագծի հեղինակների, այն չափազանց մեծ լիազորություններ է տալիս նախագահի կողմից նշանակվող Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովին:


Արմեն Զաքարյան, Ստրասբուրգ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG