Մատչելիության հղումներ

Նախագահի թեկնածու Արամ Կարապետյանի նախընտրական շտաբը այսօր հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է. - «Խախտելով ընտրական օրենսգրքի 18 հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի պահանջները մի շարք բնակավայրերում (Աշտարակ, Մարալիկ եւ այլն) Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբերը տեղակայվել են տեղական ինքնակառավարման մարմինների շենքերում, իսկ պետական իշխանության շենքերի վրա փակցված են գործող նախագահի նախընտրական ցուցապաստառները, ինչն արգելվում է մյուս թեկնածուներին»:

Կարապետյանը Կոտայքում եւ Արագածոտնում այսօր ընտրողների հետ ունեցած հանդիպումերի ժամանակ խոստացավ սերտացնել կապերը Ռուսաստանի հետ եւ զարգացնել արդյունաբերությունը. - «Միայն սպասարկման ոլորտով, ռեստորանով, հյուրանոցով, ճանապարհով, երկիրը չի կառուցվի», - ասաց նա՝ հավատացնելով հավաքվածներին, թե ներկա իշխանությունները առանց փորձելու լուծել այս կամ այն խնդիրը, ասում են՝ անհնար է, մինչդեռ, թեկնածուի կարծիքով, եթե իսկապես ջանք թափեին, բոլոր հարցերն արդեն լուծված կլինեին:

Գյուղացիները, սակայն, չեն հավատում ոչ միայն այս թեկնածուին, այլեւ մնացած բոլոր թեկնածուներին: «Ով էլ լինի, նույնն է լինելու», - ասաց բյուրականցիներից մեկը:

«Հենց աշխատավարձս բարձրացնեն՝ կգամ-կընտրեմ գործող նախագահին», - ասաց մեկ ուրիշը: - «Թե չէ՝ չեմ գնա ընտրելու»:

«Ընտրակաշառքը ինձ չի հետաքրքրում», - ասաց Պռոշյան գյուղի մի բնակիչ: - «Ինձ հետաքրքրում են մաքուր ընտրությունները»:

Արամ Կարապետյանը բոլոր բնակավայրերում կրկնեց, որ 16-ի միավորման շրջանակներում 8-10 մարդ հետեւելու են ընտրություններին բոլոր տեղամասերում եւ թույլ չեն տալու «զոռբայություններ»:

Արդեն նշվել է, որ գործող նախագահի նախընտրական շտաբերի են վերածվել օրենքով արգելված կառույցները: Բյուրականում, օրինակ, գյուղապետարանը աշխատում է որպես Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբ, Մարալիկում՝ քաղաքապետարանը:


Շաքե Ավոյան, Կոտայք եւ Արագածոտն

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG