Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի զարգացման ծրագրի օժանդակությամբ անցկացվում է ընտրական հանձնաժողովների անդամների ուսուցում


Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ)՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ կազմակերպած ընտրատարածքային եւ տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների ուսուցման շրջանակներում երեկ Գյումրիում էին Զարգացման ծրագրի գրասենյակի համակարգող Աղասի Եսայանը եւ ԿԸՀ-ի փոխնախագահ Համլետ Աբրահամյանը:

Եսայանի խոսքերով, ուսուցման ծրագրով կընդգրկվեն հանրապետության ընտրատարածքային հանձնաժողովների բոլոր 504 անդամները եւ ավելի քան 17 հազար տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամները:

Ուսուցումը, որին ներկա էին Գյումրու 5 ընտրատարածքային հանձնաժողովներից 4-ի գրեթե բոլոր անդամները, կազմակերպված էր առաջադրանքների եւ հանձնարարությունների ձեւով, որոնք ճիշտ կատարելու համար անհրաժեշտ է գործող օրենքների լավ իմացություն:

«Քանի որ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները մշտապես գործող են, նրանք ավելի իրազեկ են ընտրական գործընթացներին», - ասաց ուսուցումն անցկացնող Սիլվա Մարկոսյանը:

Ընդդիմադիր կուսակցությունների մարզային կառույցների ներկայացուցիչները շատ են խոսում ընտրացուցակներում առկա կրկնությունների, դրանցում մահացած մարդկանց անունների, այլ թերությունների մասին: «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչը դրանք ոչ թե համակարգչային սխալներ, այլ դիտավորություն է համարում:

«Ամբողջ հանրապետությունում ընտրացուցակները միշտ եղել են խնդիրներից համար առաջինը», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց ԿԸՀ-ի փոխնախագահ Համլետ Աբրահամյանը՝ ավելացնելով, թե իշխանամետ եւ ընդդիմադիր ուժերը, ինչպես նաեւ բոլոր մակարդակների ընտրական հանձնաժողովները միասին պետք է աշխատեն ընտրացուցակները շտկելու ուղղությամբ: - «Ներկայացրեք [ընտրացուցակներում առկա սխալները]: Եթե քաղաքապետը որեւէ բան չի փոխի, այն ժամանակ արդեն քաղաքապետը պետք է պատասխան տա»:

Անդրադառնալով ընտրացուցակներում մահացած մարդկանց անունների առկայությանը, ԿԸՀ-ի փոխնախագահը ասաց. - «Ամենամեծ խախտումը կլինի, երբ այդ մարդու փոխարեն կամ հաշվառված մարդու փոխարեն, որը բացակա է, որեւէ մեկը քվեաթերթիկ ստանա եւ մասնակցի: Եթե նա մահացած է, կա անունը ցուցակում, եւ նրա փոխարեն ոչ ոք չի քվեարկել, այստեղ կարծում եմ, մեծ խնդիր չի առաջանում»:


Արտյոմ Չեռնամորյան, Գյումրի

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG