Մատչելիության հղումներ

Նոր միջադեպ Ստեփան Դեմիրճյանի ընտրարշավի ընթացքում


Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ, նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանի ընտրարշավը Էջմիածնում եւ շրջական գյուղերում այսօր արձանագրեց ես մեկ տհաճ միջադեպ՝ Թաիրով գյուղում ՀԺԿ նախագահի եւ իր կողմնակիցների ժամանելուց ընդամենը 10 րոպե առաջ ավտոմեքենաներով մի խումբ տղամարդիկ էին եկել, պոկել պատերին փակցված նախընտրական ցուցապաստառները՝ Դեմիրճյանի լուսանկարներով, ու զգուշացրել, որ մարդիկ դուրս չգան տներից:

Թաիրովցիների խոսքերով, եկվորները Ազգային ժողովի պատգամավոր Մուշեղ Մովսիսյանի եղբոր, պաշտպանության նախարարության վարչություններից մեկի ղեկավար Առաքել Մովսիսյանի աջակիցներն էին:

Գյուղի բնակիչներից որեւէ հստակ տեղեկություն ստանալը շատ դժվար էր: Մի երիտասարդ միայն ասաց. - «Եղել է, բայց չենք ասի՝ ով եւ ինչու: Հիմա էն դարը չի, որ կարողանաս ամեն ինչ ասել»: Հարցին, թե ինչ էին պահանջում, երիտասարդը պատասխանեց. - «Ասում էին՝ փողոց դուրս չգաք»:

Հունվարի 21-ին մեկնարկած քարոզարշավի ընթացքում առայժմ նման միջադեպեր տեղի են ունեցել նախագահի թեկնածու, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի հանդիպումների ժամանակ (երկու օր առաջ Ստեփանավանում ծրագրված հանդիպումից անմիջապես առաջ անհետացել էր բարձրախոսը):

Ստեփան Դեմիրճյանը միջադեպը մեկնաբանեց գրեթե նույնկերպ, ինչ Ստեփանավանինը. - «Սա ընդամենը վկայությունն է նրա, որ էս իշխանությունը հոգեվարքի մեջ է: Սա վերջին հաշվով՝ թուլության նշան է, եւ արդյունքի, միեւնույն է, նման քայլերով չեն հասնելու»:

Եվ որքան էլ Ստեփան Դեմիրճյանը եւ իր կողմնակիցները փորձում էին համոզել ժողովրդին չվախենալ, մարդիկ, այդուհանդերձ, կաշկանդված էին, եթե չասենք՝ վախեցած:

«էսօր դուք մեր կողքին եք... բայց դուք գնացին՝ մենք անտեր ենք», - ասում էին գյուղացիները:

Նույն պատկերը Փարաքար գյուղում էր: Ընդամենը 30-40 մարդ կար հավաքված: Այստեղ էլ Ստեփան Դեմիրճյանի գալուց առաջ Առաքել Մովսիսյանն ու իր ընկերները հասցրել էին զրուցել գյուղացիների հետ: Եվ այս անգամ չէին հեռացել ու հեռվից հետեւում էին, թե ինչ է կատարվում:

«Ինձ հետաքրքրում է, թե «մեր թեկնածուն» [Ստեփան Դեմիրճյանը] բանակում ծառայե՞լ է, թե՞ չէ: Եթե ընտրվեց՝ Գերագույն հրամանատար է լինելու. եթե չի ծառայել, ո՞նց կարող է... Գերագույն հրամանատար լինել», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Մովսիսյանի կողմնակիցներից Սեյրան Ծատուրյանը:

Ինքը՝ Առաքել Մովսիսյանը հերքեց, թե առնչություն ունի Թաիրովում կատարվածին: «Չենք իմանում ովքեր են, ինչ են», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց նա: - «Դա մեզ չի հետաքրքրում... Բոլորս էլ ընտրում ենք Քոչարյանին, եւ էսօր՝ ամբողջ էս ռայոնը»:

Նախագահ Քոչարյանը այսօր իր քարոզարշավի շրջանակներում հանդիպում ունեցավ Երեւանի Արաբկիր համայնքի ընտրողների հետ: Հարթակում Ռոբերտ Քոչարյանի կողքին էին ՀՌԱԿ ատենապետ Ռուբեն Միրզախանյանը, դաշնակցական Կիմ Բալայանը, պատգամավոր Արմեն Մխիթարյանը, արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, Կառավարման ակադեմիայի նախագահ Արմեն Հարությունյանը, արժեթղթերի հանձնաժողովի նախագահ Էդվարդ Մուրադյանը, քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը, Արաբկիրի թաղապետ Լեւոն Հարությունյանը, «Օրինաց Երկիր» կուսակցության փոխնախագահ Թամարա Պողոսյանը:

Բոլորը, բնականաբար, կոչ էին անում քվեարկել Ռոբերտ Քոչարյանի օգտին: Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի դեկան Բաբկեն Հարությունյանն, օրինակ, ասաց. - «Վստահ ենք, որ արցախյան հարցը՝ մի քիչ շուտ թե մի քիչ շուտ, անպայման պիտի ունենա որոշակի լուծում: Իսկ եթե ուզում եք ճիշտը իմանալ՝ այն լուծված է»:


Կարինե Քալանթարյան եւ Ռուզաննա Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG