Մատչելիության հղումներ

Էներգետիկայի նախարարությունը հերքում է «Հայցանց»-ի հայտարարությունը


Հայաստանի էներգետիկայի նախարարությունը այսօր պաշտոնապես հերքել է բաշխիչ ցանցերի նոր սեփականատիրոջ՝ «Հայկական էլեկտրացանցեր» ընկերության՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի միջոցով ուրբաթ օր տարածած հայտարարությունը, թե առաջիկա երեք օրերին հանրապետության ողջ տարածքում հովհարային անջատումներ են իրականացվելու:

Որոշման պատճառը, ըստ «Հայցանց»-ի, Հայաստան մտնող գազատարի պայթեցումն է, որի հետեւանքով ՋԷԿ-երը դադարեցրել են հոսանքի արտադրությունը եւ մատակարարումը: «Չի դադարեցվի միայն կենսապահովման օբյեկտների էներգասնուցումը», - ասված էր պաշտոնական հայտարարության մեջ։

Էներգետիկայի նախարարության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Լուսինե Հարությունյանի մատուցմամբ, սակայն, ներկայումս երկրի էներգահամակարգում հոսանքի դեֆիցիտ չկա. ԱԷԿի, ՋԷԿ-երի եւ ՀԷԿ-երի 1040 մեգավատտ գումարային հզորությունը, ինչպես նաեւ Իրանից ներմուծվող 200 մեգավատտ էլեկտրաէներգիան ամբողջությամբ բավարում են ներքին շուկայի պահանջարկը:

«Ինչ վերաբերում է այսօր տարածված՝ հովհարային անջատումների մասին սխալ տեղեկատվությանը, ապա նախարարությունը տեղեկացնում է, որ «դա ընդամենը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության «Հայէներգո» կարգավարական կենտրոնից ստացած հրահանգի սխալ մեկնաբանության արդյունք է»: Էներգետիկայի նախարարության տարածած պաշտոնական հայտարարությունը նաեւ վստահեցնում է, որ «հանրապետությունում որեւէ տեղ հովհարային անջատում չի իրականացվել եւ չի իրականացվի, որովհետեւ մեր հզորությունները բավականացնում են ներքին շուկայի պահանջարկը բավարարելու համար»:

Իհարկե, պահեստարանների գազի եւ մազութի պաշարները անսահմանափակ չեն, ու եթե առաջիկա օրերին գազի մատակարարումը չվերսկսվի, ապա «Հայցանց»-ի ապատեղեկատվությունը իսկապես կարող է իրականություն դառնալ։ Սա գիտակցում են նաեւ Ռուսաստանում։ Երեկ նախագահ Պուտինը հանդիպումներ է ունեցել ՌԱՕ ԵԷՍ եւ «Գազպրոմ» ընկերությունների գործադիր տնօրենների հետ ու կարգադրել 24 ժամվա ընթացքում վերականգնել Վրաստանը եւ Հայաստանը գազով սնուցող խողովակաշարերը։

«Կովկասպրես» գործակալությունը եւ վրացական լրատվական աղբյուրները այսօր լուր են տարածել, թե առավոտյան արդեն Անդրկովկասը սնուցող պահեստային խողովակով գազամատակարարումը վերականգնվել է, եւ օրական 2 ժամ հոսանք ստացող Թբիլիսին արդեն 18 ժամ հոսանք կունենա։ Ի դեպ, վրացական լրատվական աղբյուրները նշում են, որ դրսից ստացվող հոսանքի 120 մեգավատտը Վրաստանը կստանա Հայաստանից։

Հայաստանի պարագայում, այդուհանդերձ, եթե նույնիսկ հովհարաձեւ անջատումներ չսկսվեն, էներգահամակարգի լարվածությունը չի թուլանա, քանի որ այդպես էլ չուծվեց ատոմակայանը միջուկային վառելիքով լիցքավորելու խնդիրը, եւ ներկա վերագործարկումից հետո այն լավագույն դեպքում երկու ամիս կաշխատի։

Մեծամորի ԱԷԿ-ի գործադիր տնօրեն Գագիկ Մարկոսյանը «Ազատություն» ռադիոկայանին այսօր հայտնեց, թե հունվարի 21-ից վերագործարկված ԱԷԿ-ը այժմ արդեն 220 մեգավատտ հզորությամբ աշխատում է: Հոսանք է տալիս երկրորդ էներգաբլոկի զույգ մեքենաներից մեկը, մյուսի վերանորոգումը շարունակվում է, ու 4-5 օրից այն եւս կմիացվի ցանցին, ինչից հետո ԱԷԿ-ի ընդհանուր հզորությունը կկազմի 380 մեգավատտ։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG