Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առաջին օրերի քարոզարշավը արդեն ակնհայտորեն պարզեց յուրաքանչյուր թեկնածուի մոտեցումները։ Ցավալի է, որ այդքան ամպագոռգոռ հայտարարություններից հետո որոշները ընդհանրապես պատրաստ չեն այս թեժ պայքարին ինչպես կազմակերպորեն ու նյութապես, այնպես էլ առաջին հերթին՝ գաղափարապես», - նշված է «Երկիր» թերթի խմբագրականում: - «Քարոզարշավը վեր հանեց նաեւ մեկ այլ արատավոր ու ցավալի երեւույթ՝ հասարակության գլխին թափել ահ, սարսափ, գորշություն, մեր կյանքում տեսնել միմիայն թշվառություն, պատեհ ու անպատեհ հիշատակել հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը, բայց սրան զուգահեռ չնշել որեւէ ուղի՝ այդ ամենը հաղթահարելու համար»:

«Աշխատեն միասին, բայց ուրիշ նախագահի հետ» վերնագրի ներքո վերլուծելով գործող նախագահի հաշվետվությունն ու նախընտրական ծրագիրը, «Իրավունք»-ի մեկնաբանը եզրահանգում է. - «Կարելի է փաստել, որ Ռոբերտ Քոչարյանի վերընտրության դեպքում համակարգային փոփոխություններ չեն լինի, այսինքն՝ անձեռնմխելիորեն պահպանվելու է կիսաքրեական կլանային-օլիգարխիկ համակարգը, իշխանավորները շարունակելու են մնալ անվերահսկելի, անպատժելի եւ կաշառակեր, չեն լինելու օրենքի գերակայության երաշխիքներ, չի երաշխավորվելու խոսքի եւ մամուլի ազատությունը, էական ոչինչ չի արվելու ահաբեկչության դեմ պայքարելու համար»:

«Ակնհայտ է, որ եթե Ռուսաստանը, ԱՄՆ-ը եւ Եվրոպան որոշեն իրենց ուշադրությունը բեւեռել մեր ընտրությունների ընթացքի եւ արդյունքների հաշվառման ու հրապարակման գործընթացների վրա, եւ ընդդիմությունն էլ, իր հերթին, ապահովի ժողովրդի ազատ կամքի արտահայտությունը եւ տեր կանգնի տրված ձայներին՝ իշխանության վերարտադրությունը պարզապես բացառվում է», - ձեւակերպված է «Օրրան»-ի խմբագրականում:

Ըստ «Հայոց Աշխարհ»-ի՝ Ժողովրդահայրենասիրական դաշինքում սկիզբ առնող տրամադրությունները վկայում են այն մասին, որ Արտաշես Գեղամյանը լուրջ պրոբլեմներ ունի «դաշնակիցների» հետ։ Կոմկուսի երկրորդ քարտուղար Սանատրուկ Սահակյանը «Հայոց Աշխարհ»-ի թղթակցին ասել է. - «Կոմկուսը Հայրիկյանի հետ ընդհանուր ոչինչ ունենալ չի կարող։ Մենք Գեղամյանի հետ էլ կապ չունենք, հետեւաբար Հայրիկյանը մեզ հետ ոչ մի առնչություն չունի»: Նույն թերթում, ի պատասխան թղթակցի հարցին՝ շարունակո՞ւմ եք մնալ ժողովրդահայրենասիրական դաշինքում եւ պաշտպանել Գեղամյանի թեկնածությունը, երբ նրա դաշնակիցն է դարձել Պարույր Հայրիկյանը, կոմկուսի առաջին քարտուղար Վլադիմիր Դարբինյանը ասում է. - «Ինձ այսօր դեռ պարզ չէ, 16-ը կունենա՞ իր միասնական թեկնածուն, թե՞ ոչ։ Ես հիմա որոնումների մեջ եմ։ Պետք է անցնեմ դարանակալ որոնումների տառապալի ճանապարհը, որպեսզի կարողանամ որոշում կայացնել»։

«Եթե մի տեղ կոմունիստները եւ Պարույր Հայրիկյանը միասին են, շատ դժվար է հասկանալ, թե միասնական թեկնածու լինելու դեպքում ինչ խնդիր է հետապնդվելու նրա միջոցով... Ես կարծում եմ, որ քաղաքական խաղն այդ տեսակետից այնքան էլ ճիշտ չի ընթացել», - «Երկիր» թերթի հարցազրույցում ընդգծում է Վազգեն Մանուկյանը: Անդրադառնալով քարոզարշավին, ԱԺՄ (Ազգային ժողովրդավարական միություն) նախագահը նշում է. - «Ես կողմ չեմ, որ ընտրությունների ժամանակ շատ շոշափվի ԼՂՀ հիմնահարցը... Իրար հետ կարող ենք տարբեր հակասություններ ունենալ, բայց Ղարաբաղի հարցում ամբողջ աշխարհի առջեւ պետք է ունենանք միասնական դիրքորոշում»։ Պատասխանելով լրագրողի հարցին, թե «քարոզարշավի ընթացում հանդիպե՞լ եք արհեստածին խոչընդոտների», Վազգեն Մանուկյանը, մի քանի սահմանափակումներ նշելով, բնութագրում է. - «Իհարկե, ոչ մեկը ոչ մեկի վրա չի կրակում, ոչ մեկի կոճին քացով չի խփում, բայց արհեստական ձեւով ստեղծվել է ցածր «պլանկայով» ոչ աշխույժ ընտրությունների մի ձեւ»։

«Օրրան»-ի մեկնաբանը, վերլուծելով ընդդիմադիր դաշտի երկու բեւեռները, նախանշում է. - «Արդեն իսկ ակնհայտ է, որ Գեղամյանը միայնակ չի նվաճի նախագահական բարձունքը: Նրան պետք է, որ իր հակառակորդը չլինեն Ստեփան Դեմիրճյանը եւ Արամ Զավենի Սարգսյանը: Իսկ նրանք Գեղամյանին աջակցելու ոչ մի դրդապատճառ չունեն»: Ըստ մեկնաբանի՝ Ստեփան Դեմիրճյան - Րաֆֆի Հովհաննիսյան - Արամ Զավենի Սարգսյան եռյակը այն հիմնական ուժն է, որ վերադասավորում է քաղաքական ընդդիմադիր դաշտը. - «Բայց երկիրը ունենալու է մեկ նախագահ, ուստի միմյանց համատեղ ճանապարհի հավաստիացումներ տվող Ատեփան Դեմիրճյանն ու Արամ Սարգսյանը պիտի որոշեն՝ ո՞վ է լինելու նախագահի իրական թեկնածուն: Եվ այս պարագայում ընդդիմադիր դաշտի մյուս թեկնածուներին մնում է աջակցել նրանց: Կամ՝ կորցնել սեփական շանսը»:

Պատասխանելով «Իրավունք»-ի հարցին, թե Րաֆֆի Հովհաննիսյանը ո՞ւմ օգտին քվեարկելու կոչ կանի, նրա նախընտրական շտաբի մամուլի պատասխանատու Աշոտ Աղաբաբյանը, չբացելով փակագծերը, ասել է. - «Ամենայն հավանականությամբ, եկող շաբաթվա սկզբին Րաֆֆի Հովհաննիսյանը կհանդիպի իր ընտրազանգվածի եւ նախաձեռնող խմբի հետ եւ հանդես կգա հայտարարությամբ, որը անակնկալ կլինի եւ կհետաքրքրի շատերին»:

Փաստելով, որ ամենատարբեր կազմակերպությունների սոցհարցումներով առաջիկա ընտրությունների անվիճարկելի առաջատարը գործող նախագահն է, «Երկիր»-ը բխեցնում է. - «Մարդիկ այսօր առավել հակված են թեկուզ դանդաղ քայլերով, բայց հաստատակամորեն առաջ ընթանալու տարբերակին, քան այնպիսի թռիչքների, որոնցից հետո հայտնի չէ՝ որտեղ վայրէջք կկատարեն»:

«Հայկական ժամանակ»-ը արձանագրում-մեկնաբանում է. - «Կապի եւ տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանը երեկ օրը ցերեկով ժողով է արել «Հայփոստ» ընկերությունում եւ ընկերության աշխատակիցներն բացատրել, որ նրանք պետք է փետրվարի 19-ին նախագահ ընտրեն Ռոբերտ Քոչարյանի: Եվ սա այն դեպքում, երբ Ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 4-րդ կետը պետական մարմիններին, ինչպես նաեւ դրանց աշխատակիցներին արգելում է իրենց աշխատանքային պարտակությունները կատարելիս քարոզչություն իրականացնել»:

«Հեռուստատեսային 5 կապուղիների համար մրցութային առաջարկների քննարկումը կկայանա հունվարի 31-ին», - տեղեկացնում է «Առավոտ»-ը՝ հիշեցնելով. - «Այս մրցույթին մասնակցում են նաեւ «Ա1+» ու «Նոյյան Տապան» հեռուստաընկերությունները: 2002-ի հոկտեմբերի 15-ին հայտարարված այս մրցույթի հաղթողները ճանաչվելու են փետրվարի 4-ին»։

Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG