Մատչելիության հղումներ

logo-print
Դավիթաշենի հրապարակի հարթակում գործող նախագահ եւ նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանին ուղեկցող թիմի կազմը քաղաքական ուժերի առումով նույնն էր, ինչ Կոտայքի մարզում երեկ կայացած հանդիպումների ժամանակ, փոխվել էին միայն այդ ուժերի ներկայացուցիչները: Հանդիպման եկած մարդկանց մեջ էլ կրկին շատ էին դպրոցականներն ու ուսանողները:

Դպրոցականները, ի պատասխան հարցի, թե ինչո՞ւ դպրոցում չեն, ասացին, թե դպրոցի տնօրենն է իրենց ասել, որ գան նախագահին դիմավորելու: Երեկ էլ Կոտայքի մարզում ավտոբուսներով ուսանողներ էին բերել Երեւանից:

Հանդիպման ժամանակ ելույթ ունեցան եւ իրենց աջակցությունը գործող նախագահին հավաստեցին Դաշնակցությունից Աղվան Վարդանյանը, Ազգային ժողովի պատգամավոր, անկուսակցական գործարար Հարություն Փամբուկյանը: Հարթակում էին Հայաստանի հանրապետական կուսակցությունից Գագիկ Մինասյանը, Նորացված կոմկուսից Հրանտ Ոսկանյանը, քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը, ջրային պետական կոմիտեի նախագահ Գագիկ Մարտիրոսյանը:

Իր ելույթում Ռոբերտ Քոչարյանն ասաց. - «Մենք չպետք է չարություն սերմանենք մեր ժողովրդի մեջ: Ոչ մի երկիր, ոչ մի ժողովուրդ չարության վրա իր բարեկեցությունը չի կառուցել... Շատ կարեւոր է, որ այս ընթացքում մենք չկորցնենք այն բարենպաստ մթնոլորտը, որ ձեւավորվեց երկրում»:

«Նախընտրական տարում ապահովել այդպիսի տնտեսական աճ, դա նշանակում է, որ Հայաստանի գործարար աշխարհը իր վստահության քվեն տվել է գործող նախագահին», - իր ելույթում ասաց խոշոր գործարար Փամբուկյանը: - «Այլ կերպ, հավատացնում եմ ձեզ, այդպիսի աճ երբեք չէր արձանագրվի»:

Ռոբերտ Քոչարյանն իր ելույթում փաստորեն վերախմբագրեց ոչ միայն նախընտրական տարում տնտեսական աճի թիվը՝ 12,9 տոկոս, այլեւ գործարարներ - իշխանություն հարաբերությունների բնորոշումը. «Գործարար աշխարհի կողմից վստահություն երկրում իրականացվող քաղաքականության նկատմամբ»:

Իսկ դավիթաշենցիները հրապարակ էին եկել միմիայն իրենց սոցիալ֊կենցաղային հոգսերի համար: Համենայնդեպս, այդպիսին էին նախագահին ուղղված նրանց հարցերը, չնայած ասվեց, որ համայնքում շուրջօրյա ջրահատակարարում կա, ջեռուցվող դպրոցներ, գազամատակարարում:


Ռուզաննա Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG