Մատչելիության հղումներ

ԿԸՀ-ն համագործակցելու է միջազգային դիտորդների հետ


ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի երկարաժամկետ դիտորդական առաքելության անդամները այսօր հանդիպում ունեցան Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) անդամների հետ:

ԵԱՀԿ դիտորդներին, ինչպես հանդիպումից հետո լրագրողներին տեղեկացրեց ԿԸՀ նախագահ Արտակ Սահրադյանը, հետաքրքրել է հարցերի լայն շրջանակ՝ անցած հոկտեմբերի տեղական մարմինների ընտրություններից հետո ԿԸՀ ընդունած որոշումները, ընտրական հանձնաժողովների կազմը, դրանց տեխնիկական զինվածությունը եւ այլն:

ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավար Փիթեր Այքերը լրագրողներին ասաց, որ ինչպես իրենց խումբը, այնպես էլ ավելի ուշ ժամանելիք շուրջ 250 դիտորդների կարճաժամկետ առաքելության անդամները գործակցելու են տեղական դիտորդների հետ, սակայն գործելու են առանձին եւ անկախ: Մտադիր են այցելել երկրի բոլոր մարզեր եւ ծանոթանալ բոլոր մակարդակների ընտրական հանձնաժողովների աշխատանքին, հանդիպել բոլոր թեկնածուների նախընտրական շտաբերի պետերի հետ:

Սկսված քարոզարշավի մասին իր տպավորությունները Փիթեր Այքերը չներկայացրեց՝ ասելով, թե դեռ շատ քիչ ժամանակ է անցել:

Ըստ ԿԸՀ-ի նախագահի, այս ընտրություններում առաջին անգամ ամեն կարգի տեղեկատվություն, այդ թվում՝ յուրաքանչյուր տեղամասում քվեարկողների քանակի վերաբերյալ, լրագրողները կարող են ստանալ տեղամասային հանձնաժողովներից եւ հրապարակել մինչեւ ընտրությունների արդյունքների ամփոփումը: Նախկինում այդ տվյալները ստանալ հնարավոր էր միայն ընտրատարածքային հանձնաժողովներից:

Ասյօր ասուլիս էր հրավիրել նաեւ հունվարի 20-ից Հայաստանում գտնվող ԱՊՀ երկարաժամկետ դիտորդական առաքելության ղեկավար, ԱՊՀ գլխավոր քարտուղարի առաջին տեղակալ Դմիտրի Բուլախովը: Նա տեղեկացրեց, որ այս կազմով առաքելությունը ԱՊՀ անդամ պետությունների ընտրական գործընթացներին հետեւում է երրորդ անգամ՝ Բելառուսի նախագահական եւ Ուկրաինայի խորհրդարանական ընտրություններից հետո:

Այս առաքելությունը Հայաստանում է արտգործնախարարության եւ նախագահ Քոչարյանի պաշտոնական հրավերով: Բուլախովը տեղեկացրեց, որ բացի երկարաժամկետ առաքելությունից, ընտրություններից անմիջապես առաջ կժամանի նաեւ ԱՊՀ 8 երկրները ներկայացնող 56 հավատարմագրված դիտորդներից բաղկացած կարճաժամկետ առաքելությունը:

Մինչ օրս ԱՊՀ առաքելության անդամները հանդիպել են Ռոբերտ Քոչարյանի, Արտաշես Գեղամյանի եւ ՀԴԿ առաջնորդ Արամ Սարգսյանը նախընտրական շտաբերի ղեկավարների հետ: «Արծարծվել են մի շարք ցավոտ խնդիրն», - առանց մանրամասնելու ասաց Բուլախովը: Նրա տեղեկացմամբ, առաքելությունը իրավական գնահատական է տալու միայն մեկ անգամ՝ ընտրությունների արդյունքները ամփոփելուց հետո:

Ընտրություններին ընդհանուր առմամբ հետեւելու է մոտ 1000 օտարերկրյա եւ մի քանի հազար տեղական դիտորդներ:


Անուշ Դաշտենց, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG