Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ»-ի խմբագրականն անդրադառնում է թեկնածուներին աջակցող կուսակցությունների գաղափարական անհամատեղելիությանը: «Նախագահի թեկնածուները միավորվում են ում հետ պատահի՝ ծայրահեղ ձախերից մինչեւ ծայրահեղ աջերի», - փաստում է «Առավոտ»-ը: - «Իսկ եթե ինչ-որ մեկը մտավախություն ունի, թե նախագահական ընտրություններից հետո այս կուսակցությունների իրարամերժ ծրագրերը չեն կարողանա համատեղել, ապա՝ իզուր: Մեր երկրում կուսակցությունները, նրանց առաջնորդները եւ, առավել եւս, նախագահի պաշտոնին հավակնող քաղաքական գործիչները կենտրոնացած են միայն մեկ նպատակի՝ իշխանության համակարգում մնալու վրա։ Ինչպիսին էլ այն լինի։ Դեմոկրատական, տոտալիտար, սոցիալիստական, կապիտալիստական, ազգայնական՝ էությունը կարեւոր չէ։ Ինչպես կստացվի։ Որովհետեւ ոչ ոք չգիտի, թե ինչ ենք կառուցում եւ ուր ենք գնում»։

«Օրրան»-ի փոխանցմամբ, Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի եւ Հայաստանի դեմոկրատական կուսակցությունից (ՀԴԿ) նախագահի թեկնածու առաջադրված Արամ Սարգսյանի հանդիպմանը Ջոն Օրդուեյը շեշտել է. - «Եթե առաջիկա նախագահական ընտրություններում, անկախ որեւէ մեկի հավաքած ձայների քանակից, արձանագրվեն թեկուզ 5 տոկոս կեղծիքներ, ընտրությունները չեն կարող համարվել օրինական, իսկ ընտրված նախագահը՝ լեգիտիմ»:

Ուրվագծելով Ռոբերտ Քոչարյանի քաղաքական դիմանկարը, «Ազգ»-ի մեկնաբանը, մասնավորապես, նշում է. - «Չլիներ Քոչարյանի համբերատարությունը, ինքն իրեն չկորցնելու հատկությունը, հաստատակամությունն ու վճռականությունը, եթե կուզեք՝ նույնիսկ անդրկուլիսային միջոցներով ներքաղաքական լարվածությունը լիցքաթափելու նրա վարպետությունը, մեզ հազիվ թե հաջողվեր խուսափել քաղաքացիական լուրջ բախումներից՝ իրենց հնարավոր ամեն կարգի կործանարար հետեւանքներով»:

«Օրրան»-ի հարցազրույցում Արտաշես Գեղամյանը նորից շեշտադրում է, թե Ռոբերտ Քոչարյանը առաջադրվելու իրավունք չուներ. - «Արդեն իսկ ոչ լեգիտիմ նախագահի թեկնածու ունենք, ինչը ստվեր է գցում մեր ընտրությունների վրա»: Գեղամյանը պնդում է, որ ընդդիմությունը կգտնի այն եզրերը, որոնցով հնարավոր կդառնա լուծել միասնական թեկնածուի հարցը. - «Այդ խնդիրը լուծելի է, եւ ի հեճուկս Քոչարյանի՝ մենք անպայման լուծելու ենք... Առաջիկայում երկու հաղթանակ ունենք տոնելու: Մեկը՝ ընդդիմության միասնական թեկնածուի առաջադրումը, մյուսը՝ փետրվարի 20-ին, երբ ժողովուրդը ցնծագին կընդունի իր իսկ ընտրած նախագահին: Որ այդպես էլ լինելու է՝ ոչ մի կասկած չունեմ: Քանի որ ժողովուրդը մինչեւ փետրվարի 19-ը կծանոթանա ազգային համաձայնության կառավարությանը, որում ընդգրկված կլինեն ե'ւ ընդդիմության շարքերից, ե'ւ իշխանության մեջ գտնվող ազնիվ, պարկեշտ ու պրոֆեսիոնալ մասնագետներ»: Արտաշես Գեղամյանը նաեւ հեգնանքով արձագանքում է Ռոբերտ Քոչարյանին բարձր վարկանիշ ցույց տվող սոցհարցումների տվյալներին. - «Հալվա, հալվա» ասելով` բերանդ չի քաղցրանա»:

«Առավոտ»-ում համադրված են Ռոբերտ Քոչարյանի 1998 եւ 2003 թվականների նախընտրական ծրագրերը: «Երկու ծրագրերում անփոփոխ է միայն «Արցախ» գլուխը։ Ե՛վ 98-ին, ե՛ւ այսօր նախագահի թեկնածուի դիրքորոշումը չի փոխվել միայն Արցախի հարցում», - արձանագրում է թերթը: - «1998-ին թեկնածու Ռոբերտ Քոչարյանը խոստացել էր ձերբազատվել «աղետի գոտի» հասկացությունից 2001-ին։ Սակայն ակնհայտորեն անցած հինգ տարիների ընթացքում այդ խոստումը նախագահը չի կատարել»։ Ըստ մեկնաբանի, 2003-ին փաստորեն մեզ սպառնում է ոչ թե «աղետի գոտի» հասկացությունից ձերբազատում, այլ՝ «աղետի գոտին վերածենք զարգացման գոտու» կարգախոսը։ «2003-ի ծրագրում ավելացել է եւս մեկ նոր գլուխ՝ «Բանակ», - մատուցում է թերթը։ - «1998-ի նախընտրական ծրագրում բանակի մասին որեւէ խոսք չկար, թերեւս, այն պատճառով, որ այդ ժամանակ պաշտպանության նախարարը Վազգեն Սարգսյանն էր եւ որեւէ նախագահի թեկնածու չէր համարձակվի բանակի մասին որեւէ խոստում տալ»։ Ամփոփելով համադրումը, «Առավոտ»-ը նշում է. - «Երկու ծրագրերի «ամենաքաղաքական» տարբերությունը՝ 98-ինն ուներ նաեւ ռուսերեն թարգմանությունը։ Այս տարվանը միայն հայերենով է, համենայնդեպս, միայն հայերեն լեզվով է տարածվել»։

Ըստ «Հայկական ժամանակ»-ի, արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը գաղտնի հանդիպում է կազմակերպել Արաբկիր համայնքի դպրոցների տնօրենների հետ ու բացատրել, որ վերջիններս պետք է ամեն ինչ անեն, որպեսզի առաջիկա նախագահական ընտրությունների ժամանակ Քոչարյանն ընտրվի: Թերթի մատուցմամբ, այս տեղեկատվությունը իր մամուլի քարտուղարի միջոցով հաստատել է նաեւ անձամբ Դավիթ Հարությունյանը: Նախարարի մամուլի քարտուղարը «Հայկական ժամանակ»-ի թղթակցին պարզաբանել է. - «Հարությունյանը հանդես է եկել որպես դպրոցի նախկին տնօրեն եւ մանկավարժ, այլ ոչ թե նախարար»:

Ազգային ժողովի նախկին փոխխոսնակ Արա Սահակյանը «Այբ-Ֆե»-ի հարցազրույցում անդրադառնալով Մեծամորի ատոմակայանի կառավարումը Ռուսաստանի հանձնելու նախագծին, նշում է. - «Ռուսաստանը այս կամ այն տնտեսական գործարքի անվան տակ ներխուժում է մեր տնտեսություն եւ տվյալ ռազմավարական ճյուղում գրավում որոշիչ դեր: Սա ունի եւ կունենա իր բացասական դրսեւորումները: Էներգետիկան, որպես արդյունաբերության գործունեության բազա, հայտնվել է օտար պետության ձեռքում: Մենք բոլոր հիմքերն ունենք կարծելու, որ իշխող վարչախումբը դա իբրեւ վարձավճար է տվել Ռուսաստանին՝ իր իշխանությունը երկարաձգելու համար»: Ամբողջացնելով, որ Ռուսաստանը ոչ մի տեղ չունի այնքան սեփականություն, որքան Հայաստանում, ձեռք չի բերել ռազմավարական ճյուղերում այնպիսի ներկայություն, ինչպես Հայաստանում, Արա Սահակյանը ընդգծում է. - «Հաստատվում են այն լուրջ մեղադրանքները, որ Հայաստանը դառնում է ռուսական շահերի պլացդարմ»:

«Հայկական ժամանակ»-ը ներկայացնում է «Հայկական ավիաուղիներ»-ի (ՀԱՈւ) կառավարումը ռուսական «Սիբիր» ավիաընկերությանը հանձնելու գործարքի սխեման. «Սիբիր»-ը Հայաստանի կառավարությանն է վճարում շուրջ 15 միլիոն դոլար, որից հետո ՀՀ կառավարությունը ՀԱՈւ-ի բոլոր պարտքերը, այդ թվում եւ «Ռոսավիոնավիգացիային» ունեցած 2 միլիոն դոլար պարտքը (ընդհանուր առմամբ 24 միլիոն դոլար) վերցնում է իր վրա: Սրանից հետո ՀԱՈւ-ն «մաքուր» վիճակով հավատարմագրված կառավարման է հանձնվում «Սիբիրին»:

«Այբ-Ֆե»-ի մատուցմամբ, գործող նախագահի «Աշխատենք միասին» կարգախոսի մոտիվներով սրամիտ ընտրողները արդեն իսկ դատողություններ են անում. - «Գործող նախագահի վարկանիշը կարգին կբարձրանար, եթե կարգախոսը լիներ «Ուտենք միասին», քանի որ, ինչպես հայտնի է, «ով աշխատի, նա կուտի»:

Այսօրվա թերթերում նկարագրված է հեռուստատեսությամբ հեռարձակվող յուրաքանչյուր թեկնածուի քաղաքական գովազդի բովանդակությունը: «Այբ-Ֆե»-ն հանգավորում է. - «Երբ գալիս է ժամը 7-ը, էկրանին ենք մենք նայում, երբ սկսվում ՝ քաղ. գովազդը՝ շվարած ենք միշտ մնում»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG