Մատչելիության հղումներ

Հոլանդացի ոստիկանները հայտնաբերել են «Բիթլզ»-ի հին ժապավեններ


Bidza Rocker
Ինչպե՜ս սկսեցին բաբախել գերհանրահայտ բրիտանական «Բիթլզ» քառյակի երկրպագուների սրտերը, երբ երբ պարզվեց, որ Ամստերդամի ոստիկանները «Բիթլզ»-ի հին ժապավեններ են հայտնաբերել: «Մի՞թե կլսենք նոր երգ». այս էր բոլորիս հուզող հարցը: Չէ, հրաշք չեղավ, նոր երգ՝ նոր «Free As A Bird» ոստիկանները չգտան: Ժապավենները, այդուհանդերձ, խիստ ուշագրավ են, պատմում են քառյակի անդամների հարաբերությունների, երաժշտական ստուդիայում տիրող մթնոլորտի, կատակների, ինչու չէ՝ նաեւ ծագած վեճերի մասին:

Ոստիկանների գտածոն լրագրողական հետաքննության մղեց «Ազատություն» ռադիոկայանի վերլուծաբաններից մեկին՝ մոլի երաժշտասեր Ռոն Սինովիցին: Շուրջ 80 ժամ չխմբագրած ձայնագրությունները, ըստ մասնագետների, արվել են 1969 թվականի հունվարին:

Բրիտանացի եւ հոլանդացի իրավապահները հիմա փորձում են պարզել, թե ի՞նչ են հայտնաբերված նյութերը՝ սկավառակներ թողարկող EMI ընկերությանը պատկանող բնագիր-ժապավեննե՞ր են, թե՞ պատճեններ: Եթե բնագիր են՝ EMI-ն կարող է դատական գործ հարուցել եւ հատուցում
պահանջել ձայերիզները ապօրինի ճանապարհով ձեռք բերած 5 կասկածյալներից:

«Մեզ ասում են, որ ժապավենները գողացված են EMI ընկերության Abbey Road մասնաճյուղից, բայց մենք պարտավոր ենք լրացուցիչ տեղեկություններ հայթայթել՝ պարզելու համար, թե արդյո՞ք դրանք օրիգինալ երիզներ են», - Ռոն Սինովիցին ասել է լոնդոնցի քննիչ Քիրոն Շարփը:

Երեք բրիտանացիներ փորձել են հենց EMI-ին վաճառել 530 16-րոպեանոց ձայներիզ: Ապօրինի գործարքի մեջ են կասկածվում նաեւ ամստերդամաբնակ երկու հոլանդացի՝ Yellow Dog երաժշտական ընկերության տերերը: Այդ ընկերության պահեստում են հայտնաբերվել ձայներիզները: Հոլանդացիները կարող են մեղադրվել ապօրինի ճանապարհով «Բիթլզ»-ի CD-ներ թողարկելու մեջ:

Պատմությունը սկսվել է դեռ 1970 թվականին՝ «Let It Be» երաժշտական ֆիլմի նկարահանումներից հետո: Նկարահանումների ընթացքում արված ձայնագրությունների մի մասը դեռ այն տարիներին հայտնվել էին սեւ շուկայում (սլենգով երաժշտական ծովահենության եղանակով արված ձայնագրության անունը bootleg է, այսինքն՝ «մաքսանենգ ապրանք»: Yellow Dog ընկերությունը անցած երկու տարիների ընթացքում ապօրինի եղանակով վաճառել է քառյակի բազմաթիվ CD-ներ, որոնք, ի դեպ, տեխնիկական առումով շատ բարձր մակարդակով են արտադրված:
Ժամանակին Ջոն Լեննոնը 1969 թվականի հունվարին նկարահանված «Let It Be»-ն որակել է «աշխարհի ամենախղճուկ շոուն»: Ջոնի խոսքերով, նույնիսկ ամենահավատարիմ երկրպագուն դժվար թե կարողանար
այդքան համբերատար լինել եւ շաբաթներ շարունակ ներկա գտնվել քառյակի միմյանցից հոգնած ու ձանձնարած անդամների մասնակցությամբ վավերագրական ֆիլմի նկարահանմանը:

Ճգնաժամի գագաթնակետն էր: Խումբը պառակտման եզրին էր: Երաժշտական մեկնաբանների համոզմամբ, «Let It Be» ֆիլմում երգերի կատարոումն իսկապես թույլ էր. անհետացել էր ոգեւորությունը, կայծը, անհետացել էր քառյակի անդամների եղբայրությունը: Ջոնը, Ջորջը, Փոլն ու Ռինգոն շարունակ ընդհատում էին միմյանց, հեգնում, մեղադրում: Փոլ՝ «Լավ, վե'րջ տվեք, վե'րջ տվեք, հավաքվենք, աշխատենք»: Ջոն՝ «Դո'ւ ես մեղավոր, ամեն անգամ դո'ւ ես սխալվում, դո'ւ ես ամեն ինչ փչացնում»:

Ռոք-մեկնաբան Դագ Սալփիի համոզմամբ, ֆիլմի ոչ մի կատարում չի համապատասխանում «Բիթլզ»-ի մակարդակին: «Դժվար է պատկերացնել, որ նրանք սկավառակ թողարկելու համար օգտագործեին մեկ կտոր անգամ այդ ձայնագրություններից», - ասել է մեկնաբանը:

«Բիթլզ»-ի սիրահարներին, հավանաբար, կհիասթափեցնեն նորահայտ ժապավենները: Այդուհանդերձ մի քանի իսկապես հետաքրքիր մշակում այստեղ հնչում է՝ ավաղ, արժեքավոր պահերն անհետանում են ստուդիայում տիրող քաոսում:

Ժապավենները մեզ են հասցնում քառյակի մի քանի գլուխգործոցների սաղմնային տարբերակները, որ վերջնական տեսք են ստացել 1969 թվականին թողարկված Abbey Road ալբոմում: Փորձերի ժամանակ կատարել են նաեւ Ջորջ Հարիսոնի հեղինակած մի քանի երգ, դրանք հետագայում տեղ են գտել 1970 թվականին Ջորջի թողարկած All Things Must Pass սկավառակում: Ժապավեններից մեկն էլ պահպանել է դեռահաս Ջոնի եւ Փոլի համատեղ ստեղծած մեղեդիներից երկուսը՝ Thinking Of Linking եւ Too Bad About Sorrows: Բացի այդ, կան նաեւ խմբի պառակտումից հետո Ջոնի եւ Փոլի հեղինակային ալբոմներում ներկայացված երգեր: Child Of Nature-ը Լեննոնը ձայնագրել է 1968 թվականին Հնդկաստանում, բայց հետո վերամշակել է մեղեդին, նոր տեքստ է գրել եւ արդեն Jealous Guy անվամբ ընդգրկել է Imagine ալբոմում:

«Բիթլզ» խմբի պատմությունը մոտենում էր ավարտին: Ժապավեններից մեկն արձանագրել է տհաճ մի պահ: «Երիզներում կան Ջորջի հրաշալի մեղեդիների մշակումներ», - մեկնաբանում է Ռոն Սինովիցը, - «այդ թվում Something-ը: Բայց Փոլն ու Ջորջը դժգոհ էին Ջորջի նվագից: Վերջինս դա նկատել էր եւ ասել՝ «Եթե ուզում եք՝ կարող եք «Նյու Մյուզիքլ Էքսպրես» հանդեսի հայտարարությունների էջը բացել, գտնել նոր՝ ավելի լավ կիթառահար»: Ջոնն ի պատասխան ասել էր, թե կվարձի Էրիք Քլեփթոնին: Վիրավորված Ջորջը լքել էր ստուդիան»:
34 տարի առաջ՝ 1969 թվականի հունվարին ամենալավատես երկրպագուները հրաշք քառյակից սպասում էին նոր գլուխգործոցներ, վերջին սկավառակները՝ Abbey Road-ը եւ Let It Be-ն իսկապես կատարյալ երգերի ընտրանի են: Իրենք քառյակի անդամները, սակայն, առնվազն՝ Ջոնն ու Փոլն, արդեն զգում էին, որ խմբի վերջն եկել է: Այդ են վկայում «Let It Be» ֆիլմի նկարահանման օրերին ստուդիայում ստեղծված նյարդային մթնոլորտը, Ջոնի ու Փոլի փոխադարձ խայթոցները:

Ամստերդամում հայտնաբերված ձայներիզները հենց այդ վիճակն են արձանագրել եւ արժեք են ներկայացնում օրուգիշեր արխիվներում աշխատող գիտնականի համար, բայց մեզ՝ սովորական երաժշտասերներիս համար իրական արժեքը քառյակի թողարկած օրինական ալբոմներն են: Տարաձայնությունները ու վեճերը անցողիկ են, մնայունը սքանչելի երգերն են:


Շաբաթ, 24 հունվարի, 2003 թ. Մաքս Լիբերտի
Բիձա Ռոքեր
bidzarocker@hotmail.com

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG