Մատչելիության հղումներ

logo-print

Մամուլի տեսություն


Այսօրվա մամուլում ներկայացված է Գիտությունների ազգային ակադեմիայում Ռոբերտ Քոչարյանի երեկվա հանդիպումը: Դիտարկումներն ու մեկնաբանությունները ընդդիմադիր թերթերում են: «Օրրան»-ի թղթակցի հայացքով, 1998-ի համեմատ շատ բան չէր փոխվել. - «Չկար ժողովուրդը՝ «իմ կուսակցությունը»... չկար Վազգենը: Մնացածներն իրենց տեղում էին»: Թերթի գնահատմամբ, մեկնարկած քարոզարշավի առաջին օրն ակնառու դարձավ, որ հերթական անգամ ընտրվել է չաշխատող կարգախոս: «Եվ այնուհանդերձ, առաջընթացն ակնառու է», - համաձայնում է մեկնաբանը: - «Ժողովրդին այլեւս հետին պլանում է դերակատարություն տրվել: Այսպես գոնե ազնիվ է»: «Առավոտ»-ի դիտարկմամբ, դահլիճի արտաքին տեսքից դատելով, Հայաստանի նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը տիրապետում է երկրի բոլոր ռեսուրսներին։ «Սակայն սա՝ միայն արտաքինից դատելով», - շարունակում է «Առավոտ»-ը։ - «Իրականում դահլիճը նույնակերպ լիքը կլիներ ցանկացած այլ գործող նախագահի ՀՀ նախագահի թեկնածու լինելու դեպքում։ Պարզապես դահլիճի մեծամասնությունը սիրում է գտնվել «վերեւներին» մոտիկ՝ իր իսկ օգտի համար, եւ մեծամասնության համար Ռոբերտ Քոչարյանի վերընտրվելու ցանկությունն ավելին չէ, քան՝ սեփական դիրքը չկորցնելու խնդիր»։

«Եւ այսպես, պաշտոնապես մեկնարկեց քարոզարշավը, ու նախագահի թեկնածուները՝ հրմշտելով միմյանց, նետվեցին հանդիպելու ընտրողների հետ», - պատկերելով քարոզարշավի մեկնարկը, «Հայոց Աշխարհ»-ը անմիջապես եզրահանգում է. - «Անշուշտ ուրախալի է, որ պարտվածներ այս պայքարում չեն լինի։ Եթե Ռոբերտ Քոչարյանը տանելու է փաստացի հաղթանակ, ապա մնացած տասը կտոնեն բարոյական հաղթանակ»։

«Այբ-Ֆե» թերթում ձեւակերպված է. - «Իրականում գործող նախագահի համար քարոզչությունը վաղուց է սկսված, բայց նախագահ Քոչարյանը, անդրադառնալով այդ հարցին, այն կարծիքը հայտնեց, թե լրատվամիջոցները պետք է լուսաբանեն նախագահի գործունեությունը»: «Տարեգիր» էլեկտրոնային թերթը, նույն միտքը շարունակելով, ամփոփում է. - «Գործող նախագահի քարոզչությունն իրականացնողները, նախքան պաշտոնական քարոզչության ժամկետը, արդեն իսկ գերակատարեցին իրենց պլանները: Եվ եթե առաջիկա մեկ ամսում հանրապետության բոլոր հեռուստաէկրաններն անխտիր տրամադրվեն մնացած տասը թեկնածուներին, եւ գործող նախագահն այլեւս ոչ մի անգամ չերեւա էկրաններին, էլի դժվար կլինի ասել, թե այս ընտրություներում Հայաստանի նախագահի բոլոր թեկնածուների համար ստեղծված էին քարոզչության հավասար պայմաններ»:

«Ներկայումս ընտրողների մեծ մասը իրավիճակի փոփոխության խնդիրը ամենեւին էլ չի նույնացնում իշխանության փոփոխության առաջադրանքի հետ», - գրում է «Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանը՝ բխեցնելով. - «Ուստի, քաղաքական կացության սրումը եւ դրա հիման վրա՝ ընդդիմության համախմբումը ճակատային գրոհի անցնելու տրամադրություններ ունեցող որեւէ առաջնորդի շուրջը, կարող է բողոքական էլեկտորատի մի մասին մղել դեպի իրավիճակի փոփոխության բարեշրջական-էվոլյուցիոն ուղին նախընտրող իշխանության թեկնածուն»:

Անդրադառնալով նախագահի թեկնածուներ Արամ Կարապետյանի, Ռուբեն Ավագյանի, Գառնիկ Մարգարյանի ու Արամ Հարությունյանի, ինչպես նաեւ նրանց սատարող քաղաքական ուժերի հնարավորություններին, «Օրրան»-ը եզրակացնում է. - «Վերջնահաշվարկում նրանց բոլորին միասին կարելի է մինչեւ 5 տոկոսի ձայն տալ, բայց դա գդալով ջուր է ուղտին, որ ուզում է նախընտրական անապատով անցնել Ավետյաց երկիր»:

Նախկին ԱԺՄ-ական Ֆիլարեթ Բերիկյանը «Հայոց Աշխարհ»-ում հավանական համարելով Ռոբերտ Քոչարյանի հաղթանակը հենց առաջին փուլում, բացառում է ընդդիմադիրների համախմբումը ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի շուրջը. - «Վազգեն Մանուկյանը, եթե բոլոր թեկնածուների իրական վարկանիշերն իմանա եւ հաշվարկի հավանական հեռանկարը, առանց որեւէ մեկին պաշտպանելու կհրաժարվի քվեարկվելուց»:

«Սոցիոլոգիական հարցումների հիման վրա արված այն հետեւությունը, թե Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրարշավից դուրս գալուց հետո նրա, այսպես ասած, էլեկտորատը տրոհվելու-կոտորակվելու է մնացյալ թեկնածուների միջեւ եւ այդպիսով փոշիանալու է՝ կորցնելով իր վճռորոշ ուժը, անհիմն է կամ արվել է անազնիվ դիտավորությամբ», - գրում է «Օրրան»-ը՝ ընդգծելով. - «Րաֆֆի Հովհաննիսյանի էլեկտորատից ոչ մի ընտրող, նույնիսկ՝ երկու աչքով կույր, երկու ականջով խուլ, փետրվարի 19-ին չի արթնանա, որպեսզի իր ձայնը տա Ռոբերտ Քոչարյանին»: Թերթի մատուցմամբ, Ռոբերտ Քոչարյանը, արգելակելով Րաֆֆի Հովհաննիսյանին, չթեթեւացրեց իր ընտրական հոգսերը. - «Հիմա արդեն Հայաստանի նախագահի ընտրության հարցը մեծապես կախված է Րաֆֆի Հովհաննիսյանի անձնական ընտրությունից, այն բանից, թե թեկնածուներից ում է նա երաշխավորում իր էլեկտորատի համար... Բավական է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը մինչեւ փետրվարի 19-ը ուղղորդի իր էլեկտորատը, մատնանշի թեկնածուներից մեկին եւ ասի. «Ահա, նա, միայն նա»: Ժողովուրդը կգնա նրա նշած ուղղությամբ»:

«Հովհարային ընդդիմադիրը», - բնութագրում է «Առավոտ»-ի խմբագիրը՝ մեջբերելով Արտաշես Գեղամյանի իրարամերժ երկու հայտարարություններ. - «2002 թ. սեպտեմբերին իր կուսակցության համագումարում պրն Գեղամյանն ասաց. «Բոլորին է հայտնի, թե ինչպիսի աղաղակող օրինախախտումներով տեղի ունեցան 1998-ի նախագահական ընտրությունները, երբ փաստացի ընտրվել էր Կարեն Դեմիրճյանը»... 1998-ի ապրիլի 2-ին, նախագահական ընտրությունների երկրորդ փուլից հետո Արտաշես Գեղամյանը հայտարարեց. «Նախագահական ընտրություններում խաղաղության եւ արդարության կարոտ ժողովուրդը կատարեց իր ազատ ընտրությունը»: Արամ Աբրահամյանը հավելում է. - «Մտածում եմ՝ գուցե առաջիկա հնգամյակում պրն Գեղամյանը նորի՞ց դառնա գործող նախագահի խանդավառ կողմնակիցը»:

«Հայկական ժամանակ»-ում նշված է. - «Այսօր արդեն ակնհայտ է, որ նախագահի թեկնածուներից մի քանիսը իշխանությունների պատվերով են մտել ընտրապայքարի մեջ՝ ընդդիմադիր թեկնածուների ձայները փոշիացնելու կամ գոնե փոշիացման ֆոն ստեղծելու համար: Նման թեկնածուները, բնական է, ինքնաբացարկ չեն ներկայացնի եւ չեն էլ անհանգստանա, թե իրենց ընտրապայքարի արդյունքում որքան գումար կվատնվի՝ իշխանությունները որքան տան, այնքան էլ կծախսեն»:

Գազի անբավարարության հետեւանքով տրանսպորտում առաջացած խնդիրները «Հայկական ժամանակ» թերթը գնահատում է որպես «մայրաքաղաքում տարված սխալ տրանսպորտային քաղաքականության արդյունք»: «Աշխարհի ոչ մի միլիոնանոց քաղաքում ուղեւորափոխադրումը տասը տեղանոց երթուղայիններով չի իրագործվում... Մեր երկրի մայրաքաղաքում, սակայն, ավտոբուսները իսպառ վերացան, տրամվայի ռելսերը հանում են, իսկ մետրոն շահութաբեր դարձնելու համար ոչ մի քայլ չի ձեռնարկվում: Փոխարենը՝ գերշահութաբեր է դառնում երթուղայինի բիզնեսը, որով զբաղվում են Ազգային ժողովի ոչ անհայտ պատգամավորներ, քաղաքական ոչ անհայտ գործիչներ եւ օլիգարխներ»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG