Մատչելիության հղումներ

Ատոմակայանը վերագործարկվեց


Հայկական ատոմակայանի տնօրեն Գագիկ Մարկոսյանի տեղեկացմամբ, հունվարի 21-ի վաղ առավոտյան ատոմակայանը սկսել է աշխատել եւ օրվա երկրորդ կեսից արդեն հոսանք է մատակարարում: Այս տեմպերով ատոմակայանը կկարողանա աշխատել 2 ամիս եւ այդ ընթացքում կարտադրի 400 մլն կիլովատտ/ժամ էլեկտրաէներգիա:

Ատոմակայանը պիտի վերագործարկվեր դեկտեմբերի 3-ին, սակայն ռուսական մատակարարը պահանջել էր անհապաղ վճարել միջուկային վառելիքի դիմաց՝ մոտ 8 մլն դոլար: Խոսվում էր նաեւ 32 մլն դոլար նախկին պարտքերի մասին: Ուստի որոշում կայացվեց ատոմակայանը վերագործարկել առանց վերալիցքավորելու:

Նախագահ Քոչարյանի ռուսաստանյան վերջին այցի շրջանակներում ձեռքբերված համաձայնությամբ, ռուսաստանյան ՌԱՕ ԵԷՍ-ը իր վրա է վերցնում Մեծամորի ատոմակայանի կուտակած պարտքերը՝ փոխարենը ստանալով Հրազդան-Սեւան հիդրոէլեկտրակայանների կասկադի բաժնետոմսերի մի մասը, ինչպես նաեւ Հայկական ատոմակայանի ֆինանսական հոսքերը տնօրինելու լիազորությունը:

Իսկ միջուկային վառելիքը, ըստ հայ պաշտոնյաների, Հայաստան կբերվի ապրիլի վերջին:

ՄԱԳԱՏԵ-ի փորձագետների ներկայությամբ վերագործարկված ատոմակայանի արտադրած էլեկտրաէներգիան հնարավորություն կտա ապահովել էներգամատակարարումը երկրում, քանի դեռ չի վերանորոգվել Ռուսաստանից Վրաստան եւ Հայաստան մտնող գազատարը: Դեռեւս հստակ չէ, թե երբ կվերանորոգվի հունվարի 14-ին վթարված այդ գազատարը:

Մեծամորի ատոմակայանի տնօրենի խոսքերով, ատոմակայանի վերագործարկումը որեւէ կապ չունի գազատարի վթարի հետ. - «Դա պարզապես զուգադիպությունը է»:

Թեեւ ատոմակայանը առաջին անգամ է վերագործարկվում առանց վերալիցքավորվելու, տնօրենը հավաստիացնում է, որ անվտանգության առումով որեւէ մտահոգություն չկա՝ բոլոր չափանիշները ապահովված են:


Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG