Մատչելիության հղումներ

Այսօր՝ նախագահական ընտրությունների պաշտոնական քարոզարշավի մեկնարկի նախօրեին, Երեւանում պաշտոնապես բացվեց Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) դիտորդական առաքելության գրասենյակը:

Այս կապակցությամբ հրավիրած ասուլիսում ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների դիտորդական առաքելության ղեկավար Փիթեր Այքերը որեւէ կարծիք չհայտնեց թեկնածուների առաջադրման, գրանցման փուլերի, ընդդիմության կողմից բարձրաձայնված խախտումների, բազմազան բողոքների մասին, թեեւ լրագրողների առաջադրած հարցերի ճնշող մեծամասնությունը հենց դրանց էին վերաբերում: Տեղեկացրեց սոսկ, որ վերջին շրջանում Հայաստան այցելած ԵԱՀԿ մի շարք առաքելություններ ուշադրություն հատկացրել են այդ խնդիրներին, կարծիք է արտահայտել նաեւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը:

Ի պատասխան նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանին չգրանցելուն վերաբերող հարցին էլ Այքերը ասաց, թե իրենք միշտ մտահոգվում են, երբ որեւէ թեկնածու չի գրանցվում եւ մտադիր են այդ հարցն ավելի մանրամասն ուսումնասիրել:

Դիտորդական առաքելության ղեկավարը ավելի մեծ տեղ հատկացրեց իրենց առաջիկա անելիքներին՝ հիշեցնելով նաեւ նախորդ ընտրություններում ԵԱՀԿ դիտորդական առաքելությունների եզրակացությունները:

«Մեր դիտորդական աշխատանքը ընտրությունների գործընթացի մոնիտորինգ անցկացնելն է», - ասաց Փիթեր Այքերը: - «Որոշելը, թե արդյո՞ք այն համապատասխանում է ժողովրդավարության միջազգային չափանիշներին, եւ հատկապես այն չափանիշներին, որոնց համաձայնություն են տվել ԵԱՀԿ բոլոր երկրները, այդ թվում Հայաստանը»:

Այքերը հիշեցրեց, որ 1998 թվականին ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը եզրակացրել էր, որ նախագահական ընտրությունները չեն համապատասխանել այն չափանիշներին, որոնք ստանձնել էր Հայաստանը՝ ստորագրելով ԵԱՀԿ փաստաթղթերը: Թվարկեց 98-ին արձանագրված խախտումները՝ քվեատուփերը լցրել են, ձայների հաշվառման մեջ տարբերություններ են եղել, ընտրատարածքներում լիազորություններ չունեցող անձինք են եղել, տեղ են գտել սպառնալիքներ:

Նշելով, որ արդեն 1999 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո ԵԱՀԿ առաքելությունը որոշակի բարելավումներ էր արձանագրել, Այքերը հույս հայտնեց, որ առաջիկա ընտրություններից հետո իրենց դիտորդական առաքելությունը հնարավորություն կունենա նշել, որ առաջընթացը շարունակվում է:
Դրան հասնելու համար, ըստ Այքերի, Հայաստանի կառավարությունը պետք է ապահովի, որ ընտրությունները անցկացվեն թափանցիկ:

ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավարը տեղեկացրեց, որ քարոզարշավի ընթացքում երկարաժամկետ առաքելությամբ Հայաստանի կժամանեն 25 միջազգային փորձագետներ, որոնք կանցկացնեն թեկնածուների քարոզարշավի, ընտրական մարմինների, լրատվամիջոցների աշխատանքի բազմակողմանի մոնիտորինգ: Դիտորդները կհետեւեն, թե ինչպես են լուծվում ընտրական վեճերը, հանդիպումներ կունենան Ազգային ժողովում, կառավարությունում, ԿԸՀ-ում: Դիտորդները կհանդիպեն նաեւ քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների եւ դատական իշխանությունների ներկայացուցիչների հետ:

Դիտորդների այդ առաջին խումբը Հայաստանում կմնա 6 շաբաթ, քվեարկության երկրորդ փուլ լինելու դեպքում՝ ավելի երկար: Իսկ քվեարկությունից մի քանի օր առաջ Հայաստան կժամանի երկրորդ՝ 250 մարդուց բաղկացած խումբը:

Փետրվարի 20-ին՝ ընտրությունների հաջորդ օրը, ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը մամուլի ասուլիսով կներկայացնի նախնական եզրակացությունը: Մանրամասն հաշվետվությունը կհրապարակվի մեկ ամիս անց:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG