Մատչելիության հղումներ

logo-print

Ատոմակայանի ֆինանսական հոսքերը կտնօրինի ռուսաստանյան ընկերությունը


Նախագահ Քոչարյանի ռուսաստանյան այցի շրջանակներում քննարկվել են նաեւ Մեծամորի ատոմակայանի պարտքերին եւ Ռուսաստանից ներկրվելիք միջուկային վառելիքի նոր խմբաքանակին առնչվող հարցեր: Հայկական պատվիրակության կազմում Մոսկվայում գտնվող եւ բանակցություններին մասնակցած «ՀայԷներգո»-յի տնօրեն Իոսիֆ Իսայանը «Ազատություն» ռադիոկայանին հեռախոսով փոխանցեց, որ ատոմակայանի պարտքերի փակման մեխանիզմը արդեն գտնվել է:

«Նորմալ մեխանիզմ է, գործող մեխանիզմ է, պայմանավորվածությունները կան», - ասաց նա:

Գտնված տարբերակը, թեեւ նույնը չէ, ինչ «Գույք՝ պարտքի դիմաց» գործարքը, բայց դրան մոտ տարբերակ է: Ըստ կայացված որոշման, ռուսաստանյան ՌԱՕ ԵԷՍ-ը իր վրա է վերցնում Մեծամորի ատոմակայանի կուտակած պարտքերը (ավելի քան 40 մլն դոլար), որոնք կփոխանցի միջուկային վառելիքի մատակարար ռուսական «ՏՎԵԼ» ընկերությանը: Փոխարենը ՌԱՕ ԵԷՍ-ը ստանում է Հրազդան-Սեւան հիդրոէլեկտրակայանների կասկադի բաժնետոմսերի մի մասը, ինչպես նաեւ Հայկական ատոմակայանի ֆինանսական հոսքերը տնօրինելու լիազորությունը:

Մեծամորի ատոմակայանի տնօրեն Գագիկ Մարկոսյանը հրաժարվեց մեկնաբանություններ տալ՝ ասելով, թե դա դուրս է իր լիազորության շրջանակից: Պետական գույքի կառավարաման նախարարությունից, այդուհանդերձ, «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրին, որ ատոմային էներգետիկան մեր երկրում ռազմավարական նշանակության ոլորտ է, եւ դա կարգավորված է օրենքով. ատոմակայանը ներկայիս կարգավիճակով կարող է լինել միայն պետական: Նույնիսկ հավատարմագրային կառավարման հանձնելու համար անհրաժեշտ է կառավարության համապատասխան որոշում: Չի բացառվում նաեւ, որ Ազգային Ժողովի միջամտության հարց ծագի, քանի որ հարցը առանձին օրենքով կարգավորման ոլորտում է:

Ըստ գտնված տարբերակի, ուստի, ատոմակայանը մնում է պետական, կառավարումը՝ նույնպես պետական, իսկ ֆինանսական հոսքերը տնօրինում է ՌԱՕ ԵԷՍ-ը:

Նախատեսվող տարբերակի մասին վերջնական համաձայնության կողմերը կգան փետրվարի 4-ին, երբ Երեւանում կայանալիք Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստի ժամանակ կստորագրվի համապատասխան համաձայնագիր:


Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG