Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Օրրան»-ն ու «Հայկական ժամանակ»-ը քննարկման առարկա են դարձրել Ռոբերտ Քոչարյանի կարգախոսը: «Փորձենք պատկերացնել, թե ինչ կառաջարկի նա իր ընտրողներին եւ չընտրողներին այս անգամ: Անշուշտ` Արարատյան դաշտի նոր լուսաբաց», - պատկերում է «Օրրան»-ը: - «Իմ կուսակցությունը` իմ ժողովուրդն է» կարգախոսը, տարբեր պատճառներով, պիտանի չէ ու չի էլ գործի: Կհետեւի նոր կարգախոս: Ամենայն հավանականությամբ՝ միավորող: Իր եւ ժողովրդի միջեւ եղած անդունդը շրջանցող: Մոտավորապես այսպիսին. «Մեկտեղ շարունակենք մեր սկսած գործը»: Կամ՝ «Աշխատենք միասին»: Նույն ոգով «Հայկական ժամանակ»-ը շարունակում է. - «Հիմա արդեն ակնհայտ է, որ Ռոբերտ Քոչարյանը առաջիկա նախագահական ընտրություններում այլեւս չի օգտվելու՝ «Իմ կուսակցությունը իմ ժողովուրդն է» հանրահայտ կարգախոսից: Հայտնի է նաեւ նոր կարգախոսը՝ «Աշխատենք միասին»: Իհարկե, առաջին հայացքից ոչինչ չասող այս կարգախոսը ամենեւին էլ անիմաստ չէ, եթե հաշվի առնենք, որ այն ուղղված չէ ընտրողների լայն զանգվածին: Քոչարյանը... որոշել է ամբողջությամբ հենվել չինովնիկների եւ բյուրոկրատական ապարատի վրա: Ու վերը նշված կարգախոսը հենց նրանց է ուղղված: Ասել է թե՝ դուք ամեն ինչ արեք, որ ես պահպանեմ իմ պաշտոնը, եւ ես կպահպանեմ ձեր պաշտոնները: Սա է Քոչարյանի նախընտրական կարգախոսի հիմնական իմաստը», - եզրափակում է «Հայկական ժամանակ»-ը:

«Հայոց Աշխարհ»-ում մեջբերված են ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի խոսքերը. - «Պաշտպանելով Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը՝ այսօր Դաշնակցությունը պատրաստակամ է փաստելու, որ 1998 թվականի իշխանափոխությունը ոչ միայն անհրաժեշտություն էր, այլեւ ունի մեծ պատմական առաքելություն՝ ապացուցելու, որ ազգային անաղարտ սկզբունքներից ելնելով, արդար, ժամանակի փորձությունն անցած միջոցներով գործելով, անպայման կհասնենք մեր նպատակներին, կկերտենք մեր ժողովրդի երազած Ազատ, Անկախ եւ Միացյալ Հայաստանը»:

«Հայկական ժամանակ»-ի մեկնաբանի հայացքով, այս պահին արդեն ակնհայտ է, որ մինչեւ 2003 թվականի փետրվարի 19-ը մնալու է, լավագույն դեպքում, նախագահի չորս-հինգ թեկնածու. - «Տարվող գործընթացները վկայում են, որ արդեն իսկ ձեւավորվել է երեք հիմնական բեւեռ նախագահի երեք հիմնական թեկնածուների՝ Ռոբերտ Քոչարյանի, ՀԺԿ (Հայաստանի ժողովրդական կուսակցություն) նախագահ Ստեփան Դեմիրճյանի եւ «Ազգային միաբանության» նախագահ Արտաշես Գեղամյանի շուրջ»: Անդրադառնալով բեւեռներից յուրաքանչյուրին, մեկնաբանը, մասնավորապես, նշում է. - «Պնդել, թե Վլադիմիր Դարբինյանի կոչից հետո ՀԿԿ (Հայաստանի կոմունիստական կուսակցություն) ողջ 50 հազարանոց էլեկտորատը վազելու եւ քվեարկելու է Գեղամյանի օգտին, լուրջ չէ»: Թերթի մատուցմամբ՝ սպասվում է, որ «որ քարոզարշավի որեւէ փուլում Ստեփան Դեմիրճյանի օգտին իր թեկնածությունը կհանի «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արամ Սարգսյանը»: «ՀԺԿ-ում կարծում են, որ բնավ պետք չէ բացառել, որ մի ինչ-որ իքս պահի Վազգեն Մանուկյանը կհասկանա, որ ավելի լավ է շահել մասը, քան կորցնել ամբողջը, եւ կպաշտպանի ՀԺԿ նախագահի թեկնածությունը», - նշում է մեկնաբանը՝ միեւնույն ժամանակ հավելելով. - «Այդուհանդերձ, Մանուկյանի շրջապատը պարզապես բացառում է, որ Վազգեն Մանուկյանի ամբիցիաները թույլ կտան պաշտպանել այսօրվա քաղաքական դաշտում գտնվող թեկնածուներից որեւէ մեկին»: Ըստ «Հայկական ժամանակ»-ի, գործող նախագահի օգտին իրենց թեկնածությունը, բնականաբար, կհանեն հասարակությանն անհայտ դասախոս Արամ Հարությունյանը եւ Սերժ Սարգսյանի «պատրոնաժով» գործող եւ ապրող Ռուբեն Ավագյանը:

Մամուլը շարունակում է ներկայացնել սոցիոլոգիական հարցումների տարբեր արդյունքներ: «Առավոտ»-ում բերված են Vox Populi հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի հարցման արդյունքները: Հունվարի 14-15-ը հեռախոսային հարցմանը մասնակցած 666 Երեւանի բնակիչների 22 տոկոսը ձայնը տվել է Ռոբերտ Քոչարյանին, 9 տոկոսը՝ Ստեփան Դեմիրճյանին, ավելի քան 3 տոկոսը՝ Արտաշես Գեղամյանին: Նախորդ հարցման համեմատ, ամենամեծ աճ է ունեցել Ստեփան Դեմիրճյանի վարկանիշը: Գրանցված թեկնածուների շարքում փոքր-ինչ նվազել են միայն Արտաշես Գեղամյանի եւ Գառնիկ Մարգարյանի ձայները: Այս հարցման արդյունքում ամենամեծ տոկոսը կազմում են չկողմնորոշվածները՝ ավելի քան 28 տոկոս:

«Հայկական ժամանակ»-ում տպագրված՝ Նախընտրական տեխնոլոգիաների կենտրոնի հարցման աղյուսակում առաջին եռյակը նույնն է. հունվարի 13-14--ը Երեւանում անցկացված հարցման 600 մասնակիցների 25 տոկոսը նախընտրել է Քոչարյանին, 11,5 տոկոսը՝ Դեմիրճյանին, համարյա 10 տոկոսը ձայնը տվել է Գեղամյանին: Դատարանի վճռից հետո Րաֆֆի Հովհաննիսյանի վարկանիշը կտրուկ անկում է ապրել. հարցման արդյունքները վկայում են ոչ թե նրա իրական վարկանիշի անկման, այլ էլեկտորատի մի հատվածի վերակողմնորոշման մասին: «Հովհաննիսյանի էլէեկտորատի վերակողմնորոշված հատվածի ձայները բաշխվել են հիմնականում Վազգեն Մանուկյանի եւ Արամ Կարապետյանի միջեւ», - պարզաբանված է «Հայկական ժամանակ»-ում:

«Նոյյան տապան»-ը հաղթեց», - վերնագրել է «Առավոտ»-ը՝ շարունակելով. - «Երեկ վճռաբեկ դատարանում «Նոյյան տապան»-ի կրած հաղթանակը նշանակում է, որ կապուղիների մրցույթը թերեւս կայանա փետրվարի 1-ին: Սակայն սա բնավ չի պակասեցնում այն խնդիրները, որ խոսքի ազատության առումով կան Հայաստանում»: Ըստ «Հայկական ժամանակ»-ի՝ իշխանությունները իրենց առաջ դրած մինիմում խնդիրը կարող են լուծված համարել. - «Ա1+»-ի կարող է եթեր վերադառնալ ամենաքիչը մեկ ամիս հետո: «Նոյյան տապան»-ին եթեր վերադառնալու համար անհրաժեշտ կլինի երկու-երեք ամիս: Ասել է, թե՝ Հայաստանի Հանրապետությունում նախագահական ընտրությունները կանցնեն առանց այլընտրանքային եթերի»:

Այսօրվա մամուլը հիմնականում շարադրում է Հայաստանի նախագահի Մոսկվա կատարած այցի մանրամասները՝ մեկնաբանությունները բացառություն են: «Այբ-Ֆե» թերթում նշված է. - «Այցի ընթացքում որեւէ ծանրակշիռ համաձայնագիր չի ստորագրվել: Ստորագրվել են մի քանի հերթական փաստաթղթեր, արվել են մի քանի հերթապահ հայտարարություններ»: Ըստ մեկնաբանի՝ վերջին շրջանում Ռուսաստանը մի կողմ դրեց Հայաստանի ռազմավարական դաշնակից լինելու հանգամանքը, պարտքի դիմաց վերցրեց այն ամենը, ինչ անհրաժեշտ համարեց, հրաժարվեց առանց կանխիկ վճարման միջուկային վառելիք տրամադրել, անջատեց Ղարաբաղի միջազգային հեռախոսագծերը»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG