Մատչելիության հղումներ

Վերաքննիչ դատարանը նույնպես մերժում է Րաֆֆի Հովհաննիսյանի հայցը


Վերաքննիչ ատյանի դատարանը այսօր մերժեց նախկին արտգործնախարար, Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանի հայցը հանրապետության նախագահի անգործությունը՝ անվավեր, իսկ իր քաղաքացիությունը 1991 թվականից ճանաչելու վերաբերյալ: Հովհաննիսյանի ներկայիս՝ 2001 թվականից Հայաստանի քաղաքացիությունը նրան զրկում է նախագահական ընտրություններին որպես թեկնածու մասնակցելու իրավունքից:

Թեեւ նիստը նախագահող դատավոր Տիգրան Սահակյանը մերժել էր դատաքննությունը արագացված կարգով անցկացնելու վերաբերյալ դիմող կողմի միջնորդությունը, դատաքննությունն, այդուհանդերձ, ավարտվեց մեկ դատական նիստով եւ համապատասխան վճիռ կայացրեց:

Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչ Վարդան Պողոսյանի փոխանցմամբ, պայքարը շարունակելու են՝ դիմելու են նաեւ վճռաբեկ ատյանին: Ինչ վերաբերում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ)՝ Րաֆֆի Հովհաննիսյանին իբրեւ նախագահի թեկնածու չգրանցելու մասին որոշմանը, ապա, ըստ վերջինիս նախաձեռնող խմբի մամուլի հարցերով պատասխանատու Աշոտ Աղաբաբյանի, բողոք չեն ներկայացնելու առաջին ատյանի դատարանին:

Րաֆֆի Հովհաննիսյանը առաջիկա օրերին հանդես կգա հետագա քայլերի եւ նախագահական ընտրություններին մասնակցելու եղանակի մասին հայտարարությամբ:

Հաջորդ շաբաթվա սկզբներին կորոշակիացվի, թե ի վերջո Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահի որ թեկնածուին է պաշտպանելու կամ աջակցելու ընտրություններին: Ըստ Աշոտ Աղաբաբյանի, իրենք պայքարում են հանուն իրավական պետության կայացման եւ պայքարը շարունակելու են մինչեւ վերջ:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG