Մատչելիության հղումներ

Քոչարյանը «ինչ-որ էթնիկ անհամատեղելիություն» է տեսնում հայերի եւ ադրբեջանցիների միջեւ


Պաշտոնական այցի առաջին օրը ելույթ ունենալով Ռուսաստանյան Դաշնության արտաքին գործերի նախարարության Դիվանագիտական ակադեմիայում, Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը անդրադարձել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին:

«Հայկական ջարդերը Սումգայիթում եւ Բաքվում, 1991-92 թվականներին Ղարաբաղից հայերի զանգվածային ռազմական բռնագաղթի փորձը, խոսում են Ադրբեջանում հայերի բնակության անհնարինության մասին ընդհանրապես։ Խոսքը վերաբերում է ինչ-որ էթնիկ անհամատեղելիության», - իր ելույթում ասել է Քոչարյանը՝ շարունակելով. - «Հաճելի չէ, իկարկե, այդ մասին խոսելը, բայց դա փաստ է: Գրեթե նույնանման բան նկատելի էր նաեւ Բալկաններում։ Սրանով է պայմանավորված մեր հայտարարությունը այն մասին, որ Հայաստանը պատասխանատու է Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության համար։ Ցեղասպանություն ապրած ժողովուրդը չի կարող թույլ տալ դրա կրկնություն»։

Հայաստանի նախագահը մեկ անգամ էլ շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում. - «Ժամանակին Ղարաբաղը ինքնակամ մտել է Ռուսական կայսրության կազմ ոչ այն բանի համար, որ ավելի ուշ հայտնվի Ադրբեջանական Հանրապետությունում»։

Ներկա պաշտոնական այցի շրջանակներում Հայաստանի նախագահը հանդիպումներ է ունենալու Ռուսաստանի նախագահ Պուտինի եւ վարչապետ Կասյանովի հետ:

Քոչարյանի այցը ունի որոշակի նախընտրական ուղղվածություն: Ռուսաստանում է գտնվում ամենամեծ հայկական համայնքը, եւ այստեղ ապրող հայերի մեծամասնությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, ուստի իրավունք ունեն մասնակցել փետրվարի 19-ի նախագահական ընտրություններին:

Այցի շրջանակներում կայանալիք բանակցություններում կարեւոր տեղ ունեն տնտեսական հարցերը: Ծրագրված է Հայաստանի նախագահի հանդիպումը Հայաստանի գազամատակարար ԻՏԵՌԱ ընկերության ղեկավարության հետ:

Իր ելույթում Հայաստանի նախագահը նշել է, որ ապրանքաշրջանառությունը երկու երկրների միջեւ 2002 թվականի 11 ամիսներին կազմել է 223,2 մլն ԱՄՆ դոլար եւ կայուն աճի միտում ունի:

«Տնտեսական համագործակցության ընդլայնման գլխավոր խոչընդոտը երկաթուղային հաղորդակցության բացակայությունն է», - նշել է Ռոբերտ Քոչարյանը: - «Խնդիրը հաճախակի ենք քննարկել, լուծումը չենք կարողանում գտնել: Սա զգալիորեն նեղացնում է ոլորտները, որտեղ համագործակցությունը տնտեսապես արդարացված է»:


Արթուր Տերյան, Մոսկվա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG