Մատչելիության հղումներ

Ռուսաստանցի փաստաբանը կապ է տեսնում Նաղդալյանի սպանության եւ «Հոկտեմբերի 27»-ի միջեւ


«Հոկտեմբերի 27»-ի դատավարության մասնակիցներից փաստաբան Օլեգ Յունոշեւը այսօր հրավիրած ասուլիսում պնդեց, թե անցած տարեվերջին Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Տիգրան Նաղդալյանի սպանությունը անմիջականորեն կապված է «Հոկտեմբերի 27»-ի հետ:

Ըստ Վազգեն Սարգսյանի իրավահաջորդի շահերը դատարանում ներկայացնող ռուսաստանցի փաստաբանի, Տիգրան Նաղդալյանը ոչ միայն «Հոկտեմբերի 27»-ի գործով շատ կարեւոր վկա էր, այլ «մասնակից», եւ եթե դատարանը ժամանակից ձեռնարկեր բոլոր անհրաժեշտ քայլերը եւ արդեն լսած լիներ Նաղդալյանի վկայությունները, վերջինս այսօր ողջ կլիներ:

Յունոշեւը ասաց, թե բավարար հիմքեր ունի նման պատասխանատու հայտարարություն անելու համար: Նրա խոսքերով, Նաղդալյանն է Հունանյանին տրամադրել կեղծ փաստաթղթեր, որոնցով ահաբեկիչը մտել է Ազգային ժողով: Ամենակարեւորը, սակայն, առնչվում է տեսաերիզին: Զինվորական դատախազությունը երբեք չի ժխտել եւ երեկ էլ զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը չժխտեց, որ գոյություն ունի «27-ի երկու օրիգինալ տեսաերիզ»: Երկուսն էլ պատկերում են 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի ունեցած նույն իրադարձությունները:

Ռուսաստանցի փաստաբանի խոսքերով, Տիգրան Նաղդալյանը, սակայն, նախաքննական մարմնին տրամադրել էր դրանցից մեկը միայն, որը, ինչպես բացմիցս պնդել է Յունոշեւը, մոնտաժված է՝ հանված է մոտ 11 րոպե: Նրա պնդմամբ, տեսաերիզի մոնտաժը չէր կարող իրականացվել առանց Նաղդալյանի գիտության եւ թույլտվության, թեեւ վերջինս, ըստ Յունոշեւի, դա արել է ոչ թե անձնական շահագրգռությունից ելնելով, այլ ինչ-որ մեկի խնդրանքով կամ հրամանով: Ուստի, ըստ փաստաբանի, դատարանում Նաղդալյանը ստիպված էր լինելու ասել, թե ինչու է նախաքննական մարմնին տրամադրել միայն մեկ տեսաերիզ:

Օլեգ Յունոշեւը նաեւ պնդեց, թե Նաղդալյանը յոթերորդ մարդն է, որ սպանվել է «Հոկտեմբերի 27»-ի հետ կապված. առաջինը ահաբեկիչներին զենք վաճառած եւ քննչական մեկուսարանում մահացած Նորայր Եղիազարյանն է, իսկ մնացած 5-ի անունները փաստաբանը խոստացավ հրապարակել ավելի ուշ: Ասաց միայն, որ նրանք բոլորն էլ ներկայացնում էին ուժային կառույցները:

Ռուսաստանցի փաստաբանը տեղեկացրեց նաեւ, որ մոտ ապագայում դատարան է ներկայացվելու նոր ապացույց՝ ահաբեկչության օրը նկարահանված նոր տեսաերիզ: Այն, նրա խոսքերով, ուղղակիորեն ապացուցում է, որ Ազգային ժողովի նիստերի դահլիճի անմիջական հարեւանությամբ եղել են զինված խմբեր, որոնք Հունանյանի խմբի անդամներ չեն ճանաչվել եւ հետագայում անհետացել են:

Պաշտպանական կողմը, ինչպես ասաց փաստաբանը, ունի վկաներ, ովքեր պատրաստ են դատարան ներկայանալ եւ հայտնել, որ «27»-ի կազմակերպիչները Հայաստանի բարձրագույն պաշտոնատար անձինք են: Այս անգամ եւս անուններ չհրապարակվեցին: Ասվեց միայն, թե նրանց մի մասը հարցաքննվել է, սակայն այդ ցուցմունքները չկան գործում: Իսկ եթե դատարանը մերժի միջնորդությունը եւ նոր վկաներին դատարան չհրավիրի, Յունոշեւը մամուլի ասուլիս կհրավիրի ու կհրապարակի նրանց ցուցմունքները:

Ռուսաստանցի փաստաբանը ակնարկեց, որ այդ վկաների թվում կարող են լինել ռուս սպաներ, ովքեր կօգնեն պաշտպանական կողմին ապացուցել, որ ռուսական «Ալֆա» ջոկատը Հայաստան էր հրավիրվել բացառապես ահաբեկիչներին վերացնելու նպատակով:


Անուշ Դաշտենց, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG