Մատչելիության հղումներ

Կառավարությունը պայմաններ է մշակում «ԱրմենՏել»-ի հնարավոր նոր սեփականատիրոջ համար


Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը երեքշաբթի օրը անդրադառնալով լուրերին, թե հունական OTE ընկերությունը ուզում է հրաժարվել Հայաստանում հեռահաղորդակցության ոլորտի մենատեր «ԱրմենՏել»-ի բաժնետոմսերից, հաստատեց, որ առանց Հայաստանի կառավարությունը տեղյակ պահելու OTE-ն չի կարող վաճառել «ԱրմենՏել»-ի բաժնետոմսերը:

«Պաշտոնական արձագանք դեռեւս չենք ստացել, բայց նման հայտարարություններ արդեն հնչում են բավական ժամանակ», - ասաց նախարարը՝ հրաժարվելով մանրամասնել հնարավոր նոր գնորդի առջեւ դրվելիք պայմանները:

«Մենք կուզենանք օգտագործել այս իրավիճակը՝ առավելագույնս շտկելու թե' հին սխալները, թե' ձեւավորելու նոր խնդիրներ, որոնք ծագել են վերջին 5 տարիների ընթացքում եւ կապված են եղել հեռահաղորդակցության ոլորտի զարգացման հետ», - մշակվող նոր պայմանների մասին ասաց արդարադատության նախարարը:

Դավիթ Հարությունյանը նաեւ շեշտեց, որ կառավարությունը հետ չի գնի «ԱրմենՏել»-ի բաժնետոմսերը: Նա անգամ անիմաստ համարեց 10 տոկոս բաժնեմասի տնօրինումը պետության կողմից:

Լրագրողները արդարադատության նախարարին հարցեր ուղղելու հնարավորություն ստացան այսօր անցկացված «Ժողովրդավարությունն ու արդարադատությունը» սեմինարից հետո:

Լրագրողներին հետաքրքրեց նաեւ Հարությունյանի կարծիքը, թե արդյոք մեր երկրում դեռեւս չկայացած ժողովրդավարությունը սպառնում է վերածվել ծայրահեղականության: «Մեզանում, թերեւս, դեռեւս չկա նման վտանգ», - ասաց նախարարը:

Արդարադատության նախարարը թեեւ ասաց, որ աշխատում է զերծ մնալ դատարանի վճիռները մեկնաբանելուց, այդուհանդերձ, Րաֆֆի Հովհաննիսյանի՝ ՀՀ քաղաքացիությունը 1991 թվականից ճանաչելու հայցի մերժումը առաջին ատյանի դատարանի կողմից իրավական տեսանկյունից ճիշտ գնահատեց:

«Օրենքի կիրառումը չպետք է կապվի անձի հետ», - շարունակեց նա: - «Մենք չենք ունեցել որեւէ նման դեպք՝ հետին ամսաթվով քաղաքացիություն շնորհելու: Եվ բացառություններ անելը քաղաքական դեմքերի համար եւս համարում եմ ոչ նորմալ մոտեցում»:

Հարցի բարոյական կողմի մասին ասելով, թե «բարոյականությունը եւ իրավունքը մի քիչ տարբեր եւ, ցավոք սրտի, երբեմն չհատվող հարթություններ են», Դավիթ Հարությունյանը, ի պատասխան ընդդիմության պնդմանը վերաբերող հարցին, թե գործող նախագահի քաղաքացիությունը արդեն երկրորդ անգամ ճանաչելով, փաստորեն, երկակի ստանդարտներ են կիրառվում, մեկ անգամ էլ կրկնեց, թե «երբեւէ ուրեէ մեկին հետին ամսաթվով քաղաքացիություն չի շնորհվել»:


Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG