Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Ըստ «Հայկական ժամանակ»-ի, այն, որ «նախագահի գրեթե բոլոր թեկնածուները գլխապատառ փորձում են ստանալ պաշտոնական Մոսկվայի աջակցությունը, թերեւս ակնհայտ է: Ռոբերտ Քոչարյանը այս մրցավազքում ամենեւին էլ ետ չի մնում»: «Հայոց Աշխարհ»-ի հարցազրույցում Ազգային ժողովի պատգամավոր Սեմյոն Բաղդասարյանն ասես արձագանքում է. - «Իշխանությունների եւ ընդդիմության միջեւ մի տեսակ մրցակցություն կա հատկապես Ռուսաստանի աջակցությունն ստանալու առումով, եւ այդ մրցակցությանը տոն տվեց ընդդիմությունը: Սա ես դրական չեմ համարում՝ ոչ թե հատկապես Ռուսաստանի, այլ ցանկացած այլ պետության դերակատարությունը մեր ներքին գործընթացներում այդքան մեծացնելու տեսանկյունից»:

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի՝ հունվարի 7-ին կայացած հանդիպմանը, «Հայկական ժամանակ»-ը գրում է. - «Ներիշխանական կուլիսներում շրջանառվող վարկածներից մեկը սենսացիոն է: Ըստ այդմ, Ռուսաստանի Դաշնությունը, որպես նախագահական առաջիկա ընտրություններում Ռոբերտ Քոչարյանին աջակցելու պայման, պահանջել է մինչեւ նախագահական ընտրությունները Արա Աբրահամյանին նշանակել ՀՀ վարչապետ»: Նախագահի մամլո խոսնակ Վահե Գաբրիելյանը, ի պատասխան, կտրականապես հերքել է այդ տեղեկատվությունը. - «Տեսանելի ապագայում ես բացառում եմ ՀՀ կառավարության փոփոխությունը»: Իսկ վարչապետի մերձավորներից մեկը «Հայկական ժամանակ»-ի թղթակցին ասել է. - «Որեւէ պատրվակով Անդրանիկ Մարգարյանին պաշտոնանկ անելը ծանր հետեւանքներ կունենա իշխանության համար»:

Նույն թերթի վկայությամբ, Ալեքսան Հարությունյանի՝ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ նշանակելու արդյունքում թափուր մնացած ՀՀ նախագահի խորհրդականի պաշտոնը առաջարկվել է DCA ընկերության նախագահ Գագիկ Աբրահամյանին: Վերջինս, սակայն, մերժել է այդ առաջարկը: «Հայկական ժամանակ»-ը հիշեցնում է. - «Եթե Գագիկ Աբրահամյանի անունը ընթերցողներին շատ բան չի ասում, ասենք, որ նա Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հարազատ եղբայրն է, եւ ամենեւին էլ պատահական չէ, որ հենց Մոսկվա կատարելիք այցից առաջ Քոչարյանը նրան է առաջարկել նշված պաշտոնը»:

«Օրրան»-ի թղթակիցը, հետեւելով Ռոբերտ Քոչարյանի շտաբի մեկօրյա աշխատանքային անցուդարձին, արձանագրել է. - «Գիտության կաճառի շենքի բակում կայանել էին 8-10 նախարարների մեքենաներ եւ, իհարկե, այնտեղ էր նաեւ առայժմ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի մեքենան: Ինչպես երեւում է, մեր նախարարներն աշխատանքային օրն իզուր չեն անցկացնում, փակ դռների հետեւում նրանք բավականին երկար՝ ցերեկվանից մինչ թերեւս ուշ երեկո «ռազմավարություն» էին մշակում, թե ինչպես է մեկ փուլով, եվրոպաբար հաղթելու Քոչարյանը»: Շտաբի մամլո պատասխանատու Վահագն Մկրտչյանը թղթակցի հարցին պատասխանել է. - «Շտաբի աշխատանքներում որեւէ նախարար պաշտոնապես ներգրավված չէ», սակայն «օրենքը որեւէ մեկին չի արգելում այստեղ գալ հանդիպումների»:

«Չի կարելի անվերջ խոսել միասնական ծրագրի ու թեկնածուի մասին եւ չփորձել այդ ուղղությամբ քայլ անել», - «Հայոց Աշխարհ»-ում ձեւակերպում է Շավարշ Քոչարյանը։ - «16-ի մեջ կան 7 կամ 8 նախագահացուներ, սակայն հասարակական կարծիքը ինչ-որ բան արձանագրել է եւ հիմա հուշում է 16-ին՝ ուշացած, բայց, այնուամենայնիվ, շրջանակը նեղացնել։ Ինձ ակնհայտ է, որ եթե անգամ միասնական թեկնածու չլինի, մնացած 3-4-ից մեկն է ընկալվելու որպես գործող նախագահի այլընտրանք»:

«Ազգ»-ի մեկնաբանի հայացքով, ավելի մեծ հավանականություն ունի այն տարբերակը, երբ նախագահի գրանցված թեկնածուների զգալի մասը, չգիտես ինչու, վստահ լինելով իրենց անզուգականության վրա, քվեաթերթիկում կուզեն տեսնել իրենց անուն-ազգանունը. «Եվ, իհարկե, որպես քվեարկության արդյունք տեսնելով մեկ տոկոսին, մեծ ցանկության դեպքում, մոտեցող ձայներ, կզարմանան, որ այդքան փոքր վստահության են արժանացել։ Իսկ նրանք, ովքեր կանցնեն մի քանի տոկոսի սահմանը, հաստատապես իրենց ստացած քվեն կհամարեն ներդրում՝ իրենց ակնկալիքները ստանալու համար»:

«Պրոմեթեւս», «ԱԼՄ», «Արմենիա», «Շանթ» եւ «Կենտրոն» հեռուստաընկերությունների ղեկավարները պայմանավորվել են նախընտրական քարոզարշավի ընթացքում սահմանել միանման պայմաններ: Ըստ այդմ՝ յուրաքանչյուր թեկնածուի տրամադրվելու է 80 րոպե եթերաժամ, իսկ րոպեի համար սահմանվել է նվազագույնը 120 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Փաստելով քարոզարշավի միանման պայմանները, եթերից զրկված «Ա1+» հեռուստաընկերության «Այբ-Ֆե» թերթը ներկայացնում է տարբեր թեկնածուների շտաբներից ստացված արձագանքներ: «Մտահոգիչ է, որ հեռուստաընկերությունները միասին են քննել, որոշում կայացրել: Կազմակերպված է եղել, կասկածներ կան, որ այն ղեկավարվել է ինչ-որ տեղից: Նախագահականի մեր աղբյուրները հայտնում են, որ այս որոշումով զբաղվել է Ալեքսան Հարությունյանը», - «Այբ-Ֆե»-ին ասել է ՀԺԿ-ի (Հայաստանի ժողովրդական կուսակցություն) մամուլի քարտուղար Ռուզան Խաչատրյանը: Նրա հաշվարկներով, օրենքով թույլատրելի 60 մլն դրամի կեսը իրենք ստիպված են լինելու ծախսել քաղաքական գովազդի համար: Սակայն ՀԺԿ-ն չի պատրաստվում այդ անել: «Հույսներս չենք դրել հեռուստալիքների վրա, քարոզչության այլ ձեւեր էլ կան», - ավելացրել է Ռուզան Խաչատրյանը:

Նույն թերթի փոխանցմամբ, ԱԺՄ (Ազգային ժողովրդավարական միություն) մամուլի խոսնակ Նաիրա Մնացականյանի կարծիքով, գովազդային սակագները 2-4 անգամ բարձրացնելը սխալ էր: Ըստ նրա, մինչ օրս «ԱԼՄ»-ում կարող էին գովազդ պատվիրել 50 դոլարով, «Շանթ»-ում՝ նույնիսկ 25 դոլարով: «Իշխանությունները ամեն կերպ փորձում են սահմանափակել ընդդիմադիր թեկնածուների՝ ընտրություններին մասնակցելու մեկնարկային պայմանները» - «Այբ-Ֆե»-ում ընդգծել է «Հանրապեություն» կուսակցության մամուլի խոսնակ Սուրեն Սուրենյանցը: Արտաշես Գեղամյանի շտաբի պետ Ալեքսան Կարապետյանի ձեւակերպմամբ, «օպոզիցիային նորից զրկում են եթերից, «Ա1+»-ին փակեցին, հիմա էլ գումարային ինտերվենցիայի են ենթարկում: Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբի մամուլի պատասխանատու Վահագն Մկրտչյանը «Այբ-Ֆե»-ում նշում է. - «Լավ կլիներ՝ ավելի շատ ժամանակ լիներ, գումարը՝ ավելի մատչելի»:

«Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ հունվարի 22-ից 24-ը Նյու Յորքում տեղի է ունենալու հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի հերթական նիստը», - գրում է «Հայկական ժամանակ»-ը՝ հավելելով. - «Մեր տեղեկություններով, հանձնաժողովը հավաքվելու է ամբողջ կազմով: Հանձնաժողովի հայ անդամները արդեն իսկ մեկնել են Նյու Յորք»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG