Մատչելիության հղումներ

Գործարարները դժգոհում են հարկային օրենսդրության մեջ կատարված փոփոխություններից


Հայաստանի վաճառականների միության՝ այսօր անցկացրած կոնֆերանսում հանրապետության տարբեր քաղաքներից ժամանած փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչների հնչեցրած կարծիքներով ու գնահատականներով ուրվագծվեց պաշտոնյաների ներկայացրածից խիստ տարբերվող պատկեր:

Գործարարների խոսքերով, կանխավճարներն այսօր ավելի մեծ համառությամբ են կորզվում, բյուջեն լցնելու՝ հարկահավաքների եռանդը եթե ի վերջո դառնում է տնտեսական աճ, մյուս կողմից՝ սնանկացնում է փոքր բիզնեսը:

«Հարկային տեսուչը կարող է հանկարծակի մտնել եւ ասել, թե՝ բերել եմ ակտը, պետք է ստորագրեք, որ տուգանված եք, կամ՝ որոշակի գումար վճարեք պետբյուջե, որովհետեւ բյուջեում հարցեր կան», - ասաց գյումրեցի գործարար Հովհաննես Վազիգեղցյանը:

Վաճառականների միության նախագահ Ցոլվարդ Գեւորգյանի բողոքը վերաբերում էր վերջերս ընդունված հարկային փաթեթին՝ հատկապես «Պարզեցված հարկի մասին» օրենքում կատարված փոփոխություններին. - «Արտադրողի համար նվազագույն հարկը 3,5 տոկոսից դարձավ 7 տոկոս... առեւտրի ոլորտում աշխատողների համար նվազագույն 2 տոկոսը դարձավ 3,5 տոկոս», - ասաց Վարդանյանը՝ հիշեցնելով, որ Ազգային ժողովում քննարկումների ժամանակ «խոսք գնաց, որ չի բարձրացվելու հարկը»:

«Երկրորդ պրոբլեմը, որ շատ անհանգստացնող է, «Հարկային ծառայության մասին» օրենքի մեջ փոփոխությունների նոր փաթեթն է, - շարունակեց Գեւրոգյանը: - «Օրինակ, երրորդ անձի «դոնոսով», կարող են կալանավորել գործարարին 3 օրով»:

Երրորդ անձ, նրա կարծիքով, միշտ էլ կգտնվի, ուստի յուրաքանչյուր գործարար այդ օրենքի ընդունումից հետո հայտնվում է կասկածյալի կարգավիճակում:

Պաշտոնական տվյալներով, 2002 թվականին փոքր եւ միջին բիզնեսի բնագավառում տնտեսավարողները ավելացել են 4000 սուբյեկտով: Նրանցիցյուրաքանչյուրն ապահովում է 2-4 աշխատատեղ, 2002-ին փոքր եւ միջին բիզնեսի ներդրումը համախառն ներքին արդյունքում ամեաբարձրն է եղել՝ 38 տոկոս: Տնտեսական 12,5 տոկոս աճի 70 տոկոսը ապահովել է փոքր եւ միջին բիզնեսը:

Վաճառականները, սակայն, այսօր այլ պատկեր ներկայացրին:
«Ես գիտեմ բազմաթիվ բիզնեսներ, որոնք իրոք փակվել են՝ սնանկանալու պատճառով», - ասաց, օրինակ, Ցոլվարդ Վարդանյանը՝ շարունակելով, թե որքան շատ է խոսվում կանխավճարների ավանդույթից հրաժարվելու մասին, այնքան ավելի հաճախ են են դիմում այդ միջոցին. - «Եթե առաջ գալիս էին ամիսը գոնե մեկ անգամ, հիմա գալիս են ամիսը երեք անգամ»:

Սպիտակցի գործարար Արթուր Դանիելյանն էլ գտնում է, թե բարձր ատյաններին բողոքելը իմաստ չունի. - «Ինչքան բարձր ատյանից են գալիս, այնքան շատ են գրում, այնքան թիվը մեծանում է»:

Սուրճի փաթեթավորմամբ զբաղվող գործարար Ռաֆայել Շողունցի եկամուտները պակասել են, բայց հարկային տեսուչները նրան ստիպում են վճարել նախկին եկամուտներին համապատասխան հարկեր: «Ասում է՝ հաշվետվությունների մեջ թվեր փոխեք, նոր թվեր ներկայացրեք, որպեսզի ավելի շատ հարկ վճարեք», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց նա: - «Այսինքն՝ ինձ ստիպում է, որպեսզի ես ավելի գումար մուծեմ պետբյուջե»:

Օրենքը, ի դեպ, չի արգելում կանխավճարի գանձումը, սակայն դա պետք է կատարվի տնտեսավարող սուբյեկտի կամքով եւ ոչ թե պարտադրանքով:


Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG