Մատչելիության հղումներ

Նախագահի թեկնածուներից ամենաբարձր եկամուտը հայտարարագրել է Արամ Սարգսյանը


Նախագահի թեկնածուի հավակնորդներից, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ) ներկայացված փաստաթղթերի, անցյալ տարի ամենաքիչ ֆինանսական եկամուտ է ունեցել «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության փոխնախագահ, պահեստի գնդապետ, թոշակառու Գառնիկ Մարգարյանը: Ամենաբարձր ֆինանսական եկամուտ ունեցել է «Հանրապետություն» կուսակցության ղեկավարներից Արամ Սարգսյանի ընտանիքը:

ԿԸՀ-ի մամուլի քարտուղար Լիլիթ Սեդրակյանը փոխանցմամբ, Գառնիկ Մարգարյանի եւ իր ընտանիքի անդամների 2001 թվականի նոյեմբերից մինչեւ 2002 թվականի նոյեմբերը կազմել են 400 դոլարից քիչ ավելի: Թեկնածուն, այդուհանդերձ, կարողացել է հայթայթել եւ վճարել մոտ տասը հազար դոլարի ընտրագրավը: Մարգարյանի ընտանիքի եկամտի միակ աղբյուրը ներքին գործերի նախարարության՝ այս տարվա հուլիսից նշանակած թոշակն է, քանի որ նրա կինը՝ Դոնարա Կատվալյանը, չի աշխատում: Ամուսիններն, ըստ իրենց ներկայացրած փաստաթղթի, որեւէ անշարժ գույք չունեն, բացի «Մերսեդես֊-Բենց» ավտոմեքենայից:

Ամենաշատ ֆինանսական եկամուտ նույն ժամանակահատվածում ունեցել է թեկնածուի հավակնորդ, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, նախկին վարչապետ Արամ Սարգսյանի ընտանիքը՝ ավելի քան 206 միլիոն դրամ: Ընտանեկան բյուջեի առյուծի բաժինը գոյացել է հոր՝ Զավեն Սարգսյանի աշխատավարձից ու այլ եկամուտներից: Շենքեր եւ շինություններ, հողամասեր Արամ Սարգսյանը չունի: Ունի «Ջիփ» ավտոմեքենա:

Ֆինանսական եկամտավորությամբ թեկնածուի հաջորդ հավակնորդը Ռազմավարական եւ Ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնադիր, նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանն է: Ներկայացված հայտարարագրի համաձայն, իր եւ իր ընտանիքի անդամների վերջին մեկ տարվա եկամուտը կազմել է 76 միլիոն դրամից քիչ ավելի: Հովհաննիսյանը ունի բնակելի տուն Երեւանում, հասարակական, արտադրական եւ այլ շինություն՝ տնամերձ հողամասով դարձյալ Երեւանում, «ԳԱԶ 31» ավտոմեքենա: Տիկինը՝ Արմենուհի Խաչիկյանը մոտ երկու անգամ ավելին է վաստակել, քան ամուսինը:

Հաջորդն անցնող տարում մոտ 20 միլիոն դրամ վաստակած լինելու մասին հայտարարած, «Հեռանկար» ռազմավարական նախաձեռնությունների Կենտրոնի տնօրեն Արամ Կարապետյանն է: «Մանց» համալսարանի ռեկտոր Ռուբեն Ավագյանը տարեկան 14 միլիոն դրամի հասնող եկամուտների հայտարագիր է ներկայացրել. տիկնոջ՝ Լյուդմիլա Ավագյանի աշխատավարձի եւ այլ եկամուտների մասնաբաժինը քիչ է հետ մնում ամուսնու վաստակածից:

Եկամտավորությամբ հաջորդ թեկնածուի հավակնորդը գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանն է՝ 10 միլիոն դրամից քիչ ավելի: Ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը, վերջին տարվա ընթացքում հորից երկու անգամ ավելի փող է բերել տուն՝ աշխատավարձի եւ այլ եկամուտների տեսքով: Նախագահը 3 միլիոն դրամից քիչ ավելի աշխատավարձ է ստացել՝ ըստ փաստաթղթի, եւ ոչ մի այլ եկամուտ չի ունեցել:

Գրեթե միմյանց հավասար ընտանեկան տարեկան եկամուտներ են ներկայացրել նախագահի թեկնածուի հավակնորդներ ՀԺԿ (Հայաստանի ժողովրդական կուսակցություն) նախագահ, «Մարս» ընկերության տնօրեն Ստեփան Դեմիրճյանն ու ԱԺՄ (Ազգային ժողովրդավարական միություն) նախագահ, պատգամավոր Վազգեն Մանուկյանը: Ստեփան Դեմիրճյանի ընտանիքի 5,8 դրամի եկամտի կեսից քիչ պակասը գոյացել է իր աշխատավարձից, մյուս կեսից քիչ պակասը՝ մոր՝ Ռիմա Դեմիրճյանի այլ եկամուտներից: Ընտանեկան բյուջեին իր շոշափելի նպաստն է բերել նաեւ տիկինը՝ Թամարա Սիրունյանը՝ այլ եկամուտների տեսքով:

Վազգեն Մանուկյանի՝ տարեկան 5,5 միլիոն դրամի հասած ֆինանսական եկամտի կեսից ավելին գոյացել է ավագ դստեր՝ Աստղիկ Մանուկյանի աշխատավարձից: Մյուս մասը՝ նրա եւ տիկնոջ՝ Վարդանուշ Իշխանյանի աշխատավարձերից: Այլ եկամուտներ, ըստ փաստաթղթերի, չեն եղել: Միաժամանակ, Վազգեն Մանուկյանն ունի բնակելի տուն եւ տնամերձ հողամաս Երեւանում, «Նիվա» ավտոմեքենա:

Գրեթե հավասար եկամուտ են հայտարարգրել նաեւ «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ, պատգամավոր Արտաշես Գեղամյանը եւ Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ շուրջ 2,2 միլիոնական դրամ: Արտաշես Գեղամյանի ընտանիքինը, ըստ փաստաթղթի, գոյացել է հիմնականում իր աշխատավարձից, մնացածը՝ տիկնոջ, Անուշ Պլուզյանի աշխատավարձից: Արամ Սարգսյանի որդին՝ Տիգրան Սարգսյանը գրեթե մեկ֊ երրորդով լրացրել է ընտանեկան տարեկան բյուջեն, մնացած մասը գոյացել է Սարգսյանի հոնորարից ու այլ եկամուտներից:

1,5 միլիոն դրամի եկամուտ է հայտարարագրել ՀԿԿ (Հայաստանի կոմունիստկան կուսակցություն) առաջնորդ Վլադիմիր Դարբինյանը:

Ամենաքիչ եկամուտ հայտարարագրած Գառնիկ Մարգարյանից առաջ ցանկը եզրափակում է Երեւանի պետհամալսարանի ասիստենտ Արամ Հարությունյանը՝ տարեկան մոտ կես միլիոն դրամ:

Հունվարի 20-ին ավարտվում է ԿԸՀ-ում հանրապետության նախագահի թեկնածուների գրանցման փուլը: Այս ընթացքում հանձնաժողովը թեկնածուների ներկայացրած անհրաժեշտ փաստաթղթերի, այդ թվում եւ թեկնածուների առաջադրումը պաշտպանող ստորագրությունների վավերականությունն է ստուգում: Այս վերջին գործընթացը, ըստ Լիլիթ Սեդրակյանի, կավարտվի առաջիկա 2 օրվա ընթացքում, եւ ԿԸՀ-ն կամփոփի արդյունքները: Դրանից հետո գումարվելիք նիստում էլ կորոշվի առաջադրված թեկնածուների գրանցման խնդիրը:


Ռուզաննա Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG