Մատչելիության հղումներ

Ամենավատ մուծվող հարկը Հայաստանում եկամտահարկն է


Ըստ Պետական հարկային ծառայության ղեկավար Երվանդ Զախարյանի, Հայաստանում ամենավատ մուծվող հարկը եկամտահարկն է, որի մասով ստվերայնությունը կրկնակի բարձր է: Իսկ մուտքերի տարեկան ծրագիրը, որպես կանոն, թերակատարվում է: Այդպես էր նաեւ անցյալ տարի, թեեւ, մյուս հարկատեսակների գծով, բացառությամբ շահութահարկի, պետական մուտքերի ծրագիրը գերակատարվել է: Գործատուները գերադասում են ոչ թե պաշտոնապես գրանցել փաստացի վճարած աշխատավարձերը ու դրանցից բաժին հանել բյուջեին ու կենսաթոշակային հիմնադրամին, այլ աշխատավարձը վճարել առձեռն: Այս վիճակը կանխելու նպատակով, ըստ նախարարի, որոշվել է հարկային ծառայության, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության եւ կենսաթոշակային ֆոնդի հետ համատեղ հանձնաժողովներ ստեղծել ու հանկարծակի ստուգումներ կազմակերպել տնտեսավարողների մոտ:

«Եկամտահարկի վերանայման առաջարկություններ կան, սոցիալական ապահովագրության վճարների վերանայման հարց, որպեսզի եկամտահարկերը չթաքցնեն», - ասաց Երվանդ Զախարյանը: - «Բայց դրանք բոլորը քննարկումների շրջանում են, եւ որոշակի մոտեցում եկամտահարկի մասով, օրենսդրական փոփոխություն այսօր մենք չենք կարողանում նախատեսել»:

Զարմանալի չէ, թերեւս, որ եկամտահարկի հետ կապված խնդիրը չի լուծվում. նախ պետք է մարդկանց սովորեցնել պարզապես հարկեր վճարել ու դուրս գալ ստվերից: Այդպես վարվեցին, օրինակ, Ռուսաստանի Դաշնությունում, որտեղ եկամտահարկի դրույքաչափը երկու տարի առաջ կտրուկ իջեցրին մինչեւ13 տոկոսի մակարդակը, եւ արդյունքը ակնհայտ է. երկու տարվա ընթացքում եկամտահարկի գծով մուտքերը կրկնակի ավելացան։ Նման պայմաններում, իհարկե, հեշտ է ներդնել նաեւ երկրի բոլոր քաղաքացիների եկամուտների եւ գույքի պարտադիր հայտարարագրման համակարգը։ Իսկ մեզանում այս ուղղությամբ սոսկ առաջին քայլն է արվել, այսինքն՝ եկամուտները եւ ունեցվածքը պարտադիր հայտարարագրում են բարձրաստիճան պաշտոնյաները, այն էլ՝ ձեւականորեն։

Երվանդ Զախարյանը ասաց, թե այս տարի եկամուտների եւ գույքի վերաբերյալ պարտադիր հայտարարագիր պետք է լրացնեն նաեւ մյուս պետական ծառայողները՝ ընդհանուր առմամբ շուրջ 20 հազար մարդ։ Հաջորդ տարի արդեն իրենց եկամուտների եւ գույքի վերաբերյալ պարտադիր հայտարարագիր պետք է լրացնեն նաեւ խոշոր գործարարներ, իսկ 2005-ին հերթը կհասնի մնացած բոլոր քաղաքացիներին։

Այս տարվա հարկային նորույթներից մեկն էլ, ըստ նախարարի, լինելու է հատուկ հարկային մարմինների համար «Ստուգումների մասին» նոր օրենքի ընդունումը: Հարկային գերատեսչությունը որոշել է ոչ թե կամայական ընտրությամբ այս կամ այն գործարարի մոտ ստուգում անցկացնել, այլ այդ գործը վստահել համակարգչին:

Մեկ այլ հարկային նորույթ վերաբերում է գույքահարկին: Ավելի ստույգ՝ աղքատ կամ միջին խավի ունեցվածքի, ասենք, բնակարանի կամ ավտոմեքենայի դիմաց հարկի փոփոխույթուն չի նախատեսվում, իսկ մեծահարուստ խավի դղյակներն ու «Մերսեդեսներ»-ը կհարկվեն, նախարարի ձեւակերպմամբ՝ «շքեղության հարկով»։ Ավելի բարձր դրույքաչափով կհարկվեն 80 հազար դոլար եւ ավելի արժեք ունեցող առանձնատներն ու բնակարանները, ինչպես նաեւ 120 ձիաուժից հզոր շարժիչ ունեցող մեքենատերերը։ Վերջիններիս համար, օրինակ, տարեկան հարկը կկազմի 700-800 դոլար։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG