Մատչելիության հղումներ

Արամ Սարգսյան. «Ընդդիմություն հանդես է գալու միասնական թեկնածուով»


«Հանրապետություն» կուսակցության ղեկավար անդամ, նախագահի թեկնածու Արամ Սարգսյանը համոզված է, որ ընդդիմությունը դեռեւս չի սպառել միավորվելու հնարավորությունը: «Ես միշտ հայտարարել եմ, որ միասնական թեկնածու լինելու է, եւ ընդդիմությունը հանդես է գալու միասնական թեկնածուով», - այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ կրկին ասաց նախկին վարչապետը՝ ավելացնելով. - «Ամեն ինչ չէ, որ բարձրաձայն պիտի ասենք, եւ կա նաեւ նախընտրական տեխնոլոգիաների խնդիր»:

Ըստ «Ազատություն» ռադիոկայանի աղբյուրների, մինչդեռ, ընդդիմադիր միավորման կազմից ձախ կողմնորոշման ուժերի՝ անցած դեկտեմբերին ստեղծված Ժողովրդահայրենասիրական դաշինքի միասնական թեկնածուն «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանն է: Պաշտոնապես դա կհրապարակվի հունվարի 20-ից հետո: Դաշինք կազմած մյուս երկու ուժերի՝ Հայաստանի կոմունիստական կուսակցության եւ «Սոցալիստական Հայաստան» միավորման առաջադրած թեկնածուները՝ համապատասխանաբար Վլադիմիր Դարբինյանը եւ Գառնիկ Մարգարյանը, ամենայն հավանականությամբ, կհանեն իրենց թեկնածությունները՝ հօգուտ Արտաշես Գեղամյանի:

«Դժբախտաբար մեր երկիրը նորմալ երկիր չէ, ուր գոյություն ունի ընդդիմություն-իշխանություն երկխոսություն, մրցակցություն, այլ ընդհակառակը՝ մեր երկրում կա առճակատում, եւ այդ առճակատումը օր-օրի ավելի սրվում է», - ներքաղաքական իրավիճակը գնահատեց Արամ Սարգսյանը:

Նրա խոսքերով, իշխանությունը փորձում է իր ունեցած ռեսուրսներով վերարտադրվել, իսկ ընդդիմությունը փորձում է իր ունեցած ռեսուրսներով պահպանել սահմանադրական կարգը եւ վերցնել իշխանությունը:

Պատասխանելով հարցին, թե ինչպիսի փոփոխություններ են կրել Ռոբերտ Քոչարյանի հնարավորությունները նախագահ ընտրվելու առումով, Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի սպանությունից հետո, Արամ Սարգսյանը ասաց. - «Հնարավորությունները Ռոբերտ Քոչարյանի Տիգրան Նաղդալյանի սպանությունից առաջ կամ հետո չեմ կարծում, որ փոփոխվել են: Ընդհանուր առմամբ երկրում մթնոլորտն է լարվել, որը ի վնաս է թե' Ռոբերտ Քոչարյանին, թե' մնացած թեկնածուներին»:

Արամ Սարգսյանը ավելացրեց, որ իր համար ձեռնտու էր, որ Տիգրան Նաղդալյանը բացատրություն տար դատարանում 1999 թվականի հոկտեմբերի 27-ի տեսաերիզի վրա կատարված միջամտության վերաբերյալ: Ինքն արդեն անվերապահորեն համոզված է, որ միջամտություն եղել է, եւ կարծում է, որ այդ համոզմունքն արդեն փոխանցված է նաեւ դատական մարմիններին:

«Ո՞ւմ ձեռնտու չէր, որ Տիգրան Նաղդալյանը այդ հարցին պատասխանի», - հարց բարձրացրեց Վազգեն Սարգսյանի եղբայրը: - «Սա նույնպես որպես վարկած թողնում եմ համապատասխան մարմինների քննարկմանը»:

Համեմատելով 1998-ի նախագահական ընտրությունները եւ ներկայիս նախընտրական մթնոլորտը, Արամ Սարգսյանը ասաց, թե, ի տարբերություն 1998-ի, երբ իշխանական թեւը ավելի կուռ էր, այսօր իշխանական թեւում գտնվող մարդիկ «շատ ավելի ծառայամիտ են, քան գաղափարական»:

Դառնալով ներկայիս ընդդիմությանը, նախկին վարչապետը ասաց, թե վերջինիս շարքերում խարիզմատիկ լիդերներ չկան: «Բայց գոյություն ունեն լիդերներ, որոնք ունեն թե' խոսելու հմտություն, թե' համբերություն, թե' մտածելու ունակություն», - ավելացրեց նա:

Գնահատելով Րաֆֆի Հովհաննիսյանի՝ ՀՀ քաղաքացիությունը 1991 թվականից ճանաչելու հայցի մերժումը առաջին ատյանի դատարանի կողմից, Արամ Սարգսյանը ասաց, որ այստեղ նորից տեսնում ենք երկակի ստանդարտներ. Ռոբերտ Քոչարյանին ճանաչում են որպես երկրի քաղաքացի, իսկ Րաֆֆին Հովհաննիսյանին՝ ոչ:


Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG