Մատչելիության հղումներ

Դատարանը մերժում է Րաֆֆի Հովհաննիսյանի հայցը


Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը այսօր մերժեց նախագահի առաջադրված թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի հայցը՝ իրեն Հայաստանի Հանրապետության քաղաքացի ճանաչել 1991 թվականից, ինչը նրան հնարավորություն կտար մասնակցել նախագահական ընտրարշավին:

Ընդամենը երկու դատական նիստ պահանջվեց անհիմն համարելու համար Հայաստանի առաջին արտգործնախարարի պահանջը՝ իրեն ՀՀ քաղաքացի համարել ՀՀ քաղաքացիություն հայցող առաջին դիմումը հանրապետության նախագահին ներկայացնելու օրվանից:

Դատավոր Սարո Արամյանի հրապարակած վճռին նախորդեց դատարանում նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Արտաշես Կակոյանի ելույթը: Վերջինս ասաց, թե արխիվում չի հայտնաբերվել Րաֆֆի Հովհաննիսյանի՝ 1991 թվականի օգոստոսի 23-ի դիմումը, որի հիման վրա Հովհաննիսյանը պահանջում է իրեն ՀՀ քաղաքացի ճանաչել այդ օրվանից: Կակոյանը հավելեց, որ այն ժամանակ գործող օրենքի պահանջով դիմումը պետք է ներկայացվեր ներքին գործերի նախարարություն: Իսկ 1991 թվականի սեպտեմբերից մինչեւ 1995 թվականի հուլիսը ներառյալ քաղաքացիություն ստանալու խնդրանքով դիմումներ չեն ստացվել: Պատշաճ ձեւակերպված առաջին դիմումը ստացվել է 1997 թվականին:

Ուշագրով է, որ դատական գործում միմյանց հակասող երկու տեղեկանք կա: Դատավոր Արամյանի փոխանցմամբ, 1998 թվականի փետրվարի 12-ին նախագահի պաշտոնակատար Ռոբերտ Քոչարյանին ներկայացրած փաստաթղթում արդարադատության նախկին նախարար Մարատ Ալեքսանյանը նշել է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը քաղաքացիություն ստանալու խնդրանքով դիմումներ է գրել 1991, 1995, 1996 թվականներին: Կակոյանը մինչդեռ, պնդում է, թե իր պաշտոնական հարցմանը պատկան մարմինները պատասխանել են, որ 1991 թվականին նման դիմում չի եղել:

Րաֆֆի Հովհաննիսյանի Հայաստանի քաղաքացիություն է շնորհվել 2001 թվականին՝ ԱՄՆ-ի քաղաքացիությունից հրաժարվելուց հետո:

Դատավարությունից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ դատարանի վճիռը անպայման բողոքարկելու են ավելի բարձր դատական ատյաններում:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG