Մատչելիության հղումներ

Հանրային հեռուստառադիոընկերության նոր ղեկավարը վստահեցնում է, որ նախընտրական շրջանում «կգործի միայն օրենքը»


«Տիգրան Նաղդալյանի սպանությունից հետո ինձ համար շատ ծանր էր նման որոշում ընդունելը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում հինգշաբթի օրը ասաց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը: - «Բայց ես երեւի իրավունք չունեմ չընդունել այդ առաջարկությունը նաեւ այն բանի համար, որ եթե ինչ-որ մեկը մտածում էր, որ կարելի է այս սպանությամբ ահաբեկել այն մարդկանց, որ աշխատում էին Տիգրան Նաղդալյանի հետ, ապա սա նաեւ պատասխան է այդ մարդկանց, որ դա նրանց չի հաջողվի»:

Դեկտեմբերի 28-ի սպանությունը դեռեւս բացահայտված չէ, եւ չի բացառվում նաեւ վարկածը, որ Նաղդալյանը սպանությունը կապված է նրա՝ որպես Հանրային հեռուստառադիոընկերություն խորհրդի նախագահի, գործունեության հետ: Այս առնչությամբ Հարությունյանը ասաց. - «Եթե ցանկություն կար նրան [Տիգրան Նաղդալյանին] սպանելով վախեցնել, ապա սպանությունը իրագործողներին չի հաջողվել: Ես ոչ միայն վախեցած չեմ, այլ նաեւ շատ ավելի վճռական եմ տրամադրված, քան կարող է ոմանց թվալ»: Ալեքսան Հարությունյանը ճշգրտեց, թե այդ վճռականությունը, մասնավորապես, նախընտրական շրջանում կարտահայտվի նրանով, որ «այստեղ կգործի միայն օրենքը»:

«Բոլոր թեկնածուների համար կապահովվեն հավասար պայմաններ օրենքի տառին ու ոգուն համապատասխան», - վստահեցրեց նա:

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նոր նախագահը, ի պատասխան կադրային փոփոխություններին վերաբերող հարցին, ասաց, թե «այս պահին նման ցանկություն չկա»:

Ալեքսան Հարությունյանը, ով 1990 թվականին եղել է «Ղարաբաղ» կոմիտեի մի շարք անդամների վստահված անձը, 1991-ին վարչապետ Վազգեն Մանուկյանի հետ հիմնադրել է «Հայլուր» հեռուստածրագիրը՝ ընդդեմ Գերագույն խորհրդի այն ժամանակվա նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի, այնուհետեւ Տեր-Պետրոսյանի աշխատակազմի նախագահի տեղակալն է եղել, դրանից հետո՝ վարչապետ, իսկ քիչ անց՝ արդեն նախագահ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավարը, միանշանակ ասաց, թե առաջիկա ընտրություններում գործող նախագահի տեսականորեն հնարավոր պարտության դեպքում ինքը հրաժարական կտա՝ անկախ այն բանից, թե մյուս թեկնածուներից ով կընտրվի:

«Ես համոզված եմ, որ Ռոբերտ Քոչարյանը կհաղթի», - ավելացրեց նա:


Ռուզաննա Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG