Մատչելիության հղումներ

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նոր նախագահը Ալեքսան Հարությունյանն է


Այսօր գումարած արտահերթ նիստում Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը նախագահ է ընտրել երեկ նախագահ Քոչարյանի հրամանագրով խորհրդի անդամ նշանակված Ալեքսան Հարությունյանին, իսկ տեղակալ՝ նույնպես երեկ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով նշանակված անդամ Վարդան Կոպյանին:

Ալեքսան Հարությունյանը խորհրդի նախագահի պաշտոնում փոխարինել է անցած դեկտեմբերի 28-ին սպանված Տիգրան Նաղդալյանին, իսկ Վարդան Կոպյանը՝ Աշոտ Մանուկյանին, որի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են նախագահի երեկվա մեկ այլ հրամանագրով:

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նորընտիր նախագահի պաշտոնավարման ժամկետը հաշվարկվելու է 2001 թվականի հունվարի 19-ից՝ 6 տարով. այդ օրը խորհրդի նախագահ էր ընտրել Տիգրան Նաղդալյանը:

37-ամյա Ալեքսան Հարությունյանը 1991-ին եղել է «Հայլուր» անկախ լրատվական ծառայության տնօրեն, 1992-1993 թվականներին եղել է Հայաստանի առաջին նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ: 1998-1999 թվականներին՝ Հայաստանի արդեն երկրորդ նախագահի աշխատակազմի ղեկավար: Իսկ 1999 թվականից նոյեմբերից մինչեւ նոր նշանակումը նախագահ Ռոբերտ Քոչարյանի խորհրդականn էր:

30-ամյա Վարդան Կոպյանը ունի տնտեսագիտական եւ իրավաբանական կրթություն: Աշխատել է «Հայէկոնոմբանկ»-ում, Աջափնյակի թաղապետարանում: 1998-ից աշխատել է հանրապետության նախագահի աշխատակազմի տնտեսագիտական, այնուհետեւ պետաիրավական վարչություններում: Իսկ մինչեւ երեկվա նշանակումը պաշտոնավարում էր Արդարադատության խորհրդի քարտուղարությունում:

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նիստում նոր նախագահն ու տեղակալը ընտրվել են միաձայն քվեարկությամբ:

«Գնահատում եմ նորմալ, տրամաբանական: Այդպես էլ պետք է լիներ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց խորհրդի առաջին կազմից մնացած միակ ներկայացուցիչ Հենրիկ Հովհաննիսյանը: - «Ալեքսան Հարությունյանն այն մարդն էր, որ Տիգրանի հետ միասին «Հայլուր»-ը ստեղծեցին ժամանակին... Նախագահի աշխատակազմի մարդ, որ գիտեր նաեւ հեռուստատեսությունը»:

Հովհաննիսյանի փոխանցմամբ, մոտ օրերս խորհրդի նոր նիստ կգումարվի եւ կորոշվի աշխատանքային գործունեության ընթացքը: Նրա կարծիքով, հազիվ թե խորհրդի գործունեությունը կրի շոշափելի փոփոխություններ:


Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG