Մատչելիության հղումներ

Դատարանը կարող է Րաֆֆի Հովհաննիսյանի հայցով վճիռ չկայացնել մինչեւ թեկնածուների գրանցման վերջնաժամկետը


Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում Հայաստանի նախագահի թեկնածուի հավակնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հայցով այսօր սկսված դատավարությունը կարող է ձգձվել մինչեւ հունվարի 20-ը ներառյալ, երբ լրանում է նախագահի թեկնածուների գրանցման ժամկետը: Ինչպես արագացված դատավարություն անցկացնելու միջնորդությանն ի պատասխան ասաց դատավոր Արամյանը, քանի որ սա բուն ընտրական վեճ չէ, դատարանը պարտավոր չէ հնգօրյա ժամկետում վճիռ կայացնել, նաեւ՝ առաջին ատյանի դատարանի վճիռը վերջնական չէ ու բողոքարկման ենթակա է:

«Պատրաստ եմ մինչեւ վերջ պաշտպանել Հայաստանի Հանրապետության քաղաքացիության իմ իրավունքները, այդ թվում նաեւ ընտրելու եւ ընտրվելու իրավունքը», - «Ազատություն» ռադիոկայանին այսօր ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Հայաստանի ընտրություններում ընտրելու իրավունք նորանկախ Հայաստանի առաջին արտգործնախարար Հովհաննիսյանը ստացել է 2001 թվականից՝ Հայաստանի քաղաքացի ճանաչվելով, բայց նախագահ ընտրվելու իրավունքի համար առնվազն տասը տարվա քաղաքացիություն պետք է ունենա: Անձնագրերի եւ վիզաների վարչության՝ ԿԸՀ ներկայացնելու համար տրամադրած տեղեկանքով Րաֆֆի Հովհաննիսյանը Հայաստանի քաղաքացի է 2001 թվականից: Եվ դատարան դիմելով, Հովհաննիսյանը վերջին հաշվով հայցում է իրեն Հայաստանի քաղաքացի ճանաչել 1991 թվականի սեպտեմբերից: Այն ժամանակվանից, երբ սկիզբ է առել Հայաստանի քաղաքացիություն խնդրող իր դիմում֊-նամակների շարքը նախ՝ Գերագույն Խորհրդի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, ապա երկրի նախագահներ Տեր֊Պետրոսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին:

Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքերով, դատարանի արդար վճիռը ենթադրում է, որ «ես որպես ՀՀ քաղաքացի կճանաչվեմ առաջին դիմումի օրվանից»:

Չնայած այս դատավարությունը կարելի է անվանել «Րաֆֆի Հովհաննիսյանն ընդդեմ անկախ Հայաստանի երկու նախագահների», սակայն, եթե դատարանը բավարարի Հովհաննիսյանի հայցը, հետեւանքը ոչ թե նախագահների պատասխանատվությունն է ժամանակին Հովհաննիսյանին քաղաքացիություն չշնորհելու համար, այլ 11 տարվա նրա քաղաքացիության ճանաչումը:

Րաֆֆի Հովհաննիսյանի շահերը դատավարության ընթացքում ներկայացնում են Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների կենտրոնի հանրային կապերի պատասխանատու Աշոտ Աղաբաբյանը, Փաստաբանների միջազգային միության անդամ Ազատ Շահբազյանը, ԱԺԿ (Ազգային ժողովրդավարական կուսակցություն) փոխնախագահ Վարդան Պողոսյանը եւ նախորդ Ազգային Ժողովում ընդունված ընտրական օրենսգրքի հեղինակների գլխավոր խորհրդատու Հրայր Թովմասյանը:

Պատասխանող կողմերի շահերը ներկայացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովում նախագահի թեկնածուի հավակնորդ, երկրի գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի լիազոր ներկայացուցիչ Արտաշես Կակոսյանը:

Կողմերի հարցադրումների ծանրության կենտրոնը, կարելի է ասել, բանավեճն էր, թե Րաֆֆի Հովհաննիսյանին հնարավո՞ր էր Հայաստանի քաղաքացիություն շնորհել՝ առանց Միացյալ Նահանգների քաղաքացիությունից նրա հրաժարվելու: Դիմող կողմը պատճառաբանում էր, որ դիմում-֊նամակներում Հովհաննիսյանը երաշխիքներ է հայցել, թե կստանա Հայաստանի քաղաքացիություն, որպեսզի մինչ այդ հրաժարվի այլ երկրի քաղաքացիությունից: Բայց չի ստացել:

Պատասխանող կողմի շահերի ներկայացուցիչը դատարանում ելույթ կունենա վաղվա նիստում: Այդուհանդերձ, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին նախագահ Քոչարյանի աշխատակազմի համապատասխան վարչությունից, Րաֆֆի Հովհաննիսյանից սահմանված կարգով անհրաժեշտ փաստաթղթերը նախագահի աշխատակազմն առաջին անգամ ստացել է 1997 թվականին, եւ մեկ ամսվա ընթացքում նրան ծանուցագիր է ուղարկվել, որ ԱՄՆ-֊ի քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում նրան կշնորհվի Հայաստանի քաղաքացիություն: Րաֆֆի Հովհաննիսյանը ԱՄՆ-֊ի քաղաքացիությունից հրաժարվել է 2001-ի ապրիլին միայն, եւ նույն տարվա օգոստոսին նրան շնորհվել է Հայաստանի քաղաքացիություն:


Ռուզաննա Խաչատրյան եւ Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG