Մատչելիության հղումներ

Ըստ երեքշաբթի օրը Բաքվից ստացված հաղորդումների, Թուրքիայի կառավարող՝ «Արդարություն եւ զարգացում» կուսակցության առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել մոտ ապագայում լուծել Լեռնային Ղարաբաղի հարցը՝ ի նպաստ Ադրբեջանի: Նա ակնարկել է նաեւ, թե բացառում է Հայաստանի նկատմամբ թուրքական քաղաքականության որեւէ մեղմացում:

«Մենք հուսով ենք, որ այս հարցը հնարավորինս արագ կլուծվի Ադրբեջանի օգտին: Մենք մեր ադրբեջանցի եղբայրների հետ ենք», - հայտարարել է Էրդողանը Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի հետ բանակցելուց հետո: Տեղական թերթերից մեկի մեջբերմամբ, թուրք գործիչը ասել է նաեւ, թե բավարարված չէ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի, ֆրանսիացի եւ ռուսաստանցի միջնորդների «անպտուղ գործունեությամբ»:

Ալիեւը եւ նրա վարչակազմի մյուս ներկայացուցիչները բազմիցս քննադատել են միջազգային միջնորդներին՝ Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական վերահսկողության վերականգնում նախատեսող առաջարկներ չներկայացնելու համար:

Անցած նոյեմբերին խորհրդարանական ընտրություններում համոզիչ հաղթանակ տարած կուսակցության առաջնորդը Բաքվից է սկսել իր շրջայցը նախկին Խորհրդային Միության թրքախոս հանրապետություններ: Հատկապես սերտ են Թուրքիայի էթնիկական եւ մշակութային կապերը Ադրբեջանի հետ, եւ Թուրքիան ամեն կերպ սատարել է Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հարցում:

Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, որոնց կարգավորումը Թուրքիան կապում է Լեռնային Ղարաբաղի հարցի ադրբեջանանպաստ լուծման հետ, ապա դրանք, ըստ Էրդողանի, շոշափելի փոփոխություններ չեն կրի: «Անկարան երբեք չի գործի ընդդեմ Ադրբեջանի ժողովրդի կամքի», - լրագրողներին ասել է նա: - «Այդ առումով, Թուրքիան կշարունակի իր քաղաքականությունը եւ կկանգնի Ադրբեջանի ժողովրդի կողքին»:

Էրդողանը ասել է, որ Թուրքիան եւ Ադրբեջանը է'լ ավելի են սերտացնելու հարաբերությունները: Նա նշել է, մասնավորապես, որ հարկ է արագացնել ադրբեջանական գազն ու նավթը Թուրքիա տեղափոխող խողովակաշարերի կառուցումը:

Անցած տարեվերջին «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը ասել էր, որ, չնայած Թուրքիան հրաժարվում է վերանայել ադրբեջանամետ դիրքորոշումը, պաշտոնական Երեւանը ուզում է շարունակել անմիջական դիվանագիտական հանդիպումները Անկարայի հետ՝ բարելավելու երկկողմ կապերը: 2001 եւ 2002 թվականներին Օսկանյանը մի շարք հանդիպումներ է ունեցել այդ տարիներին Թուրքիայի արտգործնախարար Իսմայիլ Ջեմի հետ: Իր նոր գործընկեր Յաշար Յաքիշի հետ Վարդան Օսկանյանը դեռ չի հանդիպել:


Էմիլ Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG