Մատչելիության հղումներ

logo-print

Ընդդիմությունը հանդես է գալու Նաղդալյանի սպանությունը դատապարտող հայտարարությամբ


Ընդդիմադիր միավորման խորհուրդը վաղը հանդես է գալու հայտարարությամբ Հայաստանի հանրային հետուստառադիոընկերության խորհրդի նախագահ Տիգրան Նաղդալյանի սպանության առնչությամբ:

Դեկտեմբերի 28-ին առայժմ անհայտ ոճրագործի կրակոցով իրականացված սպանությունը դատապարտող առանձին հայտարարություններով «16»-ը կազմող կուսակցությունները արդեն հանդես են եկել: Իսկ վաղը «16»-ի խուրհուրդը կտարածի արդեն համատեղ հայտարարություն:

Հայտարարության բովանդակության մասին մանրամասներ նիստի մասնակիցները գերադասեցին չհայտնել՝ այն հիմնավորմամբ, որ տեքստը դեռ պետք է քննարկվի եւ համաձայնեցվի: Սակայն, դատելով ընդհանուր տրամադրություններից, կարելի է եզրակացնել, որ խորհրդի անդամներն դատապարտելու են նախ կատարված հանցագործությունը, ապա եւ՝ «իշխանությունների որոշ ներկայացուցիչների հայտարարությունները սպանությունը քաղաքականացնելու վերաբերյալ»:

«Ես չեմ ժխտում քաղաքական շարժառիթները», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Հայաստանի կոմունիստական կուսակցության ղեկավար Վլադիմիր Դարբինյանը՝ ավելացնելով. - «Մարդուն կյանքից զրկելը ամենածանր ոճրագործությունն է, բայց նույնչափ էլ ծանր ոճրագործություն է մարդու սպանությունը քաղաքական շարժառիթներով օգտագործելը»:

«Սոցիալիստական Հայաստան» միավորման նախընտրական շտաբը այսօր տարածած հայտարարությամբ մեղադրում է իշխանություններին, որ «իրենց միավորման դեմ աննախադեպ հարձակում են սկսել Ամանորի նախօրեին առանց որեւէ հիմքի, օրենքի կոպիտ ոտնահարումով միավորման անդամների եւ ակտիվիստների ձերբակալությամբ»: Հայտարարության հեղինակներն իշխանություններից պահանջում են նաեւ կատարվածի իրավական գնահատականը տալ եւ պատժել «անօրինականությունների համար պատասխանատու բոլոր պաշտոնյաներին»:

«Դատապարտում եմ տեռորիզմի ցանկացած դրսեւորում, դատապարտում եմ ինչ-ինչ խնդիրները մարդու կյանքի գնով լուծելու ցանկացած մոտեցում, բացի պատերազմից», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց «Հանրապետություն» կուսակցության ղեկավար անդամ, ՀՀ նախագահի թեկնածու Արամ Սարգսյանը՝ դատապարտելով նաեւ Տիգրան Նաղդալյանի սպանությունը քաղաքական շահարկումների ենթակողներին: Նրա խոսքերով, կա նախաքննության մարմին, որը պետք է քննության առնի գործին առնչվող հնարավոր բոլոր վարկածները: Նա իշխանություններից ու երկրի նախագահից պահանջեց բացահայտել գործը:

Միեւնույն ժամանակ, Արամ Սարգսյանը խորհուրդ տվեց նախաքննության մարմնին չանտեսել նաեւ «Հոկտեմբերի 27»-ի վարկածը. - «Ես նաեւ տեսնում եմ, որ օր-օրի պակասում են «Հոկտեմբերի 27»-ով վկաները: Նույն Տիգրան Նազարյանը, որը իր հեռուստաժապավենում հայտարարեց, որ ինքը վախենում է Հայաստան գալ եւ իրեն վախեցրել են»:

Հայաստանի ժողովրդական կուսակցության առաջանորդ, նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանի կարծիքով նույնպես որեւէ վարկած չի կարելի բացառել: «Մենք անընդունելի ենք համարում, իհարկե, ուղղորդման փորձերը հենց առաջին իսկ օրվանից», - ավելացրեց Դեմիրճյանը:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG