Մատչելիության հղումներ

Քանաքեռի ՀԷԿ-ը կաշխատի ամբողջ հզորությամբ


Էներգետիկայի նախարարության խոսնակ Լուսինե Հարությունյանի փոխանցմամբ, հունվարի 10-ից շահագործման կհանձնվեն Քանաքեռի հիդրոէլեկտրակայանի 5-րդ եւ 6-րդ էներգաբլոկերը՝ յուրաքանչյուրը 25 մեգավատտ հզորությամբ:

Քանաքեռի ՀԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը չէր աշխատում 1995 թվականից, իսկ 6-րդը՝ 2000 թվականից: 66 տարվա պատմություն ունեցող Քանաքեռի ՀԷԿ-ի երկու էներգաբլոկերը վերագործարկումը հնարավոր է դարձել գերմանական KFW բանկի տրամադրած վարկի շնորհիվ:

Գերմանիայի հետ միջկառավարական համաձայնագրի շրջանակներում KFW բանկը տրամադրել է 40 տարի մարման ժամկետ ունեցող արտոնյալ վարկ՝ 35 մլն գերմանական մարկ: Հունվարի 10-ից Քանաքեռի ՀԷԿ-ը կաշխատի ամբողջ հոզրությամբ եւ հնարավորություն կտա էներգաարտադրույթունը Հայաստանում ավելացնել տարեկան 64 մլն կիլովատտ/ժամով: Այն կդառնա ԱՊՀ տարածքում իր հնարավորություններով եզակի հիդրոկայան՝ զինված գերժամանակակից գերմանական սարքավորումներով:

Շարունակում է, մինչդեռ, անորոշ մնալ Մեծամորի ատոմակայանի վերագործարկման հարցը: Այն պետք է աշխատանքը վերսկսեր անցած դեկտեմբերի 3-ին, սակայն մինչեւ օրս շարունակվում են միջուկային վառելիքի ներկրման ուղղությամբ նախկինում անպտուղ բանակցությունները: Մեր մատակարար ռուսական կողմը անդրդվելի է. նոր խմբաքանակի ներկրման համար հարկավոր է վճարել մոտ 8 մլն դոլար: Էներգատիկայի նախարարությունից «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին, թե մինչեւ հունվարի վերջը ատոմակայանը կվերալիցքավորվի ու կվերագործարկվի: Հարկ է նշել, սակայն, որ վառելիքի ներկրումից հետո ատոմակայանի գործունեությունը վերսկսելու համար անհրաժեշտ է եւս 25 օր:

8 մլն դոլարի վճարումը, մինչդեռ, այս անգամ կարող է բավարար չլինել, քանի որ Ռուսաստանը սկսել է հիշեցնել նաեւ 1995-ից կուտակված 32 մլն դոլար պարտքի մարման մասին: Ներկայումս էլեկտրաէներգիայի պահանջարկը ապահովվում է Իրանից ներկրվող էլկետրաէներգիայի հաշվին, որը կվերադարձվի ամռանը՝ Հայաստանից Իրան հոսանք արտահանելով, եւ, իհարկե, ջերմակայանների արտադրած հոսանքի հաշվին, ինչը բավականին թանկ էներգիա է:

«Հայկական էլեկտրացանցեր» ընկերության մամուլի խոսնակ Մարգարիտ Գրիգորյանը «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց, որ անցած օրերին եղած հոսանքազրկումները տեխնիկապես վատ վիճակում գտնվող բաշխիչ ցանցերում տեղի ունեցած վթարների հետեւանք են: Հոսանքազրկումները հովհարային բնույթ չեն կրում եւ առաջիկայում նման վտանգ չկա: Իսկ էլեկտրաէներգիայի պակասորդ չկա. «Հայէներգո»-ն ապահովել է ամբողջ պահանջարկը, որը հատկապես բարձր է եղել դեկտեմբերի վերջին օրերին:


Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG