Մատչելիության հղումներ

logo-print
Հանրային հեռուստառադիոընկերության նախագահ Տիգրան Նաղդալյանի սպանության առնչությամբ իրավապահ մարմինները առնվազն երկու ձերբակալություն են կատարել երկուշաբթի օրը: Նույն օրը տեղի ունեցավ նաեւ սպանված լրագրողի հուղարկավորությունը:

Գլխավոր դատախազության ներկայացուցիչը, որը կցանկացավ հրապարկել իր անունը, «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ ձերբակալված անձինք, որոնցից մեկը անդամակցում է ազգայնական մի կազմակերպության, իսկ մյուսը՝ ընդդիմադիր փոքրաթիվ կուսակցության, կասկածվում են սպանությանը առնչություն ունենալու մեջ: Նա ավելացրեց, որ կասկածյալները կարող են ազատ արձակվել ու նաեւ չբացառեց նոր ձերբակալությունների հնարավորությունը օրվա ընթացքում:

Ձերբակալվածներից մեկը՝ Ալբերտ Մխիթարյանը «Ազատագրված տարածքներ» կազմակերպության անդամ է: Ընդդիմությանը հարող այս կազմակերպությունը հանդես է գալիս Ղարաբաղյան հակամարտության լուծման շրջանակներում ազատագրված որոշ տարածքներ Ադրբեջանին վերադարձնելու դեմ: Կազմակերպության փոխնախագահ Արմեն Եղյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ Մխիթարյանը ձերբակալվել է սեփական բնակարանում կատարված խուզարկությունից հետո: Եղյանի խոսքերով, խուզարկության ժամանակ հայտնաբերվել է միայն դաշույն:

Արմեն Եղյանը ասաց նաեւ,որ Մխիթարյանը մասնակցել է Ղարաբաղյան պատերազմին, մինչեւ 1998 թվականը ծառայել է Հայաստանի զինված ուժերում:

Մյուս ձերբակալվածը՝ Գրիգոր Սարգսյանը, փոքրաթիվ «Հայրենիք եւ պատիվ» ընդդիմադիր կուսակցության անդամ է: Նրա ձերբակալության մասին հայտնել է «Սոցիալիստական Հայաստան» միավորման (որի մեջ է մտնում «Հայրենիք եւ պատիվ» կուսակցությունը) ներկայացուցիչը:

Չհաստատված տեղեկություններ կան նաեւ այլ ձերբակալությունների մասին:«Տիգրան Մեծ» կամավորական ջոկատի հրամանատար Վլադիմիր Առաքելյանը ասել է, թե օրվա առաջին կեսին կալանվել են ջոկատի երկու անդամ:

Հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի խորհրդի նախագահ Տիգրան Նաղդալյանը գլխին ուղղված հրազենային մեկ կրակոցով սպանվել էր դեկտմեբերի 28-ի երեկոյան:

Այսօր «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ Տիգրան Նաղդալյանի հոգեհանգստի արարողությունը, որին ներկա էին Հայաստանի նախագահը՝ տիկնոջ հետ, վարչապետը, կառավարության անդամներ, պատգամավորներ, պետական, քաղաքական, հասարակական գործիչներ:

Հոգեհանգստյան արարողությունը մատուցեց Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսը: Տիգրան Նաղդալյանի աճյունը ամփոփվեց Երեւանի քաղաքային պանթեոնում:

«Հեռացավ մեզանից ճշմարտասեր, ազնիվ, քաղաքացիական արիություն ունեցող երիտասարդ մարդը», - գերեզմատանը կայացած սգո հանրահավաքում ասաց Հանրային հեռուստառադիոյի խորհրդի անդամ, արվեստաբան Հենրիկ Հովհաննիսյանը: - «Մենք խաղաղ սրտով չէ, որ նրան ճանապարհում ենք: Նրա գործը կիսատ մնաց, եւ դրա համար մենք նրան ճանապարհում ենք խռովված հոգով»:

Տիգրան Նաղդալյանի հուղարկավորության կառավարական հանձնաժողովի նախագահ Սերժ Սարգսյանը հավաստիացրեց, որ «հանրապետության իրավապահ մարմիները ամեն ինչ կանեն այս տմարդի հանցագործությունը բացահայտելու համար»:


Հրաչ Մելքումյան եւ Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG