Մատչելիության հղումներ

logo-print

Պարույր Հայրիկյանը դուրս է գալիս նախագահական ընտրապայքարից


«Ազգային ինքնորոշում» միավորման (ԱԻՄ) նախագահ Պարույր Հայրիկյանը երկուշաբթի օրը հայտարարեց, որ դուրս է գալիս նախագահական ընտրապայքարից որպես անհատ թեկնածու եւ սատարելու է ընդդիմության թեկնածուներից մեկին:

Նախկին բոլոր նախագահական ընտրություններին մասնակցած Պարույր Հայրիկյանը նշված հայտարարությամբ հանդես եկավ Կենտրոնական ընտրական հանձնաժողով նախագահի թեկնածուների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետից մեկ օր առաջ: Այսպիսով, նախագահի աթոռի հավակնորդների թիվը դարձավ 14:

«Չդառնալով գաղափարական կամ նպատակային դաշինքի նախապատվելի՝ նրա կողմից առաջադրված թեկնածու, ավելորդ ու անառողջ եմ համարում իմ անհատական՝ որպես թեկնածու մասնակցությունը 2003 թվականի փետրվարի 19-ին նախագահական ընտրություններին», - հայտարարում է Հայրիկյանը՝ ընդդիմության մասին էլ ավելացնելով. - «Մեր նորաթուխ քաղաքական գործիչները... ի վիճակի չեղան վեր կանգնել իրենց սին հավակնություններից եւ առավել եւս՝ ուղղորդել հասարակությանը»:

Այդուհանդերձ, հայտարարության մեջ նշվում է, որ ԱԻՄ-ը պատրաստ է սատարել ընդդիմության թեկնածուներից մեկին. - «Մենք անպայման կմասնակցենք նախագահական ընտրություններին: Կմասնակցենք դաշինքով... Լուրջ եւ գործանական հանդիպումներ ենք ունեցել Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Արտաշես Գեղամյանի հետ, խորհրդակցել մյուս թեկնածուների հետ»:

Րաֆֆի Հովհաննիսյանի՝ որպես նախագահի թեկնածուի գրանցումը հարցականի տակ առնելու կապակցությամբ Հայրիկյանը քննադատում է իշխանություններին. - «Մենք դա այդ թեկնածուի անհատական խնդիրը չենք համարում: Դա համայն հայության՝ ազգային ժողովրդավարության, Արցախի հարցի վերջնական լուծման եւ ամենակարեւորը՝ ցեղասպանության հետեւանքների հետ կապված խնդիր է»:

ԿԸՀ-ի կողմից գրանցված թեկնածուների անունները հայտնի կդառնան հունվարի 20-ին:


Էմիլ Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG