Մատչելիության հղումներ

Նաղդալյանի սպանության գործով կասկածյալներ առայժմ չկան


Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Տիգրան Նաղդալյանի սպանությամբ զբաղվող նախաքննական խումբը իրականացնում է բոլոր անհրաժեշտ միջոցառումները: Կասկածյալներ առայժմ չկան: 36-ամյա լրագրողը երեկ երեկոյան մահացել էր հիվանդանոցում, ուր տեղափոխվել էր Երեւանի կենտրոնում անհայտ մարդասպանի կրակոցից վիրավորվելուց հետո:

Կատարված հանցագործության վերաբերյալ պաշտոնական տեղեկություններն առայժմ բավականին սահմանափակ են: Ըստ Հայաստանի գլխավոր դատախազության հասարակայնության եւ լրատվամիջոցների հետ կապի վարչության ղեկավար Գուրգեն Ամբարյանի՝ «Ազատություն» ռադիոկայանին տրամադրած հաղորդագրության, դեկտեմբերի 28-ին անհայտ հանցագործը Զաքյան 8 շենքի երկրորդ շքամուտքում դարանակալել ու մահացու վիրավորել է Տիգրան Նաղդալյանին, երբ վերջինս դուրս եկել նույն շենքում բնակվող ծնողների բնակարանից:

Նաղդալյանի եղբայրը՝ Սամվել Նաղդալյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ երեկ աշխատանքից տուն է վերադարձել դեպքից 20-25 րոպե առաջ: Երբ բացել է շքամուտքի դուռը, գլխարկով մի անծանոթ, դեմքը թաքցնելով, ուղղակի դուրս է թռել՝ դրանով էլ գրավելով Սամվել Նաղդալյանի ուշադրությունը: Իսկ մի քանի րոպե անց, երբ Տիգրանը դուրս է եկել երկրորդ հարկում գտնվող բնակարանից, առաջին հարկի աստիճանավանդակի մոտ թաքնված հանցագործը կրակել է աստիճաններից իջնող Տիգրան Նաղդալյանի գլխին: Հայրը լսել է կրակոցի ձայնը: Որդու հետ անմիջապես իջել են, բայց որեւէ մեկի չեն նկատել:

Երբ 1995 թվականի մարտին «Ազատություն» ռադիոկայանի եթերում արձագանքելով Ռուսաստանի հանրային հեռուստատեսության ղեկավար Վլադիմիր Լիստեւի սպանությանը, Տիգրան Նաղդալյանն ասում էր՝ մի սպանեք լրագրողին, մտքով անգամ չէր անցնում, որ 2002-ի դեկտեմբերին նույն եթերում ի'ր սպանության առիթով պիտի հնչի՝ մի սպանեք լրագրողին:

Երեկ գիշեր նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ ո'չ ինքը, ո'չ հասարակությունը սա չեն ների՝ խոստանալով, որ «ամեն ինչ կարվի, որպեսզի բացահայտվեն եւ պատժվեն այս ստոր հանցագործության հեղինակներն ու կատարողները»:

«Այն մարդիկ, ում համար ոչինչ չարժի մարդկային կյանքը, ում հանգիստ չեն տալիս երկրի կայունությունը ու առաջընթացը... ձեռնոց նետեցին ամբողջ հասարակությանը», - ասել էր Քոչարյանը՝ հավաստիացնելով. - «Իրավապահ մարմիններին տրված են հանձնարարականներ, իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ: Ամեն ինչ կարվի, որպեսզի բացահայտվեն եւ պատժվեն այս ստոր հանցագործության հեղինակներն ու կատարողները»:

Սպանությունը դատապարտող եւ մեղավորներին անպայման գտնելու, պատժելու վստահություն փոխանցող հայտարարությամբ հանդես են եկել նաեւ Ազգային Ժողովի նախագահ Արմեն Խաչատրյանը, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը:

Վարչապետի կարծիքով, կատարվածի հեռահար նպատակը մեր երկրում խոսքի ազատության, ժողովրդավարական արժեքների դեմ էր ուղղված: Արտգործնախարարությունը այն որակում է մեր հասարակության առաջադեմ ուժերի դեմ իրագործված հանցանք: ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմինը տարածած հայտարարության մեջ սպանությունը բնութագրվում է որպես «քաղաքական ահաբեկչություն»:

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի խոսքերով, մեր հասարակությանը նետված է մարտահրավեր, որը, ուզենք թե չուզենք, պետք է ընդունենք, համախմբվենք, միայն այդ պարագայում՝ ընդունելով նետված մարտահրավերը, կարող ենք դիմակայել:

Հայտարարություններով սգո եւ բողոքի հեղեղ են սփռել Հայաստանի լրագրողական կազմակերպությունները: Երեւանի մամուլի ակումբը, որի հիմնադիր անդամներից էր Տիգրան Նաղդալյանը, արձանագրելով, որ մամուլի եւ լրագրողների դեմ բռնությունների որեւէ դեպք այսօր բացահայտված չէ, լրագրողական հանրությանը կոչ է անում անկախ քաղաքական կողմնորոշումներից համախմբվել՝ «պաշտպանելու մեր իրավունքներն ու ազատությունները»:

Մամուլի Ազգային ակումբը դատապարտում է «Հայաստանում արդեն արմատավորված՝ սպանություններով հարց լուծելու գործելակերպը, որի արդյունքում զոհվեց մեր գործընկեր Տիգրան Նաղդալյանը»:

«Առավոտ» օրաթերթի խմբագրի կարծիքով, «դա պատվիրված սպանություն էր», հետեւաբար՝ «հիմնական վարկածները պետք է լինեն քաղաքական եւ տնտեսական»:

«Ես կարծում եմ, որ այստեղ ավելի շատ պրոֆեսիոնալ սպանության մասին պիտի խոսենք, քան քաղաքական սպանության մասին», - ասաց Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի փոխտնօրեն Մարկ Գրիգորյանը:

«Ազատություն» ռադիոկայանը, ուր Տիգրան Նաղդալյանը աշխատել է 1994-1997 թվականներին, նույնպես իր վշտակցությունն է հայտնել նրա ընտանիքին, հարազատներին ու մտերիմներին:

Վերջին հրաժեշտի արարողակարգը կազմակերպելու համար վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որոշմամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով՝ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի գլխավորությամբ:

Հոգեհանգիստը տեղի կունենա այսօր երեկոյան՝ Զաքյան փողոցի բնակարանում, քաղաքացիական հոգեհանգիստը՝ Մոսկվա կինոթատրոնի շենքում: Սպանված լրագրողի աճյունը կամփոփվի Երեւանի քաղաքային պանթեոնում:


Ռուզաննա Խաչատրյան եւ Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG