Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Թերթերն այսօր վերջին հրաժեշտ են տալիս 2002 թվականին: «Հայաստանի Հանրապետություն» թերթի գնահատականով՝ «Արվածը բավականին է, բայց բավական չէ, առավել եւս՝ բավարար: Նման մի քանի տարի պետք է անցնի, որ արվածը բոլորի համար շոշափելի դառնա եւ լրջորեն զգալի: Կարեւորն այն է, որ ճանապարհը ճիշտ է, մնում է շարունակել»:

«Օրրան» թերթի հայացքով, անցնող 2002 թվականը, չնայած իր մոգական թարսուշիտակությանը, առանձնապես չտարբերվեց նախորդ՝ 2001 թվականից: «Առաջին հայացքից թվում է, թե ամեն ինչ էլ եղել է, բայց վերջնահաշվում տեսնում ես, որ, ըստ էության, ոչինչ էլ չի եղել... Միայն գործն է, որ կարող է ինչ-որ բան փոխել այս երկրում», - նախանշում է «Օրրան»-ը: - «Անելիքներն էլ առանձնապես բարդ չեն. գրանցում, շփումներ, հանդիպումներ, խելամիտ քարոզչություն, ներդրումներ, իրատեսական գնահատականներ, միասնականություն, համաձայնեցված գործողություններ, համակարգված աշխատանք, փողի-մտքի-ուժի միավորում ու... արդյունքը ակնհայտ կլինի: Հաղթանակ: Միայն թե այդ ամենը պետք է նրբամտորեն ու խորամտորեն կապել միմյանց, որպեսզի ցանկալի արդյունք ապահովվի: Այլապես դարձյալ մեկ՝ հերթական անկապ տարին կգլորենք: Իր ամենատխուր հետեւանքներով»:

«Ազգ» թերթի տարեվերջի խմբագրականում ավելի շատ արտաքին զարգացումներին առնչվող տագնապն է: «Հաստատ է, որ աշխարհաքաղաքական նոր փոփոխություններ կլինեն, ընդհուպ՝ քաղաքական քարտեզի վերաձեւումներ», - նշվում է դրանում։ - «Մեր կամքից անկախ՝ Հայաստանը, ինչպես ողջ Անդրկովկասը, հայտնվելու է աշխարհաքաղաքական այդ նոր միավորի ձեւավորման հորձանուտում եւ ստիպված է լինելու կանգնել ավելի խիստ երկընտրանքների առաջ։ Մեր բոլոր, առայժմ անլույծ հարցերը, եւ առաջին հերթին Ղարաբաղյան հիմնախնդիրը, մտնելու են նոր աշխարհակարգի թելադրված պայմանների տակ։ Հետեւաբար անհրաժեշտ է մի քանի տարի արդեն հաջողությամբ կիրառվող փոխլրացման արտաքին քաղաքականության այլընտրանքներ ունենալ ձեռքի տակ, մանավանդ», - ակնարկն ավելի է որոշակիացնում «Ազգ»-ը, - «եթե մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանը շարունակի անտեսել այն հանգամանքը, որ ռազմակայանի կողքին եւ դրանից առավել տնտեսական ներդրումային ներկայությունն է լինելու իր գլխավոր կռվանն այս տարածաշրջանում եւ առաջին հերթին Հայաստանում»։

«Հայոց Աշխարհ» թերթի առաջին էջին այսօր բերված է Ազգային ժողովի եւ Հանրապետական կուսակցության փոխնախագահ Տիգրան Թորոսյանի ակնարկը ընդդիմությանը, որ կարելի է ընկալել ընդդիմության հետ «խաղաղության պայմանագիր» կնքելու պատրաստակամություն. - «Հայաստանը հիմա թեւակոխելու է մի շրջան, երբ այս կամ այն քաղաքական ուժը տասնամյակներ շարունակ այլեւս չի գտնվելու իշխանության գլուխ: Դա է ժողովրդավարական համակարգի տրամաբանությունը: Կուսակցությունները փոխարինելու են միմյանց կառավարման ղեկի մոտ եւ, ըստ այդմ, այն բարդությունները, որ տարբեր կուսակցություններ այսօր կարող են ստեղծել երկրի համար, վաղը դառնալու են նաեւ իրենց իշխանության ժամանակահատվածում գործող ականներ»:

Սա, ինչպես ընդգծված է՝ «ժողովրդավարական համակարգի տրամաբանությամբ»: Մինչդեռ, «Հայկական ժամանակ» թերթի բնորոշմամբ, 2002-ը «ժողովրդավարության դեմ պայքարի տարի էր». - «Այս տարի իշխանությունները առանձնապես փութաջանորեն աշխատեցին Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտները թուլացնելու ուղղությամբ»: Նախագահական ընտրություններն էլ, ըստ «Հայկական ժամանակ»-ի, իշխանությունները կաշխատեն անցկացնել «կամացուկ ապօրինությունների նշանաբանով». - «Տարեսկզբից սկսված արշավը ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ մեկ խնդիր ուներ. իշխանությունները ցանկանում էին ամեն ինչ անել, որպեսզի կամացուկ ապօրինությունները բացահայտելու հասարակական մեխանիզմները իսպառ վերանան: Սակայն, ամեն ինչ չէ, որ որոշում են իշխանությունները», - շեշտված է «Հայկական ժամանակ»-ում: Այստեղ բերված են եւ դեկտեմբերի կեսին Նախընտրական տեխնոլոգիաների կենտրոնի կողմից Երեւանում անցկացված սոցիոլոգիական մի հարցման տվյալներ, որի առանցքային եզրահանգումը հետեւյալն է. ընդդիմադիր 16-ից առաջադրված թեկնածուները իրենց տոկոսային միագումարով 7 տոկոս ավելի ձայն են հավաքում, քան Ռոբերտ Քոչարյանը: Անհատապես Ռոբերտ Քոչարյանին ձայն է տվել ընտրություններին մասնակցելու նպատակ ունեցողների մոտ 24 տոկոսը, Ստեփան Դեմիրճյանին՝ 11 տոկոսի չափ, Արտաշես Գեղամյանին՝ մոտ 9 տոկոսը: Հաջորդը առայժմ Րաֆֆի Հովհաննիսյանն է՝ 6 տոկոս ցուցանիշով:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG