Մատչելիության հղումներ

logo-print

Մամուլի տեսություն


«Հայկական ժամանակ» թերթի որակմամբ, իշխանական քարոզչությունը փորձում է նաեւ նուրբ հոգեբանական «տրյուկներով» ներկայացնել, թե Ռոբերտ Քոչարյանը այլընտրանք չունի, եւ դրա մի դրսեւորում էլ երեկ կազմակերպված հոգեվերլուծական սեմինարն էր: «Խոսում են, էլի» խորագրի տակ «Հայկական ժամանակ»-ը խիստ թերահավատորեն ու վերապահումներով է անդրադառնում նաեւ սոցիոլոգ Գեւորգ Պողոսյանի մատուցած թվերին, որոնցով ցուցադրվում է նախագահ Քոչարյանի աճող ու աճող վարկանիշը: «Օրրան» թերթի մեկնաբանն էլ նշում է, որ թեեւ այդ հավաքի սկզբում ընդգծվել էր, թե քարոզչական կեղտոտ տեխնոլոգիաները շատ քիչ են օգնում գործին, այդուհանդերձ սեմինարի զգալի մասը, ըստ էության, «սեւ PR» էր՝ հօգուտ Քոչարյանի:

«Իսկ ո՞ւր է բարաթը», - Րաֆֆի Հովհաննիսյանին է դիմում «Հայոց Աշխարհ» թերթը՝ միանշանակ ամրագրելով, որ վերջինս հիմա չի կարող բավարարել տասը տարվա Հայաստանի քաղաքացիություն ունենալու պահանջը եւ միայն 2012 թվականին իրավունք կունենա առաջադրելու իր թեկնածությունը:

Նույնի վրա այսօր ծանրացել է նաեւ «Երկիր» շաբաթաթերթը՝ ընդգծելով. - «Այս թեմայով քարոզչական արշավը կազմակերպվում է ասելու համար, թե Ռոբերտ Քոչարյանը, 10 տարվա քաղաքացիություն չունենալով, գրանցվեց եւ ընտրվեց»: «Խնդիրը Հայաստանի մի մասը հանդիսացող, համազգային մեր նպատակները համախմբող Արցախում ծնված ու ապրած լինելու եւ հայության նկատմամբ կազմակերպված ոճրագործության հետեւանքով օտար ափեր նետված հայկական շառավղի՝ Կալիֆոռնիայում ծնված եւ ապրած լինելու հանգամանքների միջեւ հավասարության նշան դնելն է», - համադրել է մեկնաբանը։ - «Արցախի (նույնն է թե՝ Հայաստանի) եւ ԱՄՆ-ի քաղաքացիությունները նույնացնելը, Լեռնային Ղարաբաղի հարցում, առնվազն վտանգավոր հետեւանքներով է հղի»: «Երկիր»-ում փաստարկվում է, թե Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածության գրանցումը հետագայում, անկախ ընտրությունների ելքից, կասկածի տակ է դնելու 2003 թվականի Հայաստանի Հանրապետության նախագահական ընտրությունների ելքի ու արդյունքների օրինականությունը»:

Այս տարվա վերջին համարում Դաշնակցության պաշտոնաթերթը ընդհանուր առմամբ ողջունելի, հաջող ընթացք ու արդյունքներ է գրանցում, եւ ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացվող ուղերձում ներշնչում է, որ «գալիք տարին երկրի ու ժողովրդի համար կդառնա սոցիալ-տնտեսական, բարոյական ու քաղաքական մթնոլորտի զգալի բարելավման տարի»:

Նախագահ Քոչարյանի կինն էլ՝ Բելա Քոչարյանը «Հայաստանի Հանրապետություն» թերթի հարցազրույցում 2002 թվականը բնորոշում է «ստեղծագործ տարի»: Անդրադառնալով իր ամուսնու գործունեությանը, նա ասում է. - «Ինձ պարզ տեսանելի է, որ քրտնաջան աշխատում է: Մարդկային արժեքներից նրա մեջ գնահատելի են կամքի ուժը, նպատակամետությունը եւ ասածներից հետ չկանգնելու ունակությունը»: Տիկին Քոչարյանը առավել քան համոզված է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում իր ամուսինը կգնա մինչեւ վերջ, հնարավոր ամեն ինչ կանի՝ հօգուտ խնդրի արդարացի կարգավորման:

Իսկ «Իրավունք» թերթի՝ տարին ամփոփող խմբագրականում այսօր շեշտադրված է. - «Չնայած բազում նախընտրական անհեթեթությունների, ակնհայտ է, որ Քոչարյանին, այնուամենայնիվ, իրական այլընտրանք կա, եւ այդ այլընտրանքները մեկից ավելին են: Մնացյալը էապես կախված է ընդդիմության նախընտրական շտաբների արդյունավետ աշխատանքից ու քաղաքացիների կամքից: Եթե քաղաքացիներին հաջողվի թոթափել անտարբերության ու հուսահատության թմբիրը եւ չտրվել ընտրակաշառքներին, ապա իշխանափոխությունը կդառնա շատ ռեալ»: Սա՝ տեսականորեն, իսկ առայժմ գործնականում «Իրավունք»-ի արձանագրմամբ, հետեւյալ պատկերն է. - «Իշխանությունները կիրառում են ոչ միայն բնակչության ուղեղների հեռուստալվացման տեխնոլոգիա՝ ձգտելով ստեղծել անպարտելի նախագահի կերպար, որի դեմ խաղ չկա, իսկ ընդդիմությանը ներկայացնել որպես ամբիցիոզ թույլիկների հավաքածու, այլեւ նախաձեռնել են սոցիոլոգիական զանգվածային կեղծիքների մարտավարություն՝ դրանով իսկ ձգտելով հոգեբանորեն հիասթափեցնել ընտրազանգվածի այն մեծամասնությանը, որը մտադիր է քվեարկել ընդդեմ Քոչարյանի»:

Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG