Մատչելիության հղումներ

Առաջին ընթերցմամբ ընդունվեց մահապատժի վերացման հարցում վերապահումներ ամրագրող նախագիծը


Չնայած երեկվա բուռն քննարկմանը, Ազգային Ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց նոր Քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու նախագիծը, որով վերապահումներ են ամրագրվում մահապատժի վերացման հարցում:

Երեկվա նիստում ամբիոնից ելույթների գերակշիռ մասն անկեղծանալու եւ երկրի բռնած ուղղությանը հավատարիմ՝ մահապատիժն առանց վերապահումների վերացնելու կոչեր էին, հակառակ ոչ հեռու անցյալում խորհրդարանականների հարցազրույցներից կազմված բոլորովին այլ տպավորությանը:

Մահապատիժը վերապահումներով վերացնելուն կողմ են քվեարկել Հայաստանի հանրապետական եւ «Օրինաց Երկիր» կուսակցություններից պատգամավորները, «Ժողպատգամավոր» խմբի անդամները: Դեմ են քվեարկել Դաշնակցության ներկայացուցիչները, ձեռնպահ՝ Հայաստանի կոմկուսի պատգամավորները:

Կողմ է քվեարկել երեկ ամբիոնից այս հարցին դեմ արտահայտված, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության անդամ Աշոտ Գալոյանը: Դեմ են քվեարկել ՀԺԿ որոշ պատգամավորներ, որոնք ամենախիստն են պահանջում մահապատժի վերացման հարցում բացառություն անել «Հկտեմբերի 27»-ի ոճրագործների համար:

Օրինագծի երկրորդ, ապա երրորդ եւ ամբողջովին ընթերցումը՝ կառավարության համաձայնությամբ, տեղափոխվել է գարնանային նստաշրջան: Գարնանային նստաշրջան է տեղափոխվել նաեւ Քրեական նոր օրենսգրքի ամբողջովին եւ երրորդ ընթերցմամբ ընդունումը:

Մոտենում է, մինչդեռ, մահապատժի վերացման եվրոպական արձանագրությունը վավերացնելու վերջնաժամկետը՝ 2003 թվականի հունիսը: Եթե քննարկումը տեղի ունենա նախագահի ընտրությունից հետո, առավել հավանական է, որ նորընտիր նախագահի ազդեցությունն ընտրությունների պատրաստվող խորհրդարանի վրա ավելի մեծ կլինի: Այդ դեպքում, հարցականի տակ կլինի մահապատժի վերացման հարցում վերապահումներ թողնող օրենքի ճակատագիրը: Իսկ քրեական նոր օրենսգիրքն, ամենայն հավանականությամբ, ամբողջովին կընդունվի:

Չնայած, թվում է, թե երրորդ ընթերցումից առաջ այլեւս վիճելի կետեր չեն մնացել նոր Քրեական օրենսգրքում՝ մահապատժի վերապահումների հարցը փոխանցելով այլ օրինագծի ուսերին, բայց կան դրույթներ, որոնք պիտի առնվազն լրագրողական աշխարհին անհանգստացնեին:

Այսպես, նոր օրենսգրքի նախագծի 135 եւ 136 հոդվածները սահմանում են զրպարտության եւ վիրավորանքի համար պատժաչափերը: Այսպես, եթե զրպարտությունը՝ ուրիշի պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող կամ բարի համբավն արատավորող սուտ տեղեկություն տարածելը, դրսեւորվել է զանգվածային լրատվության միջոցներով, դրա համար սահմանվում է տուգանք կամ հանրային աշխատանք կամ առավելագույնը երկու ամիս ժամկետով կալանք: Իսկ ծանր հանցանք կատարելու մեջ զրպարտելը կարող է առավելագույնը երեք տարի ժամկետով ազատազրկմամբ պատժվել:

Լրատվամիջոցներով դրսեւորված վիրավորանքի համար առավելագույն պատիժ է սահմանվում մեկ տարի ժամկետով ուղղիչ աշխատանքը: Վիրավորանք է համարվում ուրիշի պատիվն ու արժանապատվությունն անպարկեշտ ձեւով ստորացնելը: Գործող օրենսգրքով վիրավորանքը հանցանք է դիտավորությամբ արված լինելու դեպքում:

Իհարկե, ներկայումս գործող խորհրդային օրենսգրքի համեմատ պատիժները, կարելի է ասել, մեղմացվել են, բայց ամեն դեպքում, լուծված չէ սկզբունքային հարցը՝ ինչու՞ հոդվածները չեն տեղափոխվել քաղաքացիական օրենսգիրք, չէ՞ որ սրանով, ամենամեղմ դեպքում անգամ լրագրողը կարող է դասվել քրեական հանցագործների շա՞րքը:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան, Ազգային Ժողովի լրատվության հարցերով հանձնաժողովի նախագահ Շավարշ Քոչարյանն ասաց, որ առաջիկայում հանձնաժողովը կփորձի այդ հոդվածների առիթով առաջարկություն ներկայացնել:


Ռուզաննա Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG