Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հրաշքներ չեն լինելու» վերնագրով այս տարվա վերջին խմբագրականում «Առավոտ» թերթը նախանշում է. - «Հաջորդ տարվա նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների ելքը կանխատեսելի է՝ իշխանությունը վերարտադրելու է ինքն իրեն: Ակնհայտ է, որ տեսանելի պատմական հեռանկարում իշխանությունը Հայաստանում ընտրությունների միջոցով չի փոխվի... Իշխանությունը Հայաստանում ունի եւ դեռ երկար ժամանակ կունենա նյութական, վարչական եւ ուժային լծակներ՝ ընտրությունները զուտ ձեւական միջոցառում դարձնելու համար: Իսկ հասարակությունը մեր պետությունում չունի դրան հակադրվելու ոչ հնարավորություններ, ոչ էլ, ներկա փուլում, ցանկություն: Կանխատեսում ենք կշտամբանքը՝ ինչու եք ժողովրդի «դուխը գցում»: Բայց», - ընդգծում է «Առավոտ»-ը», - «մենք վստահ ենք, որ լրատվամիջոցի առաքելությունը չէ ժողովրդի ոգին բարձրացնելը կամ իջեցնելը: Մեր գործն ավելի համեստ է՝ արձանագրել փաստերը եւ դրանք մատուցել ընթերցողին»:

Նոր տարվան ընդառաջ «Առավոտ»-ի ներկայացրած վերջին սոցհարցման համաձայն էլ, երեւանցիների մոտ 23 տոկոսը այս տարին նախորդի համեմատ ավելի լավն է համարում իրենց ընտանիքների համար, 31 տոկոսը՝ ավելի վատը, 38 տոկոսը՝ նույնը: 42 տոկոսի կարծիքով, եկող տարին կլինի ավելի լավը, ըստ 13 տոկոսի՝ ավելի վատը:

«15 թեկնածու լինեն, թե 20, ժողովուրդը միշտ ընտրում է երկուսին։ Քոչարյանը կա, իսկ թե ո՞վ է լինելու երկրորդ թեկնածուն՝ դեռ պարզ չէ», - «Հայկական ժամանակ»-ի հարցազրույցում փաստում է ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը, ըստ որի՝ «16-ը իր առաքելությունը սպառել է», «16 թիվն արդեն օգտագործելի թիվ չէ, քանզի 16-ը ոչ թե քաղաքական միավորում է, այլ քաղաքական ակումբ»։ Ինչ վերաբերում է քարոզչական դաշտում լցված տարաբնույթ հարցումներին՝ «Ցավոք, սոցիոլոգիան մեզանում մեռած վիճակում է գտնվում եւ օգտագործվում է որպես գործիք՝ քաղաքական լուծումների համար: Բնական է, որ Քոչարյանին պետք է մեծ տոկոսներ տան՝ հնարավոր ընտրակեղծիքները ապահովելու համար։ Բացի այդ, սոցիոլոգիական հարցումներով իշխանությունները պիտի կարողանան հակառակորդ դաշտից իրենց հարմար մրցակից ընտրել. այսինքն, մի մարդ, որին հաղթելը հեշտ լինի։ Դրա համար էլ նրանք լուրջ հակառակորդներին ետ են մղում, իսկ այն հակառակորդներին, ում հետ կուզենային պայքարել՝ մղում են առաջ»:

«Հայկական ժամանակ»-ի «Ազգային միաբանություն» կուսակցության էջում այսօր «Հայաստանն ինչպես որ կա» վերնագրով ներկայացվում է Արտաշես Գեղամյանի՝ երկու շաբաթ առաջվա ասուլիսը Մոսկվայում՝ հետեւյալ հետգրությամբ. - «Դեկտեմբերի 20-ի «Իզվեստիա» թերթում տպագրված հայտնի հրապարակումից հետո իշխանական ամբողջ քարոզչամեքենան խաչակրաց արշավանք է սկսել վերջինիս դեմ՝ նրան մեղադրելով «տան կեղտը» օտարին ցույց տալու մեջ: Մինչդեռ այդ նույն քարոզչամեքենան օր ու գիշեր գովերգում ու փառաբանում է այդ կեղտի հեղինակներին ու ստեղծողներին»:

«Ինչի՞ վրա է հույս դրել, ինչո՞ւ է դատարան դիմել Րաֆֆի Հովհաննիսյանը», - տարակուսանքով հարց են դնում այսօր գործող նախագահին համակրող թերթերը: «Ազգ»-ում, մասնավորապես ընդգծվում է. - «Րաֆֆի Հովհաննիսյանի՝ «մինչ օրս ձեռնարկած բոլոր քայլերս ճշգրտորեն համապատասխանել են մեր երկրում գործող օրենքներին» արտահայտությունը չի համապատասխանում իրականությանը. «մեր երկրում գործող օրենքները» պահանջում են նախքան ՀՀ քաղաքացիություն հայցելը պաշտոնապես հրաժարվել օտարերկրյա քաղաքացիությունից։ Իսկ պրն Հովհաննիսյանը Միացյալ Նահանգների քաղաքացիությունից պաշտոնապես հրաժարվել է միայն 2001 թ. ապրիլի 23-ին»: «Այս ամենը, անշուշտ, հասկանալով, ինչո՞ւ էր նա թեկնածությունը դնում նախագահական ընտրություններին։ Շուրջը քամի՞ ստեղծելու, սեփական վարկանի՞շը ճշտելու, իրեն «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն նշանակելու դիմաց ՀՀ նախագահից վրեժխնդի՞ր լինելու, թե՞ այլ նպատակով», - շրջանակում է «Ազգ» թերթը։

Նախկինում բավականին ակտիվ դեմքերից Ազատ Արշակյանի գնահատականով՝ «այսօրվա իշխանությունները նույնիսկ չեն կարող համեմատվել նախորդների հետ: Ֆիզիկապես այս մարդիկ մասամբ նախկինի շարունակությունն են՝ մի քիչ այլ մակարդակի վրա: Այսինքն՝ երկրորդ էշելոնն է առաջ եկել»: «Իշխանությունը զբաղեցրել է նաեւ ընդդիմության տեղը, եւ, իհարկե, այդ իմաստով ընդդիմությունը թույլ է», - ավելացնում է Ազատ Արշակյանը «Օրրան» թերթում: - «Սրանց (գործողներին) հանել եւ ընտրել, այսպես ասած, ասպիրանտներին, նույնպես անխոհեմություն կլինի... Նոր մարդ պետք է գա, նոր շունչ բերի: Այդպիսի փրկչի հույս ունեմ... Ես սպասում եմ անակնկալի, հրաշքի»:

«Հայոց Աշխարհ» թերթում ասյօր շեշտադրված է. - «Գործող իշխանութան գերխնդիրը, կարծում ենք, ոչ թե փետրվարի 19-ին կայանալիք ընտրություններում հաղթանակի արձանագրումն է, այլ վերջին տարիներին դժվարությամբ ձեռքբերված ներքաղաքական կայունության պահպանումը: Նման պնդումը հիմնվում է այն եզրահանգման վրա, որ նախագահ Քոչարյանի ու նրա թիմի համար լուրջ դժվարություն չի ներկայացնում կրկին վերընտրվելու խնդրի լուծումը... Ժողովրդի մեծամասնության, իսկ փետրվարի 19-ից հետո՝ նաեւ միջազգային դիտորդների կարծիքների համապատասխանությունն էլ միանգամայն բավարար պայման է լինելու ընտրված նախագահի լեգիտիմությունը հաստատելու համար»: «Չկարողանալով գործել ուժեղ կողմի փաստարկով», - գրում է մեկնաբանը, - «ընդդիմությունը աստիճանաբար անցնում է հակառակ ծայրահեղության՝ որդեգրելով տուժածի, զոհի, ծեծվածի, հալածյալի կերպարը: Որպեսզի ապացուցի, որ ինքը հենց այդպիսին է, ընդդիմությունը ձգտում է առավելագույնս սրել ներքաղաքական պայքարը եւ դիմել իրենց մեջ ներքաղաքական կացության ապակայունացման տարրեր պարունակող քայլերի»: Եվ այս իրավիճակում, «Հայոց Աշխարհ»-ի դեղատոմսով, իշխանության «ամենաճշգրիտ կեցվածքը մեծագույն հանդուրժողականությունն ու զսպվածությունն է»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG