Մատչելիության հղումներ

Հավելյալ օրինագծով սողանցք է թողնվելու մահապատժի հարցում


Ազգային Ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ ընդունեց նոր Քրեական օրենսգիրքը եւ ընթացիկ արտահերթ նստաշրջանում կքննարկի այն երրորդ ընթերցմամբ ու ամբողջովին ընդունելու հարցը: Օրենքն ընդունվելու դեպքում Հայաստանում սահմանվող առավելագույն քրեական պատիժը կլինի ցմահ բանտարկությունը, իսկ մահապատիժը կվերանա նաեւ դե յուրե: «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործների նկատմամբ մահապատիժ վճռելու սողանցք թողնելու բեռը այս օրենսգրքից հանվել ու տեղափոխվել է մեկ այլ օրենքի նախագիծ: Կառավարությունը այդ դրույթները ներառել է քրեական նոր օրենգրքի գործողության մեջ դնելու կարգին ու ժամկետներին վերաբերող օրենքի նախագծում:

Այս երկրորդ նախագծի քննարկումն այսօր խորհրդարանում բուռն բանավեճի տեղիք տվեց: Բազում հարցեր, սակայն, դրանից հետո էլ անպատասխան մնացին՝ սկսած միջազգային պարտավորությունների կատարման հետ հակասություններից մինչեւ խնդիրը, թե ինչ է լինելու անկախ Հայաստանում մահապատժի դատապարտված, բայց դրան չենթարկված մոտ քառասուն անձանց ճակատագիրը:

ՀՅԴ խմբակցությունն առաջարկեց նախագծից հանել մահապատժի հնարավորության տեղ թողնող դրույթները, ինչը չընդունեց ո'չ գլխադասային հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանը, ո'չ էլ կառավարությունը: Գոնե առայժմ:

Դժվար կացության մեջ էր հայտնվել կառավարության ներկայացուցիչը՝ ոստիկանության իրավական ապահովման վարչության պետ, իրավագիտության թեկնածու, գնդապետ Միքայել Գրիգորյանը, որը մի կողմից աշխատություն է հեղինակել մահապատժի վերացման հիմնավորումներով, մյուս կողմից ստիպված էր փոխանցել կառավարության տեսակետը, որ «այդ վերապահումը կառավարությունը պնդում է եւ գտնում է, որ ապագայում որեւէ բարդությունների տեղիք չի տա»:

«Եթե անգամ առաջին ընթերցմամբ ընդունվի այս նախագիծը, դա հետագայում նորից ճշգրտումների եւ քննարկումների կարիք ունի՝ ավելի լայն շրջանակներով եւ մասնագետների ու կազմակերպությունների ավելի լայն ներգրավմամբ»:

Փաստորեն, չնայած ընդդիմացող ելույթներին, առկախ մնաց նաեւ Վիկտոր Դալլաքյանի առաջարկը, հարցի վերջնական ընդունումը տեղափոխել հաջորդ խորհրդարան. - «Այս խորհրդարանը որոշումներ ընդունելու որոշակի կոմպլեքսներ ունի»: Դալլաքյանի կուսակից Վազգեն Խաչիկյանը հակադարձեց, թե այս Ազգային ժողովը չի կարող իրեն հասցեագրած մարտահրավերը փոխանցել անհասցե հաջորդ խորհրդարանին:

Դալլաքյանը կրկնեց, որ իր, իր գլխավորած հանձնաժողովի անդամների մեծամասնության համար ակնհայտ է, որ «Հոկտեմբերի 27»-ի հանցագործները պետք է գնդակահարվեն:

Մահապատժի վերացմանը սկզբունքորեն դեմ չեն, բայց «Հոկտեմբերի 27»-ի հարցում բացառություն են պահանջում ՀԺԿ (Հայաստանի ժողովրդական կուսակցություն) պատգամավորները, «Հայաստան» խումբը եւ Արշակ Սադոյանը: Այդպիսի տեսակետ ունի նաեւ Հայաստանի հանրապետական կուսակցությունը, չնայած այսօր այդ տպավորությունը անորոշ դարձավ:

Մահապատժի վերացմանն ընդհանրապես դեմ է միայն Հայաստանի կոմկուսը: Մահապատժի վերացմանն առանց բացառությունների, կողմ են Դաշնակցությունը, Վազգեն Մանուկյանը (Ազգային ժողովրդավարական միություն), Շավարշ Քոչարյանը (Ազգային ժողովրդավարական կուսակցություն): Վերջինս այսօր ամբիոնից իր վիրավորանքը փոխանցեց՝ ստացվում է, որ Նաիրի Հունանյանից է կախված մեր երկրի զարգացման ուղին:

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը կոչ արեց ազնիվ լինել ժողովրդի եւ պետության շահերի առջեւ, ընտրություններից առաջ պոպուլիզմի չվերածել մահապատժի վերացման հարցը՝ ավելացնելով, որ համապատասխան փաստաթղթերի վավերացման ժամկետներն այլեւս Եվրախորհրդում չեն հետաձգվի:

Ակնկալվում է, որ քվեարկությունը տեղի կունենա վաղը:


Ռուզաննա Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG