Մատչելիության հղումներ

Րաֆֆի Հովհաննիսյանը դիմել է դատարան


Քաղաքացիական նախաձեռնությամբ Հայաստանի նախագահի թեկնածու առաջադրված Հայաստանի առաջին արտգործնախարար, Հայաստանի ազգային եւ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի հիմնադիր եւ ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնող խմբի անդամները այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացրեց անհրաժեշտ փաստաթղթերը:

Թեեւ փաստաթղթերը՝ այդ թվում անձնագրային եւ վիզաների վարչության՝ քաղաքացիությանը վերաբերող տեղեկանքները ԿԸՀ-ն ընդունել է, Րաֆֆի Հովհաննիսյանին չի բավարարում վերջիններիս բովանդակությունը, ուր նշված է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, բայց՝ 2001 թվականից: Իսկ դա բավարար չէ որպես թեկնածու գրանցվելու համար, եւ Հովհանիսյանը այսօր դիմել է դատարան:

Այսօր տարածած հայտարարության մեջ Րաֆֆի Հովհաննիսյանը նշում է. - «1991 թվականից սկսած բազմիցս դիմել եմ իրավասու ատյաններին՝ ինձ ՀՀ քաղաքացիություն շնորհելու համար: Այդ բոլոր դիմումները մնացել են անպատասխան եւ միայն 2001 թվականի օգոստոսի 10-ին է համապատասխան հրամանագիր ստորագրվել՝ անտեսելով 1991 թվականից ՀՀ քաղաքացիություն ստանալու իրավունքը: Քանի որ պատկան մարմնից ստացված տեղեկանքը արձանագրում է իմ իրավունքների ու օրինական շահերի ոտնահարման փաստը, ես այսօր դիմել եմ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան՝ ՀՀ քաղաքացիությունս 1991 թվականից ճանաչելու խնդրանքով»:

Րաֆֆի Հովհաննիսյանի լիազորված անձ Աշոտ Աղաբաբյանի տեղեկացմամբ, դատարան ներկայացված փաստաթղթերը «ավելի քան ծանրակշիռ են»: Խոսքը Րաֆֆի Հովհաննիսյանի՝ տարբեր ատյաններին ուղղված դիմումների մասին է՝ սկսած 1991 թվականից:

Հայտարարությամբ Րաֆֆի Հովհաննիսյանը վստահություն է հայտնում, որ դատարանը կվերականգնի իր իրավունքները. - «Հավատացած եմ, որ դատարանը կվերականգնի հանիրավի խախտված իրավունքներս, այդպիսով նաեւ ապացուցելով, որ ինքը եւս իշխանություն է՝ ենթակա միայն օրենքին»:

Թեկնածուներից գործող նախագահի փաստաթղթերն էին առաջինը ներկայացվել ԿԸՀ դեռ երեկ: Անձնագրերի եւ վիզաների վարչությունը տված տեղեկանքով հավաստել է, որ Ռոբերտ Քոչարյանը մինչեւ 1995 թվականը եղել է ՀԽՍՀ քաղաքացի, իսկ 1995-ից մինչեւ օրս Հայաստանի Հանրապետության քաղաքացի է եւ տասը տարի շարունակ բնակվում է Հայաստանում:


Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG