Մատչելիության հղումներ

Ձնաբքի հետեւանքով անանցանելի էին դարձել Հայաստանի որոշ ճանապարհներ


Դեկտեմբերի 22-ի երեկոյան ուժեղ ձնաբուքը անանցանելի էր դարձրել Երեւան - Մեղրի միջպետական ճանապարհի Սիսիան - Գորիս, Հարժիս - Շինուայր ճանապարհահատվածները, ինչի հետեւանքվ բազմաթիվ բեռանտար եւ մարդատար մեքենաներ մնացել էին ձյան տակ:

«Սյունիք» փրկարարական ջոկատի, Գորիսի ոստիկանության եւ տեղի գազի ծառայության աշխատակիցների ջանքերով մեքենաների 160 ուղեւորները, այդ թվում Իրանի քաղաքացիներ, տեղափոխվել էին Գորիսի բուժհիմնարկներ: Նույն օրը տուժածներից 60-ը տեղափոխվել են Գորիսի հյուրանոց, իսկ մյուսները տեղավորվել են ծանոթների ու բարեկամների մոտ:

Արտակարգ իրավիճակների վարչության հակաճգնաժամային կենտրոնի ղեկավար Սերգեյ Մխիթարյանի փոխանցմամբ, զոհեր, վիրավորներ եւ լրջորեն տուժածներ չկան:

Այսօր առավոտյան, ըստ արտակարգ իրավիճակների վարչության տրամադրած տեղականքի, հանրապետության հիմնական միջպետական ճանապարհները բաց են եղել: Լոռիում եւ Կոտայքում ճանապարհները տեղ-տեղ դժվար անցանելի են:

«Հանրապետական նշանակության ճանապարհների հիմնականում բաց են, բայց էլի մեր մոտ ծանր վիճակ է միջմարզային ճանապարհներում՝ Սյունիքում եւ Արագածոտնի մարզում», - «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց Սերգեյ Մխիթարյանը:

Առավոտյան ժամը 10--ի դրությամբ, փակ էր միայն Սյունիքի Շինուայր - Սիսիան ճանապարհի 12 կիլոմետրանոց հատվածը, որը նաեւ Երեւան -Մեղրի միջպետական ճանապարհի մասն է, որտեղ Մխիթարյանի տեղեկացմամբ, «աշխատում են մեկ գրեյդեր, մեկ ռոտոր եւ մեկ մղան»: «Քանի որ բուքը շարունակվում է, մաքրման աշխատանքները դժվարացած են», - ավելացրեց նա: Ավելի ուշ տեղեկացանք, որ ճանապարհը միակողմանիորեն բացվել է, ձյան մեջ խրված 40 մեքենա դուրս է բերվել:

Ոստիկանության լրատվական վարչության պետի տեղակալ Արմեն Չարենցի տեղեկացմամբ, դեկտեբերի 23-24--ին, ըստ ամփոփագրի, ձյան կամ սառույցի պատճառով որեւէ ավտովթար չի գրանցվել:


Անուշ Դաշտենց, Երեւան

(Լուսանկարը՝ «Հայկական ժամանակ» օրաթերթից)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG