Մատչելիության հղումներ

Արամ Սարգսյանը վստահ է, որ միասնական թեկնածու լինելու է


Այսօր հրավիրած ասուլիսում «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, առաջադրված նախագահի թեկնածու Արամ Սարգսյանը խոստացավ, որ ընդդիմության միասնական թեկնածու լինելու է: «Ես եւ Ստեփան Դեմիրճյանը իրար հետ չենք մրցելու», - ասաց նախկին վարչապետը: - «Ընդդիմության բոլոր թեկնածուներն էլ ինչ-որ ժամանակ, ինչ-որ տեղ հայտարարել են, որ իրենք հակված են եւ կարող են նաեւ իրենց թեկնածությունը հանել ընդդիմության միասնական կամ, ինչպես ես եմ ասում՝ անցողիկ թեկնածուի համար»:

Ներկայացնելով ընթացող ստորագրահավաքը, Սարգսյանը ասաց, որ գրանցվելու համար անհրաժեշտ 35 հազար ստորագրությունները իրենք հավաքում են ոչ թե կուսակցության անդամներից ու նրանց ընտանիքներից, այլ հասարակության ավելի լայն շերտերից: Ստորագրահավաքը, Արամ Սարգսյանի խոսքերով, բարդ գործ է, քանի որ մանավանդ խոշոր քաղաքներում մարդիկ դժվարությամբ են բացում դռները: Դրա հիմնական պատճառը, նրա փոխանցմամբ, մարդկանց անտարբերությունն է առաջիկա ընտրությունների նկատմամբ:

Արամ Սարգսյանի մատուցմամբ, իշխանությունը նման բարդություններ չի ունեցել, որովհետեւ ստորագրությունները ոչ թե բնակչությունից է հավաքվել, այլ՝ վարչական մեթոդների կիրառմամբ. ստորագրությունները հավաքվել են հիվանդանոցների աշխատակիցներից, համայնքապետարաններում եւ այլն:

Խոսելով տարբեր լրատվամիջոցներում հրապարակվող վարկանիշային պատկերների մասին, նախկին վարչապետը ասաց, թե սոցիոլոգիա ճշգրիտ գիտությունը մեզանում վերածվել է պարզապես նախընտրական տեխնոլոգիայի: Ներկայացնելով, այդուհանդերձ, «Հանրապետություն» կուսակցության հարցախույզը, Արամ Սարգսյանը ասաց. - «Մենք անում ենք նաեւ օրական հարցումներ եւ օրվա շարժին ենք հետեւում: Անկեղծ ասեմ ձեզ՝ նախագահի վարկանիշը 20-23 տոկոսի սահմաններից չի տատանվում: Նաեւ անկեղծ լինելով, պիտի ասեմ, որ մեկ անգամ մեկ քաղաքական գործչի վարկանիշ է եղել, որը գերազանցել է նախագահի վարկանիշին... 2-3 օր: Եղել է Րաֆֆի Հովհաննիսյանինը»:

Դառնալով արդար ընտրությունների հնարավորությանը, նախկին վարչապետը ասաց. - «Պիտի ընդունենք, որ Հայաստանի նման երկրում, որը անցումային փուլում է... ամբողջությամբ արդար ընտրություններ կազմակերպելը իրատեսական չէ»:

Արամ Սարգսյանը ասաց, թե «Հոկտեմբերի 27»-ի թեման նախընտրական արշավի մեխ չի դարձվելու: Այդուհանդերձ, նա որոշակի դիտարկումներ ներկայացրեց, թե ահաբեկչության օրը Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեսագրված երիզը մոնտաժված է, եւ, ասենք, լրագրողների դահիճից դուրս գալու պահը չի համապատասխանում իրականությանը:

«Իսկ այդ տեսաժապավենը շատ հետաքրքիր կյանք ու կենսագրություն է ունեցել», - ասաց նա: - «Ես չեմ սեւեռվում մեկ մարդու վրա, ասենք, դա Հանրային հեռուստատեսությունն է թե ոչ: Տեսաժապավենը շատ մարդկանց ձեռքով է անցել: Պիտի հարցաքննվեն բոլորն էլ, պիտի ճշտվի՝ ով է դա արել: Իսկ եթե դա արվել է, արդեն նշանակում է, որ «Հոկտեմբերի 27»-ը կազմակերպված է, էս հինգը չեն»:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG