Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Ակնհայտ է, որ բոլոր կամ գրեթե բոլոր թեկնածուները ներկայացնելու են պահանջվող 35 հազար ստորագրությունները եւ գրանցման ու քաղաքացիության մասին անհրաժեշտ տեղեկանքները, մուծելու են ընտրագրավները եւ գրանցվելու են թեկնածու», - նախանշում է «Իրավունք» թերթը: -«Կնճռոտ կարող է լինել թերեւս միայն Րաֆֆի Հովհաննիսյանի ու գուցե Ռոբերտ Քոչարյանի տեղեկանքների հարցը... Բոլոր դեպքերում Րաֆֆի Հովհաննիսյանի պարագայում իշխանությունները առնչվելու են սկանդալների հետ, սակայն այդ խնդիրները առաջանալու են ոչ թե հիմա, այլ հունվարի սկզբներին՝ թեկնածուների պաշտոնական գրանցման փուլում»: Իսկ մինչ այդ, «Իրավունք»-ի բնորոշմամբ, «նախընտրական դիմահարդարման ժամանակներ են», երբ յուրաքանչյուր թեկնածու ձգտելու է Ամանորի տոնական մթնոլորտում լավագույնս ներկայանալ ընտրողներին:

«Օրրան» թերթի մեկնաբանի ձեւակերպմամբ, «քաղաքական կարուսելի բոլոր ձիուկները գտել են իրենց տերերին եւ վճռական մեկնարկից առաջ փորձնական վազքի շրջանն են բոլորում՝ պարզելու իրենց եւ իրենց հանդիսատես-ընտրողի իրական հնարավորությունները»: Առավել սեւեռվելով իշխանության ճամբարի հավանական բացերի վրա, մեկնաբանը մասնավորապես նշում է. - «Նախագահն առավել մեծ ու առավել անհաշտ ընդդիմություն ունի սեփական շքախմբում: Նրա հենարաններին միավորողը բոլորովին էլ հայրենիքի ու ժողովրդի համար ինչ-որ բան անելու մտահոգությունը չէ, այլ սեփական առկա եւ ապագա իշխանության պահպանման ու վերարտադրության մտահոգությունը»: Ընդհանուր առմամբ, «ընտրությունները ուղեկցվելու են հասարակական կյանքի բեւեռացումով ու իրավիճակի սրմամբ, ինչը կարող է արագ լիցքաթափում պահանջել՝ արդեն 2004-ին դառնալով արտահերթ ընտրության պատճառ», - զարգացնում է «Օրրան»-ի մեկնաբանը:

«Իր նենգությամբ բացառիկ արարք գործեց օրերս Արտաշես Գեղամյանը», - մյուս կողմից ծանրացել է «Հայոց Աշխարհ» թերթը: - «Դեկտեմբերի 20-ին «Իզվեստիա» թերթում հրապարակված Գեղամյանի հոդվածում Հայաստանի հասցեին ստի ու զրպարտանքի դոզան անցավ բոլոր թույլատրելի չափերից»:

«Հայոց Աշխարհ»-ում այսօր ներկայացվող Սուրեն Զոլյանի քաղաքական վերլուծությամբ, հիմա միակ հարցը, որ կարող է քննարկման դրվել այն է, թե Ռոբերտ Քոչարյանը վերընտրվելու է առաջի՞ն փուլում, թե՞ երկրորդ: «Կարծես ընդդիմադիր ուժերն անում են ամեն ինչ, որ ընտրություններում Ռոբերտ Քոչարյանի հաղթանակը ապահովվի հենց առաջին փուլում», - ասում է նա: - «Ընդդիմության ստեղծած թեկնածուական խայտաբղետ վիճակը միայն խառնաշփոթ է ստեղծում ընտրողների մոտ: Եվ մարդիկ, գլուխ չդնելով տարբեր ծրագրերի ու հայտարարությունների հետ, վերջիվերջո, կքվեարկեն այն թեկնածուի օգտին, որն իրենց համար հասկանալի ու կանխատեսելի է»: Միաժամանակ, Զոլյանը չի կարծում, թե Ռոբերտ Քոչարյանի վերընտրվելու դեպքում կլինեն արմատական փոփոխություններ. - «Զարգացումների արագությունն ապահովելու համար նախ պետք է փոխվի կառավարման համակարգը, քանզի ունենք, մի կողմից՝ պետական կենտրոնացված կառավարման, մյուս կողմից՝ շուկայական տնտեսության մի անհասկանալի խառնուրդ: Այդ պայմաններում, եթե անգամ բոլոր պաշտոնյաները պարկեշտ լինեն, միեւնույն է, նման համակարգը դանդաղաշարժ է: Բացի այդ՝ համակարգը պետք է պարզեցվի: Հայաստանի համար չինովնիկության այսքան հսկայական բանակ անհրաժեշտ չէ»:

«Առավոտ» թերթի խմբագրականը մատնանշում է, որ նախագահ Քոչարյանը հաճույքով շփվում է միայն իրեն համակրող թերթերի հետ, քանզի նման դեպքերում իրեն անհարմար դրությամբ մեջ դնող որեւէ հարց չի ուղղվում: «Գոլոս Արմենիի» թերթում ներկայացված վերջին հարցուպատասխանի առիթով «Առավոտ»-ը առանձնացրել է. - «Ընթերցողներից եւ ոչ մեկը չհարցրեց, թե ինչպես է բացվող աշխատատեղերի քանակը հարաբերվում պաշտոնական իսկ տվյալներով աճող գործազրկության հետ: Ոչ ոք չհետաքրքրվեց, թե ինչ կարծիքի է նախագահը կոռուպցիայի՝ մասնավորապես, դրոշը համբուրող պանծալի չեկիստներ Կառլոս Պետրոսյանի եւ Արմեն Ավետիսյանի դղյակների մասին: Եվ ինչու են տնտեսության եկամտաբեր ոլորտները գտնվում պալատական բիզնեսմենների հսկողության տակ, ու հետեւաբար՝ ստվերում... Ստացվում է, որ այսօրվա դրությամբ ամենահրատապ հարցերը մեր քաղաքացիները համարում են, ասենք, Հայաստանի խուլերի ընկերության բնակմակերեսի լուծման կամ հայագիտության ոլորտում մրցանակներ շնորհելու խնդիրները»: «Առավոտ»- ամփոփմամբ, ցավալին այն է, որ «նախագահն իրոք կարող է մտածել, թե ինքը պատասխանում է ամենացավոտ եւ ամենահրատապ հարցերին։ Եվ որ «ուղիղ գծից» այն կողմ էլ հետաքրքրող հարցեր չկան։ Իսկ եթե կան էլ, ապա միայն ընդդիմության երեւակայության արդյունք են»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG