Մատչելիության հղումներ

Պաշտոնապես հայտարարվեց Ժողովրդահայրենասիրական ուժերի դաշինքի ստեղծման մասին


Ընդդիմադիր միավորման կազմից երեք ձախ կողմնորոշման ուժերը՝ Հայաստանի կոմկուսը (ՀԿԿ), «Ազգային միաբանություն» կուսակցությունը եւ «Սոցիալիստական Հայաստան» միավորումը երկուշաբթի օրը պաշտոնապես հայտարարեցին Ժողովրդահայրենասիրական ուժերի դաշինքում միավորվելու մասին: Նորաստեղծ դաշինքի ղեկավարները պնդեցին, թե այն (դաշինքը) ուժեղացնում է ընդդիմությունը:

Այսօր հստակ հնարավոր է պատասխանել միայն մեկ հարցի. մինչեւ հունվարի երկրորդ կեսը ընդդիմության միասնական թեկնածուի շուրջ որեւէ կոնկրետ հայտարարություն չի լինի, նույնը՝ այսօր պաշտոնապես հայտարարված դաշինքի միասնական թեկնածուի մասին: Դաշինք կազմած բոլոր ուժերը առաջադրել են նախագահի իրենց թեկնածուներին:

Չնայած այսօրվա ասուլիսից էլ նույնիսկ կարելի է եզրակացնել, որ դաշինքի երեք ուժերի առաջադրած թեկնածուների մեջ լիդերը Արտաշես Գեղամյանն է: Ընդիմադիր 16-ի ներսի առավել սերտ երեք դաշնակիցները այսօր հայտարարեցին նաեւ, թե դաշինքի ստեղծումն ուժեղացնում է ընդդիմությունը: Ինչպես «Սոցիալիստական Հայաստան» միավորման առաջադրած թեկնածու Գառնիկ Մարգարյանը ձեւակերպեց՝ ոչ թե ցանկություն է, այլ որոշում, որ
«տասնվեցի շրջանակներում է, որ գնալու ենք միանական թեկնածուի, տասնվեցի շրջանակում է, որ ձեւավորվելու է Ազգային համաձայնության կառավարություն»:

«Եթե այս դաշինքը նպատակահարմար գտնի, որ անցողիկ են տասնվեցի այլ թեկնածուներ, պարտքս կհամարեմ զորավիգ լինել», - խուսափելով ուղիղ պատասխանից՝ այսպես արձագանքեց Արտաշես Գեղամյանը հարցրին, թե պատրա՞ստ է զիջելու Ստեփան Դեմիրճյանի օգտին:

Արտաշես Գեղամյանը համոզված է, թե իրենք կստեղծեն ազգային համաձայնության եւ համերաշխության կառավարություն, որում կընդգրկվեն ընդդիմադիր դաշինքում ներգրավված գործիչները. թե' այնպիսիք, որոնք Արեւմուտքի հետ ավելի սերտ համագործակցության աջակից են, թե նրանք, ովքեր Ռուսաստանի հետ ամենասերտ կապերի ջատագով են:

«Պարոն Քոչարյանը բացարձակապես սպառել է իրեն», - համոզված է Արտաշես Գեղամյանը: - «Ստեղծված իրավիճակում իրեն չի կարող օգնել անգամ Սերժ Սարգսյանը եւ բոլոր մնացած պատժիչ մարմինների ղեկավարները: Մենք կպարտադրենք, որ իրենք ենթարկվեն ժողովրդի կամքին, եւ այդ ուժը մենք ունենք»:


Ռուզաննա Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG