Մատչելիության հղումներ

Հրանտ Մաթեւոսյանի աճյունը ամփոփվեց հայոց մեծերի պանթեոնում


Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին այսօր երկրորդ անգամ օծվեց անցած դարի մեծագույն հայ արձակագիր Հրանտ Մաթեոսյանի հոգեհանգստի արարողությամբ: Այստեղ էին այսօր Հայաստանի ներկա եւ նախկին իշխանությունների բոլոր գործիչները, ողջ մշակութային ու քաղաքական վերնախավը:

«Որբացանք», - ասաց հոգեհանգստի բազմահազար մասնակիցներից մի կին: - «Հրանտ Մաթեւոսյանը իրոք այն եզակի մտավորականներից էր, որի խոսքին դեռ սպասում էինք: Չեմ ուզում անուններ տալ, բայց շատ արժեքներ վերարժեքավորվեցին վերջին տարիներին, եւ Մաթեւոսյանի միակ արժեքն էր, որ մնաց իր վեհ լռությամբ: Անգամ իր լռությամբ ամոքում էր»:

Բանաստեղծ Ռազմիկ Դավոյանի համար՝ «իր գնալով իմ ազատության, ապահովության մասը կորավ»:

«Հրանտի ամբողջ գործունեությունը դա հայ ժողովրդի հպարտությունն է», - ասաց դերասան Լեւոն Թուխիկյանը: Խորեն Աբրահամյանը հավելեց. - «Հրանտ Մաթեւոսյանի կորուստը վերաբերում է ոչ միայն մեզ՝ հայերիս, այլ ընդհանրապես վերաբերում է մարդկության մեծ գրականությանը: Մեր հազվագյուտ մեծերից էր»:

«Հրանտ Մաթեւոսյանը մի նոր ինքնաճանաչման դուռ բացեց այսօր ապրող հայերի համար, եւ նրա գրականության միջով անցնում է մեր երկրի անհանգիստ ճիղը», - ասաց Հայաստանի գրողների միության քարտուղար Դավիթ Մուրադյանը:

Հրանտ Մաթեւոսյանի աճյունը թաղվեց Կոմիտասի, Իսահակյանի, Պարույր Սեւակի, Համո Սահյանի, հայ մշակույթի մյուս մեծերի կողքին:


Գայանե Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG